ՈԻ՞Մ ՋԱՂԱՑԻՆ ԵՆ ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ ԱՎԵԴԻԿՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եթե թերթատենք  անգամ 100 տարի առաջվա մեր արևելահայ ու արևմտահայ պարբերական մամուլը, ապա օրաթերթերի յուրաքանչյուր համարում անպայման կգտնենք  մշակույթի, մասնավորապես թատերական աշխարհում   տեղի ունեցող երևույթների մասին առնվազն մի քանի թերթերում հոդվածներ, գրված թատերագիտական, երաժշտագիտական և  մշակութաբանական տարբեր մոտեցումներով։ Քննադատական  միտքը համաչափ ընթացել ու ուղեկցել է արվեստների զարգացմանը։ Իսկ այսպիսի ավանդույթը միտված է եղել միայն հօգուտ  մեր ժողովրդի բազմակողմանի  տաղանդի զարգացման։ 
Բնականաբար որևէ ներկայացման մասին  մանրամասն  հոդվածներն արտահայտել են  և դրական, և մերժողական, ինչպես նաև խորհրդատվական վերաբերմունք։ Նման վերաբերմունքն իրական արվեստի ու նրա  գործիչների համար  զարգացման կարևոր  խթան է հանդիսացել ու այսօր էլ շարունակում է հանդիսանալ քաղաքակիրթ հասարակություններում։ Ինչպե՞ս  եղավ, որ  ավելի քան երկու տասնամյակ է, այս ձայնը լռել է։ Կորա՞ն մեր արվեստաբանները, երաժշտագետները, գրականագետները, սրտացավ հանդիսականը… Կարծես թե անապատում ենք հայտնվել։ Ո՛չ  հրաշալի, և ո՛չ էլ  ներկայացում հիշեցնող միրաժների մասին ոչ մի տող  չենք գրում, չենք խոսում, չենք հիանում ու կարեկցում։ Իսկ եթե հանկարծ ժամանակ առ ժամանակ ազնիվ   մտահոգության արդյունք բռնկումներ են լինում մամուլում, ապա  այն “մաքառող միջակության” կողմից ինքնապաշտպանական մի այնպիսի  սվինների ես հանդիպում, որ   միայն ապշել կարելի է, թե ու՞ր  և ի՞նչ մակարդակի է հասել մեր “արվեստը”։  
Պաշտպանվելու միակ ճանապարհ են ընտրել հարգարժան  մարդկանց պիտակավորելու, իրենց կարգին սպառնալու տակտիկան, ստալինյան ժամանակները մտաբերելով ու զուգահեռներ անցկացնելով։  Անգամ ներկայացումը չնայած հաղորդավարներն ու հաղորդման մասնակիցներից ոմանք հեռուստաէկրանից “խորհուրդ են տալիս” չգրել, չգրել, չգրել…, մանավանդ ղեկավարությանը։ Չէ ՞ որ մենք գերմանացիներ չենք, որոնք օրերս  հանդիսականի, քաղաքապետի և կառավարության մակարդակով արգելեցին  և խաղացանկից դուրս շպրտեցին Վագների “Տանհոյզեր”-ի դյուսելդորֆյան մոդեռն ներկայացումը։ Այն ևս ավեդիկյանական  “Անուշ”-ի նման փորձարարական անհաջող մոդերնիզմի զոհերից էր դաձրել։ 
Ավելին, “հանցավոր բեմադրիչը”, Բուրկհարդ Կոսմինսկին   որ “արդեն ժողովրդին էր թողել” իր  բեմադրությունը, ստիպված է վերադարձնել ծախսված միջոցները։ Այ ժողովուրդ…,  որն իր ղեկավարության  մակարդակով տեր է կանգնում  և չի թույլատրում պղծել  իր ազգային մշակութային արժեքները։ Սա՞  էլ կապ ունի ստալինյան  ժամանակների նրանց մտաբերման հետ։ 
Չմոռանանք ռուս մտավորականության ընդվզումը վերջերս Մեծ թատրոնում Չայկովսկու հայտնի օպերայի մոդերն բեմադրության առիթով։
 
