Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու ՀՀ կառավարության պլաններն անվերադարձ տապալվե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին: 2013 թվականին Չինաստանի կառավարությունը հայտարարեց նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագիրը սկսելու մասին: Այս տարվա սեպտեմբերի վերջին արդեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չինաստան կատարած իր այցի ժամանակ մի քանի անգամ բարձրացրեց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցը:

Սակայն այս ելույթից ավելի քան երկու ամիս անց Չինաստանից դեպի Եվրոպա, այսինքն՝ նոր «Մետաքսի ճանապարհով» ընթացող առաջին գնացքը օրեր առաջ հասավ Թբիլիսի: Գնացքը անցել էր Ղազախստանի, Ադրբեջանի տարածքներով: Այն շարունակելու է իր ճանապարհը դեպի Սեւ ծով, այնտեղից լաստանավով հասնելու է Թուրքիա, ապա Եվրոպա: Եւ արդեն ակնհայտ է, որ Իրան-Հայաստան երկաթուղին նոր «Մետաքսի ճանապարհի» մեջ չէ:

«Ժողովուրդ»-ն այս խնդրի առնչությամբ հարցերով գրավոր դիմեց ՀՀ կառավարություն, որտեղից դրանք հասցեագրվել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն: Ի վերջո, «Ժողովուրդ»-ի հարցերին պատասխանել է ՏԿ փոխնախարար Արթուր Առաքելյանը:

-Արդյո՞ք ստեղծված իրավիճակը ենթադրում է, որ Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու ՀՀ կառավարության պլաններն անվերադարձ տապալվել են:

-Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ուղղությամբ ՀՀ կառավարության ծրագրերը չեն փոխվել. համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ են եւ շարունակվում են:

-Եթե ՀՀ կառավարությունը, այնուամենայնիվ, դեռեւս հույսեր է տածում, որ կկարողանա Իրան-Հայաստան երկաթուղի կառուցել, ապա կարո՞ղ եք նշել, թե ի՞նչ միջոցների հաշվին է պատրաստվում այդ անել:

-Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցների աղբյուրների վերաբերյալ առայժմ համաձայնություն ձեռք բերված չէ, սակայն այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում:

-Մասնավորապես եկող տարվա ընթացքում ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել` Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրն իրագործելու համար, եթե, իհարկե, նման ծրագրեր դեռեւս կան:

-Մասնավորապես եկող տարվա ընթացքում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի իրագործման նպատակով մի շարք հանդիպումներ-քննարկումներ են նախատեսվում օտարերկրյա ներդրողների, շինարարական կազմակերպությունների եւ պաշտոնյաների հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս