ՍԱՆԻԿԸ ՔԱՎՈՐԻ ԴԵ՞Մ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ գրանցվել է գյուղապետի ընդամենը երկու թեկնածու. գործող գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանն ու ՕԵԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Ի դեպ, վերջինը գործող գյուղապետի՝ Ա. Մանուկյանի սանիկն է: Փորձեցինք Մանուկյանից հետաքրքրվել՝ արդյոք լարված չէ գյուղում տիրող նախընտրական վիճակը. «Չէ՛, լարվածություն չկա: Մեզ մոտ խաղաղություն է: Ոչ ոքի հանդեպ թշնամացած չեմ: Ես չգիտեմ, թե Հայրապետյանը ոնց է համոզում գյուղացիներին, բայց ես ոչ ոքի չեմ համոզում: Աշխատել եմ չորս տարի, ու այս ընթացքում ժողովուրդը, իմանալով իմ լավ ու վատ կողմերը, կա՛մ ձայն կտա, կա՛մ էլ ոչ: Նրա բարեկամությունն ու ընկերությունը տրամադրված են, որ իրեն ձայն տան, հո չե՞ս կարող միանշանակ բոլորին թեքել իմ կողմ»: Մանուկյանի տեղեկացմամբ՝ իր դեմ առաջադրվել է հարազատ սանիկը. «Իմ սանիկն է, ուզում է գյուղապետ դառնալ: Ես հա՛մ նրա կնունքի, հա՛մ հարսանիքի քավորն եմ»: Նշենք, որ գյուղի ընտրացուցակում գրանցված են 790 ընտրող, սակայն ընդամենը 530-ն են մասնակցելու համայնքի ղեկավարի ընտրություններին: Մնացածներն այս պահին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի նպատակով:




Լրահոս