Տեղին  հիշվեց նաև  Կարեն Դեմիրճյանի կողմից “Պեպո”-ի բեմադրության արգելելը։ Աճեմյանական բեմադրության մեջ գլխավոր հերոսի կերպարը  հանճարեղ մարմնավորած ականավոր դերասանը ցանկացել էր սեփական  մոտեցումներն արտահայտել  իր բեմադրած պիեսը նոր ժամանակներում տեսնելով։  Այս անգամ բեմադրիչը զիջել էր  աճեմյանական  Պեպոյին։ Այո, արվեստների հովանավոր ու գիտակ երկրի առաջին քաղաքական այրի մակարդակով այս սխալը կյանք չունեցավ (ԱՌԱՎՈՏ, 1.05.2013, էջ 6, Սամվել Դանիելյան, Ավեդիկյանը խմբագրել է 100-ամյա “Անուշը”)։ 
Սա  հիշեցնում է նաև այն, որ երբեմն տաղանդավոր կոմպոզիտորներ,  երգիչներ, արվեստագետներ փորձում են   դիրիժորական փայտիկը վերցնել ու կանգնել նվագախմբի առջև։ Որպես կանոն,  շատ քչերին է հաջողվում  չպսակազերծել հայտնի ու բարի համբավը։ Լավագույն փիլիսոփայությունն այս առթիվ՝ “ամեն մեկն իր իմացած գործով պիտի զբաղվի” նշանաբանն է։ 
Միթե խղճի խայթ  չեն ունենալու, որ մի հյուրախաղի պատճառով պիտի խայտառակեն և իրենց, և  մեր մշակույթը, էլ չեմ ասում    Տիգրանյանի ու Թումանյանի ժառանգությունը։ Ֆրանսիան չի փախչի, գուցե  այնտեղ գնալու ավելի բարոյական ուղի ընտրվեր։ Միևնույնն է, հյուրախաղերի մասին  վարձու հոդվածները (այստեղի օրինակով), հնարովի պատմությունները “մեծ հաջողության” մասին ի վերջո հօդս են ցնդում մեր հայրենակից հանդիսականների առաջին իսկ Երևան զանգահարությունների հետ՝  “ամոթ չի՞ գաք մեզ խայտառակեք…”։
        
Մի քանի տարի առաջ թատրոնների  գեղարվեստական խորհուրդների  հանցավոր ոչնչացումն այսօր մեզ այս տխուր փաստի առաջ է կանգնեցրել։  Արվեստի  ոչ մի քննադատ ոչ միայն չի ուզում խոսել, գրել, այլև փիլիսոփայաբար որոշում է ընդունել չայցելել  թատրոններ, ցուցասրահներ  ու չնյարդայնանալ։ Միևնույնն է՝ գերիշխում է  հովանավորյալ տգիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, “մաքառող միջակությունը” ։ 
 
Ադրբեջանցի մեր հարևանները “Հայկական օպերան և պատմության զեղծարարության փաստերը” վերնագրով ինտերնետային կայքում գրում են, որ 

XX դ. սկզբին հայ երաժշտաբեմական ստեղծագործություն չի եղել։ Եթե իհարկե նկատի չունենանք Արմեն Տիգրանյանի “Անուշ” օպերան, որը ներկայացվեց Ալեքսանդրապոլում  1912թ. սիրողական ուժերով, 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբով։ Ահա թե ինչու։ 
1959թ. հրատարակված “Երաժշտական հանրագիտարանում” առաջին հայկական օպերան համարվում է “ժողովրդա-կենցաղային”, ավելի ստույգ՝  “իր սկզբնական վիճակում այն ոչ թե  ավանդական հասկացությամբ օպերա է եղել, այլ՝ թատերական ներկայացում, զարդարված մի քանի ժողովրդական երգերով։  

“Օպերային լիբրետոներ” (1962թ., ռուս.) գրքում նշվում է, որ “Անուշ” օպերայի ստեղծումը եղել է Ա.Տիգրանյանի վաղեմի երազանքը։ Սակայն  չի կարելի չնշել այն փաստը, որ այս սյուժեի հիման վրա երկար աշխատել է հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը։ Սպենդիարյանը ևս մերժել է Թումանյանի կողմից   իր պոեմի հիման վրա օպերա գրելու առաջարկը։ Այսպիսով “Անուշ”ի սյուժեի հիման վրա եղած երաժշտական ձևավորման բազմակի անդրադարձները ակնհայտորեն փաստում են Արմեն Տիգրանյանի “Անուշ” օպերայի   նախնական վիճակում եղած մակարդակը”։

Մենք բոլորովին էլ չենք պատրաստվում մեկնաբանել հայ երաժշտական մշակույթի ձևավորման ավանդույթները, ինչպես նաև հայ եկեղեցական գործիչների կողմից այս ավանդույթը լոկ հայ մոնոդիկ երաժշտության ուղով զարգացնելուն միտված ջանքերը։ Բնականաբար նաև այն շրջանցողների նկատմամբ դրսևորած դիմադրությունը։ 
Մենք ստիպված ենք նշելու,  որ իսկապես այդ տարիներին Կոմիտասի, Նիկողայոս Տիգրանյանի, Մակար Եկմալյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի և հայ  մյուս կոմպոզիտորների  մեծ ֆորմատի ստեղծագործություններ ստեղծելու  փորձերն ավաղ մնացել են որպես լոկ բարի ցանկություններ։
1912թ. Ալեքսանդրապոլում սիրողական ուժերով ներկայացված “Անուշ”ի բեմելը բաղկացած է եղել  4 գործողությունից և 7 պատկերներից։ Լիբրետոյի հեղինակը եղել է Արմեն Տիգրանյանը, իսկ գործիքավորումը կատարել է 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբի ղեկավար Բուրկովիչը։ 
Արմեն Տիգրանյանի և  Ս.Շաթիրյանի կողմից վերախմբագրված 5 գործողությամբ և 7 պատկերներից և վերջերգից (էպիլոգ) բաղկացած օպերան դիրիժոր Գ.Բուդաղյանի մեծ ջանքերի շնորհիվ   վերագործիքավորվել է, հարմարեցվել սիմֆոնիկ մեծ նվագախմբի հնարավորություններին համապատասխան։ Հենց Գ.Բուդաղյանն էլ 1935թ. մարտի 27-ին ղեկավարել է “Անուշ”ի պրեմիերան։ Նույն խմբագրման վերջնական տարբերակը կոմպոզիտոր Անուշավան Տեր Ղևոնդյանի կողմից հարստացվել է և 1939թ. հոկտեմբերի 22-ին ներկայացվելով Հայ մշակույթի տասնօրյակի օրերին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ բուռն ու խանդավառ ընդունելության է արժանացել։
1950թ. ապրիլին, Արմեն Տիգրանյանի մահվանից մեկ ամիս անց կայացել է օպերայի նոր բեմադրությունը մեծահամբավ Արմեն Գուլակյանի  կողմից։ Դիրիժորական վահանակի մոտ է եղել  ականավոր մասետրո Միքայել Թավրիզյանը։ 
1956թ. ևս մեկ նոր, առավելագույնս հղկված բեմադրություն Արմեն Գուլակյանի կողմից։ Նույն թվականին այն Հայ մշակույթի տասնօրյակի օրերին դիրիժոր Ռուբեն Ստեփանյանի ղեկավարությամբ Մոսկվայի Մեծ թատրոնում անասելի մեծ հաջողություն է ունեցել, ցնցելով խորհրդային երկրի մայրաքաղաքի  արվեստասեր հասարակայնությանը։ Հետագայում, նվագախմբի գործիքավորման հարստացման մեջ իր ավանդն է ունեցել նաև Բորիս Սակիլլարին։
“Անուշ” օպերան իր վերելքի հաղթարշավը շարունակել է  Թումանյանի 100-ամյակի առթիվ կատարված աճեմյանական հրաշալի ներկայացմամբ, որը 1969թ. Օհան Դուրյանի ղեկավարությամբ Մոսկվայի Համագումարների պալատի դահլիճում  բուռն հաջողություն է արձանագրել։ 
1994 թ. օպերայի զարգացման ճանապարհը շարունակում է Տիգրան Լևոնյանի բեմադրությունը։ Այն հաջողությամբ ցուցադրվում է  ԱՄՆ-ում և Մոսկվայում։
Հետագայում ներկայացումը 2004թ. բեմադրվել է երգիչ Գեղամ Գրիգորյանի կողմից։ 
Այսպիսով, նման փառավոր զարգացման ուղի անցած “Անուշ” օպերայի ներկայացումը, որի պատմությունը միահյուսված է մեր բեմարվեստի  պայծառ անունների, երաժշտական մշակույթի աստղերի հետ՝ այսօր վերադառնում է   “Ոսկե ձկնիկի” պառավի հին տաշտակին, ապացուցելու ոչ թե մեր ժողովրդի հանճարեղ ոգու գոյատևումն ու զարգացումը, այլ՝ ադրբեջանական հանրագիտարանային բարբաջանքները։  
Օպերային մշակույթի ավանդույթներին անտեղյակ վավերագրող Սերժ Ավետիքյանը արդյոք ի՞նչ նպատակ է հետապնդում սևագրությունների մեջ իր պեղումներով։ Սևագրություններին կարելի է անդրադառնալ, եթե տվյալ գործի  արդեն մշակված տարբերակները ոչնչացել են, կորել և մնում է միայն այս ճանապարհով այն վերականգնել։ Ու՞մ ջրաղացին են ջուր լցնում Ավետիքյանն ու նրա համախոհները։ 
Ավեդիկյանական ջատագովների կեցվածքը փաստում է, որ նրանց չի հուզում ազգային մշակութային արժեքների խնդիրը։  Նրանք ոչ թե փորձում են  փրկել, շտկել իրավիճակը, այլ ամբողջ ուժով աշխատում են  իրենց անորակ ներկայացման համար մեղադրել  դիմացինին, շրջել հարցի էությունը, խնդիրը անձնական վիրավորանքների դաշտ տեղափոխելով։ Սա չափազանց ցավալի փաստ է։
Ամենաթողության, անարխիայի այս մթնոլորտը  ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։  Հարկ է, որ տեր կանգնենք մեր ժողովրդի ստեղծած  գոհարներին՝ Նախագահից մինչև  պարզ հանդիսատես։ 
ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Դիրիժոր




Լրահոս