Այսօր հայ երգահան Արմեն Տիգրանյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանի ծննդյան օրն է: Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912) և «Դավիթ-Բեկ» (1950) օպերաները։

Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ 1894 թ-ին Տիգրանյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս։ 1902 թ-ին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից։ Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում։ Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (Ավետիք Իսահակյանի խոսքերով), «Սիրտ իմ լռիր», «Մնաք բարով» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները։

1908 թ-ին Տիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի), որը հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական նոր ուղղության։ Նույն թվականին օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում։ «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1912թ. Ալեքսանդրապոլում։ Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է «Անուշ» օպերային. կատարել է որոշ փոփոխություններ, հավելումներ, վերանայել է գործիքավորումը։

Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935-ին, իսկ 1939-ին ներկայացվել է Մոսկվայում՝ հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ Օպերան աչքի է ընկնում ժողովրդական տոների և ծեսերի վառ ու գունեղ տեսարաններով, քնարական երգերով, զուգերգերով ու խմբերգերով։ Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիները տարածվել են և ըստ էության դարձել ժողովրդական։

1913 թ-ից Տիգրանյանը բնակվել է Թիֆլիսում. մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության (1912–21 թթ.) աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով։ Կոմպոզիտորը գրել է նոր ստեղծագործություններ. երաժշտություն՝ «Լեյլի և Մեջնուն» դրամայի (բեմադրվել է 1918-ին, Թիֆլիսում), «Արևելյան պար»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։

Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին կոմպոզիտորը գրել է հայրենասիրական երկեր, «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, և պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու), որը գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ նոր քայլ էր ազգային օպերային արվեստում։ Օպերան հարուստ է գեղջկական, քաղաքային, գուսանական և հոգևոր երաժշտության տարրերով։ Տիգրանյանն օպերան ավարտել է 1949-ին, սակայն «Դավիթ Բեկի» առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950-ին՝ կոմպոզիտորի մահվանից հետո՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնում։

Տիգրանյանը գրել է երաժշտություն նաև թատրոնի համար (Տիգրան Հախումյանի «Խավարի ճանկերում», Արմեն Գուլակյանի «Արշալույսին», «Գիքոր», «Մի կաթիլ մեղր» (երկուսն էլ՝ ըստ Հովհաննես Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի), «Նամուս» (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի), «Սամվել», «Դավիթ Բեկ» (երկուսն էլ՝ ըստ Րաֆֆու) և այլն), հայերեն է թարգմանել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» և Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները։

Տիգրանյանի անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է տուն-թանգարանը։

Արմեն Տիգրանյանը թաղված է Երեվանի Կենտրոնական Գերեզմանոցում, ավելի հայտնի Թոխմախի գերեզմանոց անվամբ։ Ըստ hush.am կայքի` նա թաղված է Ելիզավետա Արիստակեսյանի և Վարդան Տիգրանյանի հարևանությամբ




Լրահոս