«Մուրադը կատաղել էր». ինչու էր վրդովվել Հովիկ Աբրահամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, հարց ներկայացնողներին նկատողություն է տվել: Ավելին՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի ներկայացրած հարցը չի հաստատել ու բարկացել է թերի նախագծի համար:

Նիստի ժամանակ ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Վ. Տերտերյանը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկվում էր հայտարարված մրցույթների արդյունքում տնտեսված 8.4 մլն դրամը ուղղել Արմավիրի մարզպետարանի՝ էլեկտրաէներգիայի ձեւավորված պարտքի մարմանը՝ հայտարարելով, որ ամռանը նորմայից ավելի շատ օդորակիչներ են օգտագործվել: ,Սա չեմ ստորագրելու, մինչեւ հիմնավորումը չլինի, ի՞նչ է նշանակում՝ լրացուցիչ օգտագործել են: Ինչի՞ համար են օգտագործել, պիտի հիմնավորի. 500 հազար դրամ չէ, 300 հազար դրամ չէ, 7 մլն 700 հազար դրամ է: Եթե տնտեսված փող կա, չի նշանակում՝ մենք պետք է այդ փողերը բաժանենք այս կամ այն կողմ, պիտի հիմնավորում լինի: Մինչեւ հիմնավորում չներկայացնի մարզպետը, սա չենք ստորագրելու, եւ նաեւ պիտի բացատրություն տա, թե ինչի՞ համար է այդքան ծախսվել, ուրիշ մարզպետարաններում, նախարարություններում չկա՞նե,-վրդովված հայտարարել է վարչապետը:

ՀՀ ԳՆ առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն էլ ներկայացրել է, որ ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել 453 գլուխ տոհմային երինջներ. «Հաշվի առնելով, որ երինջների ներմուծումը նախատեսված է իրականացնել ձմեռային ամիսներին, ինչը ռիսկային է, առաջարկվում է ներկրումն իրականացնել 2016թ. ապրիլ-մայիսին, ինչի համար անհրաժեշտ է երինջների գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ ապրանքների մատակարարման վերջնաժակետը սահմանելով մինչեւ 2016թ. մայիսի 30-ը»,- ներկայացրել է Բաղիյանը: Վարչապետը հարց է ուղղել, թե ինչու մինչ այս չեն ներկրել, ինչին փոխնախարարը պատասխանել է, թե մրցույթն անցկացրել են նոյեմբերի վերջին, իսկ դեկտեմբերին արդեն եղանակային պայմաները լավ չեն եղել:

Վարչապետը կրկին բարկացել է, թե ինչի՞ համար են այդ ժամանակ անցկացրել: Գ. Բաղիյանը հայտարարել է, թե այս տարի 2 անգամ են մրցույթ իրականացրել, մի անգամ գարնանը, երբ ներկրվել է 257 գլուխ, մուսն էլ` նոյեմբերին. «Գրավոր բացատրություն կներկայացնեք, եւ պիտի նաեւ պատասխանատվություն կրեն այն մարդիկ, ովքեր ուշացրել են»,-վրդովված նշել է վարչապետը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2016-2017թթ. ԱՆ կողմից պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, ինչպես նաեւ նախազորակոչիկների եւ զորակոչիկների համար պատվաստանյութերի եւ պատվաստումների օժանդակ պարագաների գնումներն իրականացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից: Այս անգամ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ արժեք է ունենալու պատվաստանյութն այլ ընկերությունից ձեռք բերելու դեպքում: Սակայն Ա. Մուրադյանը շրջանցել է հարցի պատասխանը, ինչին եւս վարչապետի արձագանքը չի ուշացել. «Իմ հարցին չպատասխանեցիք: Իմ հարցի պատասխանը կտաք հետո»,-եզրափակել է վարչապետը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս