ԱՅՍՕՐ ՀՀԿ-Ն ԿՈՐՈՇԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ  Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը  վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել են ամեն ինչի մասին խոսել Երեւանի ավագանու ընտրություններից հետո: Մեր աղբյուրների տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն շատ ձայներ հավաքի, ապա միայն այդ դեպքում կկարողանա հավակնել կառավարության կազմում պորտֆելներ ունենալուն: Իսկ եթե քիչ տոկոսներ հավաքի, ապա զրկվելու է նման հնարավորությունից: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ` պարզելու՝ արդյոք ԲՀԿ-ի հավաքած ձայները բավարար են, որպեսզի նրանց ապագա կառավարությունում պորտֆելներ տրվեն:  

ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, ըստ մեր տեղեկությունների` Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապագա կառավարության կազմին անդրադառնալ Երեւանի ավագանու ընտրություններից հետո: Ըստ այդմ` որոշվել է, որ ԲՀԿ-ի` կառավարությունում լինել-չլինելու հարցը կորոշվի` կախված նրանց հավաքած ձայների քանակից: Հիմա ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը:
-Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումների բովանդակության մասին ես տեղյակ չեմ ու նաեւ տեղյակ չեմ` նման հանդիպում եղել է, թե ոչ:
-Իսկ ԲՀԿ-ի 23.07 տոկոս ձայները բավակա՞ն են, որպեսզի ՀՀԿ-ն պորտֆելներ զիջի ԲՀԿ-ին:
-Ես ասել եմ, որ «Բարգավաճ Հայաստան»… կառավարության կադրային խնդիրները մենք չենք քննարկել, կառավարության կադրային խնդիրները մենք կքննարկենք վաղը (այսօր-Ս.Գ.)` կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստում: Նիստից հետո ես Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում ասուլիս եմ տալու եւ այդ ժամանակ ամբողջական ինֆորմացիան կտամ: Իսկ առայժմ մենք որեւէ բան չենք քննարկել:
-Նշվում է նաեւ, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կրկին կոալիցիա են կազմելու, նման հարց քննարկե՞լ եք:
-Օրակարգում կառավարության ձեւավորման հարցն է, օրակարգում կոալիցիայի հարց` որպես այդպիսին, չկա: Մենք մինչեւ օրս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված, կոալիցիա կազմելու հետ կապված որեւէ հարց չենք քննարկել: Իսկ ինչո՞ւ եք որոշում, որ իրենք կա՛մ պետք է գան կոալիցիա, կա՛մ էլ չպետք է գան: Ի՞նչ կարող եմ ասել, իրենք էլ այլընտրանք են, ի՞նչ եք ուզում: Ի՞նչ վատ են անում, մասնակցում են, 23 տոկոս ձայն են հավաքում: Իրենց անելիքների մասին իրե՛նց հարցրեք: Ես կարող եմ միայն Հանրապետական կուսակցության անելիքներից խոսել: Իսկ ՀՀԿ-ի բոլոր մտադրությունների ու որոշումների մասին ես Ձեզ կհայտնեմ կուսակցության խորհրդի նիստից հետո:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-Պարո՛ն Մարգարյան, ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդների վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է եղել, որ միայն Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից է կախված լինելու կառավարությունում պորտֆելների բաշխումը: Հիմա ԲՀԿ-ի հավաքած 23.07 տոկոս ձայնը բավակա՞ն է, որպեսզի ՀՀԿ-ն պորտֆելներ զիջի ձեզ:
-Անկեղծ ասած, ես առաջին անգամ Ձեզանից եմ նման տեղեկություններ լսում, ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի:
-Նշվում է նաեւ…
-Ես արդեն նշեցի, որ նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, ուստի չեմ կարող որեւէ բան ասել: Ես որեւէ ինֆորմացիա չունեմ՝ Ձեր նշած հանդիպման կամ ինչ-որ պայմանավորվածության հետ կապված: Այսքանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս