Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ` նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը. այս ամսին հայտնում է Գյուղնախարարության մամլո խոսնակ Անի Սմբատյանը:
Իրավիճակի մասին նախնական տեղեկատվությունը, ըստ նախարար Սերգո Կարապետյանի, ինքը և նախարարության պատասխանատուները ստացել են նախօրյակին, աղետից անմիջապես հետո, առավել տուժած համայնքներ այցելելու ժամանակ։
Վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվեց աշխատանքային շտաբ առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանի գլխավորությամբ։ Փոխնախարարների գլխավորած մասնագիտական խմբերը, այս և հետագա օրերին, ԳԱՄԿ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ կլինեն տուժած տնտեսություններում և համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին՝ առաջին անհրաժեշտության աշխատանքների կազմակերպման գործում։
Նախարարի կարգադրությամբ այսօր կճշգրտվեն հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական ծավալները անհրաժեշտության դեպքում տուժած տնտեսություններին տրամադրելու համար։