«Աշտարակ կաթ»-ը գյուղացիներին դեռ չի վճարել. պարտքի դիմաց պանիր են առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը դեռ չի վճարել գյուղացիներին չորս ամսվա մթերված կաթի դիմաց: Արդյունքում խոշոր տնտեսություն ունեցող ֆերմերները ընկերության ներկայացուցիչների հետ բանավոր զրույցներում առաջարկել են պարտքի դիմաց իրենց տալ «Լոռի» տեսակի պանիր:
Տեղեկացնենք, որ «Աշտարակ կաթ»-ը կաթնամթերքի շուկայում 46 տոկոս մասնաբաժին ունի եւ համարվում է գերիշխող դիրք ունեցող ընկերություն:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը պարտք է օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին մթերած կաթի գումարները: Պարտատերերի թվում են մասնավորապես Գեղարքունիքի մարզի Վահան, Ճամբարակ, Գետիկ, Մարտունի, Թթուջուր գյուղերի բնակիչները:

Ճամբարակի բնակիչներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Աշտարակ կաթ»-ը սովորոբար պատշաճ կարգով եւ ժամանակին վճարել է մթերված կաթի գումարները եւ երբեւէ չի ուշացրել: Սակայն այս տարի անհասականալի է, թե ինչու է ընկերությունը ուշացնում վճարումը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Աշտարակ կաթ» ընկերության հետ եւ հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ընկերությունը չի կարողացել ամբողջությամբ մարել մթերված կաթի դիմաց կուտակված պարտքը:

«Աշտարակ կաթ» ընկերության գործադիր տնօրեն Միքայել Ափյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ֆերմերներից մթերված կաթի գումարները կմարվեն մինչեւ տարեվերջ: Նրա խոսքերով, ամռան ամիսներին մթերվող կաթի քանակությունը միշտ ավելի շատ է լինում, քան ձմռան ամիսներին: Ավելցուկային կաթն ուղղվում է պանրի եւ չոր կաթի արտադրությանը, սակայն դրանց վաճառքն իրականացվում է հետագա ամիսներին:

Արդյունքում՝ ընկերությունում ժամանակավորապես առաջանում է շրջանառու միջոցների պակաս, եւ գոյանում է որոշակի պարտք:  «Պարտքը առաջացել է ամռան ամիսներին մեծ քանակությամբ կաթ մթերելու արդյունքում: Մյուս տարածաշրջաններում նույնպես այս խնդիրը եղել է: Բայց տեղեկացնեմ, որ որոշ տարածաշրջաններում 100 տոկոսով լուծված է այդ խնդիրը. պարտքն ամբողջությամբ մարված է: Եւ մյուս տարածաշրջաններում պարտքի փոքր քանակություն է մնացել մարել: Այնպես չէ, որ պարտքի մարումը դադարեցված է, այլ ամռան ամիսներից սկսած աստիճանաբար մարվել է: Ընդհանուր առմամբ՝ պարտքերի հետ կապված խնդիրը փոքր է: Նորից եմ կրկնում՝ պարտքն ամբողջությամբ մարվելու է մինչեւ տարեվերջ»,- հավաստիացրեց ընկերության գործադիր տնօրենը:

Հավելենք, որ որոշ ֆերմերներ ընկերությանը առաջարկել են պարտքի դիմաց պանիր տալ, որն իրենք սեփական միջոցներով կվաճառեն: Այս կապակցությամբ ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ընկերությունը չի վաճառում պանիրը, այլ պարտքի դիմաց այն բաժանում է.«Ֆերմերներն են առաջարկել իրենց պանիր տալ: Մենք ազատ ենք պանրի վաճառքի ուղղությամբ: Մի քանի խոշոր ֆերմերային տնտեսություններ, որոնք ունեն շուկա՝ պանիր վաճառելու համար, նման առաջարկ են արել, որի հետ մենք համաձայնվել ենք»,- հավելեց Ափյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը փորձ է անում գնել «Աշտարակ կաթ» ընկերությունը: Սակայն ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ընդգծեց, որ նման բան չկա, եւ ընկերությունը շարունակում է իր բնական հունով աշխատել:

Ի դեպ, զրույցի ավարտին Ափոյանը տեղեկացրեց նաեւ, որ ընկերությունը պատրաստվում է «Ռոքվոր» տեսակի պանիր արտահանել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Բացի այս, ընկերությունն արդեն սկսել է կաթնամթերքի որոշ տեսականի արտահանել դեպի ՌԴ: Սեփանակատիրոջ խոսքերով՝ ռուս գործընկերները «ակտիվ հետաքրքրված են» «Աշտարակ կաթ»-ի տեսականիով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս