Ով ինչ խոստումներ տվեց. ինչքանո՞վ են իրագործելի դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի ավարտին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, եւ բոլորի մտքում արդեն եկող 2016 թվականն է, ու մարդիկ փորձում են հասկանալ, թե իրենց առաջիկայում ինչ է սպասում, կամ ինչ ակնկալիքներ կարող են ունենալ: Ուզենք, թե չուզենք, հատկապես սոցիալական վիճակի հետ կապված սպասումներն առավելապես կախված են ՀՀ իշխանությունների գործողություններից: Այսինքն՝ ՀՀ իշխանությունը ներկայացնող ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը` միտված եկող տարվան, Հայաստանի բնակչության մոտ որոշակի ակնկալիքներ է ձեւավորում: Իսկ ինչ ազդակներ են տվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները` եկող տարվա հետ կապված:

Ինչպես հայտնի է՝ գալիք տարվա ծրագրերի եւ սպասումների վերաբերյալ կանխատեսումների ամենամեծ «դոզան» բաժին է հասնում խորհրդարանում պետական հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին: Այլ կերպ ասած՝ պայմանավորված այն հանգամանքով, թե պետական պաշտոնյաները բյուջեի նախագիծը ներկայացնելիս եկող տարվա ինչպիսի տեսլականն են ներկայացնում, բնակիչը դրա արդյունքում իր ակնկալիքներն է ձեւավորում: 2016-ի պետբյուջեն ԱԺ-ում քննարկելիս բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, ոչ մի լավ բան չեն խոստանում:

Մասնավորապես, բյուջեն քննարկելիս ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` եկող տարվա անկանխատեսելի լինելու վերաբերյալ հարցին՝ ասել էր. «Այո՛, Դուք ճիշտ եք: Մենք պետք է մտածենք: Բարդ է վիճակը, Դուք իրավացի եք: Իրոք, պետք է մտածենք՝ ինչ անենք, ինչպես ճիշտ օգտագործենք ներքին ռեսուրսները, որ կարողանանք ապահովել ինչպես հարկային եկամուտներ, այնպես էլ քաղաքականություն երկար հատվածի համար, որպեսզի մեր տնտեսությունը աշխուժանա, հակառակ դեպքում մենք կունենանք ավելի բարդ, լուրջ խնդիրներ, որի լուծումներն ավելի մեծ ջանքեր կպահանջեն կառավարությունից, մեզանից»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կրկին բյուջեի նախագիծը խորհրդարանում քննարկելիս աղքատության մակարդակի հնարավոր փոփոխությունների խնդրին անդրադառնալիս հայտարարել էր. «Ընդհանրապես աղքատությունը բազմագործոն երեւույթ է, եւ առաջին հերթին նկատի է առնվում եկամտային ապահովվածությունը: Բնական է, որ կյանքն ավելի դժվարանալու է հաջորդ տարում»: Այլ կերպ ասած՝ Արտեմ Ասատրյանն անուղղակի ձեւով աղքատների թվի ավելացում է կանխատեսել:

Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքին կյանքին վերաբերող խնդիրների մասին սովորաբար շատ ուշ-ուշ է հրապարակային ելույթով կամ ասուլիսով հանդես գալիս: Մասնավորապես, նրա վերջին` դեկտեմբերի 3-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցը ապագայի հետ կապված երկու հիմնական ազդակ ուներ` իշխանությունները ոչ մի լավ բան չեն խոստանում, եւ որ առնվազն մինչեւ 2017 թվականը Սերժ Սարգսյանից, եւ նրա իշխանությունից ազատվելու հնարավորությունը եւս բացակայում է:

Մյուս կողմից՝ ինչպես հայտնի է՝ 2016 թվականի պետական բյուջեով թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Ասել կուզի, որ գների թանկացման պայմաններում, ինչն անխուսափել տեղի կունենա, մարդկանց գնողունակությունը նվազելու է, եւ այս հանգամանքը Հայաստանի բնակչի ուշադրությունից չի կարող վրիպել:

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ վերջին երկու ամիսներին ՀՀ իշխանությունները շատ զգուշությամբ, բայց հետեւողականորեն հանրությանը «իրազեկել» են ավելի վատ ժամանակների գալստյան մասին:

Ի դեպ, իհարկե, կարող է հարց ծագել՝ ենթադրենք նման բացասական սպասումներ չէին կանխատեսել, այլ պայծառ ապագա, սոցիալական ապահովվածություն եւ արդարություն էին խոստացել, ինչպես նախորդ տարիներին, միեւնույն է՝ հանրությունը նրանց չէր հավատալու: Այն, որ Հայաստանի հանրության մեծամասնությունը ներկա իշխանություններին վաղուց չի հավատում, հանրահայտ իրողություն է:

Ի վերջո, մարդիկ գիտակցում են, որ այս իշխանություններին իրենք չեն ընտրել, եւ նրանք իրենց ներկա կարգավիճակը պահպանում են ընտրակեղծիքների ու կոռուպցիոն համակարգի գործունեության շնորհիվ: Պաշտոնյաների դրական խոստումները հավատ չներշնչելով հանդերձ, միեւնույն է, հանրության շրջանում բացասական սպասելիքներ չեն ձեւավորում: Այլ կերպ ասած՝ իշխանությունները սարեր են խոստանում, մարդը մտքի մեջ մտածում է. «Կապրենք, կտեսնենք»: Իսկ երբ պետական պաշտոնյանն ի սկզբանե հայտարարում է, որ եկող տարին բարդ եւ անկանխատեսելի է լինելու, մարդու մոտ բոլոր տեսակի դրական սպասելիքները, մեղմ ասած, հօդս են ցնդում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս