Աղմկահարույց իրադարձություններ ՔԿՀ-ներում. Ֆրանսիայից Հայաստան թմրամիջոց է տեղափոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ Ֆրանսիայից թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր են Հայաստան տեղափոխել տվել:

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին մտել դիմակավորված մի խումբ անձինք, ստուգումներ իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սակայն ստուգումներն ուղեկցվել էին դատապարտյալների նկատմամբ բռնություններով, ինչն էլ մեծ աղմուկի առիթ դարձավ: Իրավիճակի շուրջ պարզաբանմամբ հանդես եկավ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը՝ ասելով, թե հարձակում չի եղել, այլ իրենք տեղեկություն են ստացել, որ խցերից մեկում անթույլատրելի առարկաներ են պահվում, եւ իրենց պարտականությունն է եղել ստուգել եւ հայտնաբերել այդ առարկաները:

Այս աղմուկից կարճ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը շուրջ 40 քաղաքացիներց տարբեր եղանակներով հափշտակություն է իրականացրել։ Ասել է թե՝ դատապարտյալը ՔԿՀ-ում գտնվելով՝ արտոնյալ կարգավիճակում բազմաթիվ քաղաքացիների «քցել է»:

Բայց պարզվում է` սա միակ աղմկահարույց դեպքը չէ, որ արձանագրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Դատելով ՔԿՀ-ներում ստեղծված իրավիճակից՝ կամաց-կամաց բացվում է կծիկը, եւ հասկանալի է դառնում, թե ինչու էին դիմակավորված անձինք ՔԿՀ-ներում ստուգումներ իրականացրել եւ իրականացնում: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի նոյեմբերի 11-ին նոր քրեական գործ է ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը: Տեղեկացանք, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Տիգրան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որոշել է Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող ծանոթների միջոցով այնպես անի` Ֆրանսիայից Հայաստան թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր տեղափոխի, իրացնի: Եւ որպեսզի այդ գործընթացում իր դերակատարումը հնարավորինս քողարկի, նոր գաղափար է մշակել: Նա դիմել է «Կոշ» եւ Արթիկի ՔԿՀ-ներում իր ծանոթներին՝ պահանջելով ֆրանսիայից ուղարկված թմրանյութերի ծանրոցները ստացող անձանց գտնել եւ նրանց բնակության հասցեները տրամադրել իրեն: Արդյունքում «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Ռուստամ Համբարձումյանը, Էդվարդ Պողոսյանը, Անդրանիկ Գրիգորյանը միացել են Հարությունյանին, որպեսզի «գործը գլուխ» բերեն: Անդրանիկը խնդրանքով դիմել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Գագիկ Մխիթարյանին` պատմելով ծրագրի մասին: Վերջինս էլ իր հերթին համաձայնել է օժանդակել տղաներին եւ որպես օգնություն տրամադրել է հարազատ քրոջ` Ռուզաննա Մխիթարյանի կենսորոշիչ տվյալներն ու հասցեն:

Իսկ հիմա ամենագլխավորը՝ ո՞վ պետք է թմրամիջոցը եւ հոգեմետ նյութերը Ֆրանսիայից ուղարկի Հայաստան, եւ, առհասարակ, ո՞վ պետք է ստանա ծանրոցները եւ հասցնի ՔԿՀ-ում գտնվող տղաներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքից տղաների թմրամիջոցն ու հոգեմետ նյութերը պետք է ուղարկեր այնտեղ բնակվող Արմեն Բոտոյանը, որը Տիգրան Հարությունյանի ազգական է:

Եվ, ահա, Ֆրանսիայի Լիոն քաղաքից փոստային առաքումով, մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ուղարկել 218 հատ ամբողջական եւ 5 հատ կոտրված դեղահաբեր, ընդհանուր 86.59 գրամ քաշով, որոնք պարունակում են առանձնապես խոշոր չափերով` 1.7318 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Բայց իրավապահները միջամտել են: Երբ այս գործում «Կոշ» ՔԿՀ-ի՝ ներգրավված դատապարտյալ Ռուստամ Համբարձումյանի ընկերուհին՝ Նաիրա Ալոյանը, որի անձնագրի տվյալներով Ֆրանսիայից ուղարկվել է նշված պարունակությամբ ծանրոցը, Արարատ քաղաք «Հայփոստ» բաժանմունքից ցանկացել է ստանալ այն, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է:

Քնար Մանուկյան




Լրահոս