40 ընտանիքի համար այս Ամանորը նոր երանգ կունենա ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ: 2015 թվականը շրջադարձային էր 219 մարդու կյանքում. այդ 40 ընտանիքներն ավարտել են իրենց կիսակառույց տների շինարարությունը և/կամ վերանորոգել են տանիքը և Ամանորը կդիմավորեն հարմարավետ պայմաններում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելեցին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում բնակվող Հայրապետյանների նորակառույց բնակարան, ուր դեռ մի քանի ամիս առաջ կազմակերպությունների ղեկավարները կամավորների հետ միասին կատարում էին հատակի բետոնացման աշխատանքներ:
«Այլ զգացմունքներով ու անհամբերությամբ ենք սպասում այս Նոր Տարվան ես ու ողջ ընտանիքս: Ինքս, կարծես, մանուկ եմ դարձել ու անհամբեր սպասում եմ Ամանորին, քանի որ նոր հույսեր են արթնացել ու նոր հնարավորություններ՝ նոր տան հետ: Ասել, թե շնորհակալ եմ, կնշանակի ոչինչ չասել: Երախտապարտ եմ, որ օգնեցիք տուն ունենալ»,-ասել է ընտանիքի հայրը՝ Վաչագանը:
«Նոր տարվա նախաշեմին այցելել ենք Փոքր Վեդի գյուղ՝ ամփոփելու բնակարանաշինության ծրագրի 2015թ.-ի արդյունքները և մասնակցելու Հայրապետյանների տան բնակարանամուտին, որոնց օգնել ենք կառուցել սեփական տունը: Այս ընտանիքի և բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ևս 40 ընտանիքների՝ ընդհանուր առմամբ 219 մարդու համար, Նոր տարին իրապես կյանքի նոր փուլ է խորհրդանշում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ուրախությամբ ու հպարտությամբ կարելի է արձանագրել, որ այս տարի ևս հնարավոր եղավ իրականացնել շատ ընտանիքների վաղեմի երազանքը: Ուրախալի է, որ նախատոնական տրամադրությունը զուգորդվելու է օջախի ջերմության զգացողության հետ ու, որ այդ տունը հիրավի արժանի է օջախ կոչվելու»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2015թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչև օրս ավարտը բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: