Համահայկական Բնապահպանական Ճակատի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)-ի հաղորդագրությունը.
“Դինո Գոլդ մայնինգ” կանադական ընկերությունը 2013 թ. հունվարին դատական հայց է ներկայացրել հայ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ: Բանն այն է, որ Ե. Ներսեսյանը 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հանքագործների նկատմամբ “Դինո Գոլդ մայնինգ” ընկերությունն էլեկտրաշոկ է կիրառել( ): Սակայն ընկերությունը ժխտում է էլեկտրաշոկի մասին լուրերը, պահանջում է հերքել բարձրաձայնված տեղեկությունը և չարատավորել իր բարի համբավը: Հայկական մամուլը բազմիցս անդրադարձել է “Դինո Գոլդ Մայնինգ” ընկերությանը, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ ընկերության գործունեությանը և պարզել, թե որքանով է այդ համբավը “բարի”: “Դինո Գոլդ Մայնինգ” ընկերությունը կանադական “Դանդի փրեշըզ մետալզ” միջազգային հանքարդյունաբերական ընկերության մասնաճյուղերից մեկն է: 2004 թ.-ից գործում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
“Դանդի Փրեշըզ Մեթալս” կազմակերպությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է որդեգրած արժեքները՝ թափանցիկ գործելաոճ, հարգանք մարդու արժանապատվության նկատմամբ, անվտանգ աշխատանքային պայմաններ, շրջակա միջավայրին վնաս չհասցնելու պարտավորություն և այլն: Այսպիսի արժեքներ նշված են գրեթե բոլոր հանքարդյունաբերող ընկերությունների կայքերում, սակայն դրանք իրականում չեն գործում Հայաստանի նման երկրներում, որոնք, ըստ էության, դարձել են այլ երկրների հանքահումքային կցորդներ: Բացառություն չէ նաև ,Դինո Գոլդ Մայնինգե-ը, որն իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել և խախտում է վերոնշյալ արժեքները:
Ծանոթանալով հայկական մամուլի բազմաթիվ հրապարակումների հիման վրա մեր կազմած հայտարարությանը. 
http://hetq.am/arm/news/26420/hanqardyunaberakan-ynkerutyuny-dzernoc-e-netum-hanrutyany.html կհամոզվեք, որ Դինո Գոլդ Մայնինգե ընկերությունը բազմիցս ոտնահարել է իր աշխատակիցների իրավունքները, իր գործունեությամբ վնաս է հասցրել շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը, չի ապահովել իր կողմից շահագործվող հանքի պոչամբարի անվտանգությունը, մինչև օրս չի տրամադրել հանրության կողմից պահանջվող տեղեկատվությունը, և, այսքանով հանդերձ, Շահումյանի ոսկու հանքը բաց եղանակով շահագործելու ծրագրեր ունի, այն դեպքում, երբ նոր հանքի շահագործման դեմ բազմաթիվ մասնագիտական փաստարկներ կան: Վերոնշյալ հայտարարությունը ներկայացվել է նաև “Դանդի Փրեշըզ Մեթալս” կազմակերպությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին և այլ միջազգային կազմակերպությունների:
Ճիշտ է, ընկերությունը մերժում է էլեկտրաշոկ կիրառելու մասին լուրերը և դատական հայցով փորձում է վերականգնել իր, այսպես կոչված, բարի համբավը: Սակայն հարկ է նշել, որ այս մասին տեղեկությունը մամուլում հայտնվել է Եղիա Ներսեսյանի ելույթից շատ ավելի վաղ: Ըստ “Սյունյաց երկիր” պարբերաթերթի՝ “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան անհնազանդ հանքագործների հանդեպ էլեկտրաշոկ կիրառելու պատրաստություն էր տեսնում: Թերթի ունեցած տեղեկություններով, “այդ մասին ընկերության սեփականատերը տեղեկացվել է փոքր-ինչ ուշացումով, ինչը և դարձել է առանձնահատուկ քննարկման առարկա”: 2011թ. ապրիլին բնապահպան ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանն այս մասին նշել է իր հարցազրույցում, սակայն ընկերությունը նրանից առ այսօր ոչ մի հերքում չի պահանջել: Ի դեպ, 1in .am-ում տեղադրված մի նյութում նշվում է, որ “Առաջին լրատվական”-ին հաջողվեց ճշտել, որ իրականում էլեկտրաշոկ գնել էին. ոչ թե անհնազանդ բանվորների, այլ հատուկ դեպքերում օգտագործելու համար: Սակայն լրատվական կայքին միգուցե նո՞ւյնպես պետք է հարցաքննության կանչել. հնարավոր է` նրանք ճշգրտեն, թե կոնկրետ ումից են ստացել այդ տեղեկությունը: Հատկանշական է, որ ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետտան պաշտոնանկ արվեց 2011թ. ընկերությունում բարձրացած գործադուլների ալիքից, դատական գործերից և այդ նույն էլեկտրաշոկի մասին տեղեկությունների տարածումից հետո: Հարց է ծագում, թե ինչո՞ւ դատական հայց ներկայացվեց Եղիա Ներսեսյանի դեմ և ինչո՞ւ հենց 2012 թ. ԱՄՆ-ում ունեցած ելույթից հետո։ Կարելի է եզրակացնել, որ Եղիա Ներսեսյանի՝ ԱՄՆ-ում հնչեցված խոսքերն ավելի լայն արձագանք գտան, և “Դինո Գոլդ Մայնինգեը, լինելով մեծ չափի վարկ ստանալու ճանապարհին, պահանջում է չարատավորել իր բարի համբավը՝ ցանկանալով մեծացնել բանկից վարկ ստանալու իր հնարավորությունը: 
Ընկերությունը պահանջում է չարատավորել իր բարի համբավը, սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ թերահավատ են ընկերության ասածների նկատմամբ, քանի որ արդեն տեսել են ընկերության կողմից հռչակված արժեքների, ասված խոսքի և գործնականում կատարվող քայլերի միջև լուրջ հակասություններ: Իսկ ընկերության բարի համբավը արատավորվում է հենց ընկերության կողմից թույլ տված բացթողումների, օրինախախտ ու մահաբեր գործունեության արդյունքում: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ ակտիվիստի նկատմամբ կիրառվող ճնշումը նպատակ ունի լռեցնելու բնապահպանների ձայնը և իրագործելու ընկերության հաջորդ նախագիծը՝ բաց հանքի շահագործում բնակելի տարածքից ընդամենը 1,5-2 կմ հեռավորության վրա:
Պահանջում ենք, որ “Դանդի Փրեշըզ մեթալզ” ընկերությանը պատկանող “Դինո Գոլդ Մայինինգ” ընկերությունը հավատարիմ մնա իր կողմից հռչակված արժեքներին, հետևի շրջակա միջավայրին չվնասելու` իր կողմից ընդունված պարտավորությանը, հարգի աշխատակիցների իրավունքներն ու ապահովի աշխատանքային այնպիսի պայմաններ, որտեղ չեն վտանգվի մարդկանց կյանքն ու առողջությունը: 
Կանադայում և այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին կոչ ենք անում հետևել բոլոր այն ընկերությունների գործունեությանը, որոնք հանքեր են շահագործում Հայաստանում և չեն կատարում իրենց պարտավորությունները՝ վնաս հասցնելով հայ ժողովրդին ու Հայաստանի բնությանը։
Ողջ հայությանը կոչ ենք անում անմասն չմնալ հայրենի բնության պաշտպանության գործից, քանի որ իրենց անմիջական մասնակցությունն ու աջակցությունն այդ հարցում խիստ կարևոր է: Ցանկալի կլինի, որ մեր հայրենակիցները նույնպես իրենց բողոքի ձայնը բարձրացնեն գերմանական, կանադական, ամերիկյան, ռուսական ընկերությունների անպատասխանատու և ապօրինի գործունեության դեմ: Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին կոչ ենք անում արտահայտել իրենց բողոքը օրենքով չարգելված բոլոր միջոցներով՝ կոչեր, հայտարարություններ, դիմումներ, բողոքների կազմում և հրապարակում, հարցազրույցներ ԶԼՄ-ով, բողոքի ակցիաներ այս ընկերությունների գլխավոր գրասենյակների վարչական շենքերի դիմաց և այլ միջոցառումներ: Բնապահպանների դեմ հարուցված որևէ գործ չի կարող մեզ կանգնեցնել` պայքարելու ընդդեմ Հայաստանի էկոգաղութացման և հանուն մեր հայրենի բնության պահպանության ու սոցիալական արդարության հաստատման: Համատեղ ջանքերով մենք ավելի հեշտությամբ ու ավելի արագ կկարողանանք վերջ տալ Հայաստանում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրներին: Տեղեկացեք, միացեք, աջակցեք և միԲ մոռացեք, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է:
Իսկ բոլոր այն կազմակերպություններն ու բանկերը, որոնց գործունեության արդյունքում կվնասվի մեր բնությունը, կվտանգվի ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը և հարցականի տակ կդրվի նրանց անվտանգությունը, կարժանանան հանրության խորը անվստահությանն ու կվարկաբեկեն իրենց գործարար անունն ու համբավը:
Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)




Լրահոս