ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՄԱՆ ՉԷԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամեն հաջորդ ընտրություն շատ ավելի վատն է, քան նախորդը. այս տեսակետն ապացուցվեց նաեւ մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Այս անգամ եւս իշխանությունը գործի դրեց իր հայտնի մեխանիզմները՝ ընտրակաշառք, կրկնակի քվեարկություններ, մահացածների ու Հայաստանից բացակայողների փոխարեն քվեարկություններ, կարուսել, թաղային հեղինակությունների կողմից վերահսկողություն եւ այլն: Այս ընտրությունները, սակայն, նաեւ մեկ ուշագրավ առանձնահատկություն ունեին. իշխանական թեկնածուի օգտին աշխատողներից շատերն իրենք էլ էին խոստովանում՝ այս ամենն անում են ոչ թե Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի, այլ հենց Տարոն Մարգարյանի համար: Եվ պատահական չէ, որ Երեւանի այն ընտրատարածքներում, որտեղ ընդամենը երկու ամիս առաջ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններում խայտառակ պարտություն էր կրել, ավագանու ընտրություններում Տ. Մարգարյանը «հաղթանակ» տարավ: Այլ կերպ ասած՝ իշխանությունների հրապարակած տվյալներով՝ այսօր Տ. Մարգարյանը Երեւանում ավելի շատ քվե ունի, քան «համայն հայության նախագահ» Ս. Սարգսյանը: Բացի այդ, կիրակի օրվա ընտրություններով հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելը գնալով դառնում է անհնարին: Այնպես որ, մնում է միայն հեղափոխություն:




Լրահոս