
Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Արտաշես Բաշխյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կոշտ թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքները և ուսումնասիրությունները: Մասնավորապես` ներկայացվել է Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը, որի նպատակը հանրապետության ողջ տարածքում այս համակարգի բարելավումն է: Քննարկվել են ռազմավարությամբ սահմանված գերակայությունները, առաջարկվող միջոցառումները և ակնկալվող արդյունքները: Արծարծվել են ռազմավարության կյանքի կոչման հեռանկարներին ու մեխանիզմներին, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին շարունակել խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները: