«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում ոչ միայն կառավարությունում, այլեւ դիվանագիտական կորպուսում տեղաշարժեր են սպասվում: Մեր տեղեկություններով` Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը կտեղափոխվի Լիբանան, Էմիրություններում դեսպան կնշանակվի Ֆադեյ Չարչօղլյանը: Իսկ թե վերջինս արաբական աշխարհում կզբաղվի՞ արդարադատության ամենագեղեցիկ նախարարի լոբբինգով, ինչպես անում էր Ղարիբջանյանը, մեր աղբյուրները չասացին: Դիվանագիտական նոր աշխատանքի կտեղափոխվի նաեւ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը. խոսվում է, որ նա կդառնա Բուլղարիայում դեսպան:
Ըստ նույն աղբյուրների` Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը կփոխարինի Արմեն Խաչատրյանին` Բելառուսում, իսկ ՌԴ դեսպանի առնչությամբ կրկին տալիս են Շավարշ Քոչարյանի եւ Հրանուշ Հակոբյանի անունները: Բայց քանի որ ԵՏՄ «վարչապետն» այլեւս Տիգրան Սարգսյանն է, շատերը կարծում են, որ Շ. Քոչարյանի շանսերն ավելի մեծ են: Ի դեպ, ամպեր են կուտակվել նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գլխին, չնայած մեր աղբյուրները պնդում են, որ խնամիները` Արգամիչն ու Նիկոլայիչը, դա թույլ չեն տա: Հիշեցնենք, որ Մանուկյանը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում․ ուկրաինական մամուլը բացահայտել էր, որ նա որպես ՀՀ դեսպանի նստավայր օգտագործում է Յանուկովիչի՝ փախուստի դիմած մերձավորներից մեկի առանձնատունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: