Արդյունավետ աշխատանքի հաճելի պտուղները. «Ժողովուրդ»-ը հասել է խնդիրների լուծման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը, ավանդույթի համաձայն, տարեվերջյան իր համարում ներկայացնում է տարվա ընթացքում մեզ դիմած բազմաթիվ քաղաքացիների ահազանգերի հետքերով արած մեր հրապարակումների արդյունքները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր այն մասին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, մասնավորապես հավաքականներում ընդգրկված շախմատիստների հունվար եւ փետրվար ամիսների վճարումները սովորականից էականորեն պակաս են եղել: «Ժողովուրդ»-ին այս հարցի շուրջ շախմատի ֆեդերացիայից պարզաբանեցին, որ չվճարված գումարները եղել են շախմատիստներին տրվող դրամական «օգնությունները», եւ դրանք կապ չունեն նրանց աշխատավարձերի հետ: Սակայն հրապարակումից հետո շախմատիստներին տրամադրել էին իրենց հասանելիք դրամական օգնությունները:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմել էր ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղի մի բնակիչ, որի պատմելով՝ իրենց գյուղապետ Սարգիս Խաչատրյանի որդին արդեն մի քանի տարի է, ինչ համայնքին պատկանող աղբատար ավտոմեքենան օգտագործում է սեփական կարիքների համար՝ գումար վաստակելու նպատակով: Մասնավորապես, խաղողի բերքահավաքի ժամանակ գյուղապետի որդին աղբատար ավտոմեքենայով գյուղացիների խաղողն է տեղափոխում վերամշակող գործարաններ՝ դիմացը պահանջելով 20-30 հազար դրամ: Մեր հրապարակումից հետո աղբի մեքենան այլեւս ծառայում է բացառապես իր նպատակին` իրականացնելով համայնքի աղբահանումը:
«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող իրավիճակին: Ու որքան էլ այնտեղ ղեկավարներ են փոխվում, միեւնույն է, իրավիճակը շարունակում է նույնը մնալ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ աշխատակիցների աշխատավարձերն անսպասելիորեն կրճատել էին, ինչը դժգոհության առիթ էր դարձել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, որը հայտնել էր, թե սխալ հաշվարկ է եղել: Արդյունքում` մեր հրապարակումից որոշ ժամանակ անց աշխատակիցների չվճարված աշխատվարձը վճարվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Դավիթ Անհաղթ» պոլիկլինիկայի աշխատակիցներին տնօրինությունը հրաժարվել էր վճարել հունվարի աշխատավարձը: Այդ մասին խմբագրություն էին ահազանգել պոլիկլինիկայի աշխատակիցները: Նշենք, որ պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ասել էր, թե պոլիկլինիկան ունի պարտքեր՝ գազի, լույսի: Հրապարակումից հետո պոլիկլինիկայի աշխատակիցները հայտնեցին, որ տնօրինությունը վճարել է հունվարի աշխատավարձը: Սակայն դեկտեմբերի աշխատավարձը դեռեւս չեն վճարել: Ըստ աշխատակիցների՝ պոլիկլինիկայի տնօրինությունը խնդրել է իրենց աղմուկ չբարձրացնել, քանի որ ամեն ինչ անում են՝ աշխատավարձային պարտքը մարելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը բարձրաձայնել էր Ապարանի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ Հարություն Համամջյանի ծանր վիճակի մասին: Նա ունենալով բազմաթիվ հիվանդություններ եւ ապրելով, մեղմ ասած, վատ վիճակում՝ անտեսվել էր պոլիկլինիկայի տնօրինության կողմից: Նա նույնիսկ 40.000 դրամ պարտք ուներ դեղատանը: Իսկ «Ապարան» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը նրան չէր տրամադրում արյան գերճշման դեմ նախատեսված դեղամիջոցները: Մեր մի քանի հրապարակումներից հետո Հ. Համամջյանին օգնության ձեռք էր մեկնել ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, որը գումարով օգնել էր բնակչին: Որոշ ժամանակ անց նա Հ. Շմավոնյանից ստացել էր նաեւ իրեն հասանելիք դեղերը:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին դիմել Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի բնակիչները, որոնք խնդրում էին օգնել իրենց: Նրանց հարեւաններից մեկը, որն ապրում էր ծայրահեղ ծանր վիճակում, մահացել էր: «Ժողովուրդ»-ը դիմեց Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարան, ինչից հետո մահացածի հարազատներին թաղապետարանը տրամադրեց որոշակի օգնություն (սգո պարագաների եւ հուղարկավորության հարցում/:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մասիս քաղաքի բնակիչ Փայլակ Հարությունյանի տունը ամբողջությամբ այրվել էր՝ մնացել էին 4 պատերը, եւ նա օգնության համար դիմել էր Արարատի մարզի իշխանություններին: Հրապարակումից հետո Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը Հարությունյաններին տրամադրել էր 200.000 դրամ եւ տանիքի համար փայտանյութ:

«Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել Վարդենիս քաղաքի բժշկական ուսումնարանի ուսանողների ծնողները, որոնք բողոքում էին, որ բժշկական ուսումնարանի Սեւանի «մայր» քոլեջն անսպասելի կերպով փակել են, եւ, բնականաբար, փակվել է նաեւ Վարդենիսի մասնաճյուղը: Նրանք խնդրում էին, որ այն երեխաներին, որոնք այս տարի ավարտում են, թույլ տան իրենց բուհում հանձնել քննությունը եւ դիպլոմ ստանալ, քանի որ մնացել էր ընդամենը մի քանի ամիս: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո ԿԳՆ-ն որոշում կայացրեց, ըստ որի՝ Վարդենիսի՝ արդեն փակված բժշկական ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն Վարդենիսում, իսկ դիպլոմային քննությունները կհանձնեն Գավառի բժշկական ուսումնարանում՝ ստանալով պետական նմուշի դիպլոմ:

«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 24 շենքի 4-րդ բնակարանի 89-ամյա բնակիչ Արմեն Օսիպյանը, ում պատմելով՝ իրենց շենքում էլեկտրալարերի վնասման արդյունքում վթար էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով 7 ընտանիքին պատկանող տեխնիկան փչացել էր: Հրապարակումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն փոխհատուցեց քաղաքացիների կրած վնասները:

Իհարկե, սա ընդամենը մի մասն է այն ահազանգերի, որոնց հետքերով «Ժողովուրդ»-ը գնացել է եւ հասել խնդիրների դրական լուծման: Տարեվերջյան այս համարում մենք խոստանում ենք գալիք տարի եւս շարունակել հետամուտ լինել «Ժողովուրդ»-ին դիմած յուրաքանչյուր քաղաքացու բողոքին կամ ահազանգին: Մենք աշխատում ենք ձեզ համար, սիրելի՛ ընթերցողներ:




Լրահոս