ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ԻՐԵՆՑՈՎ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեմն ուղղակի ապշել կարելի է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են հաջողեցնում աննկատ կերպով պետական ունեցվածքը «մեջ-մեջ անել»: Օրինակ՝ մի օր կարող է պարզվել, որ այս կամ այն շենքը (այդ թվում՝ պատմամշակութային արժեք հանդիսացող) դարձել է մասնավոր սեփականություն: Իսկ երբ հետաքրքրվում ենք, պարզվում է՝ շենքը դեռեւս տարիներ առաջ էժան գներով վաճառվել է իշխանությունների հովանավորությունը վայելող այս կամ այն գործարարին: Օրերս «Ժողովուրդ»-ը արձանագրեց, որ Սախարովի հրապարակում գտնվող Պուշկինի 2 հասցեի շենքի ճակատին գովազդային հսկայական պաստառ է փակցված: Պատմամշակութային այս շենքը, որում տասնամյակներ շարունակ հրշեջ ջոկատն էր տեղակայված, պարզվում է՝ դեռեւս 2009 թվականից տրվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին: Իհարկե, շենքը միանգամից չի տրվել այդ ընկերությանը: Երեւանի սրտում գտնվող պատմամշակութային շենքի դիմաց նշված ընկերությունը պարտավորվել է հրշեջների համար նոր շենք կառուցել: Շենքը կառուցվել է Մյասնիկյան 1 հասցեում, եւ հրշեջներն էլ տեղափոխվել են այնտեղ: Իսկ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան առատաձեռն գտնվել: Այս հարցի պատասխանն ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականատերերը: Նշված ընկերությունը պատկանում է հայտնի Սամվել Մայրապետյանին եւ նրա կնոջը` Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին: Ինչպես հայտնի է՝ Մայրապետյանը 2008-ից 2014 թվականը ՀՀ փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գեւորգյանի սանիկն է:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել Փարիզում: Սակայն վերջին պահին Ալիեւը հրաժարվել է: Ալիեւն այս կերպ հակադարձել է իր կնոջ հետ այս տարվա սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած տհաճ միջադեպին, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները չէին կանխել, որ լրագրողները չմոտենան Մեհրիբան Ալիեւին ու տհաճ հարցերով չծաղրեն: Փարիզ չգնալով՝ Ալիեւը Ֆրանսուա Օլանդին փորձել է զրկել հանդիպման կայացման դափնիներն իրեն վերագրելու հնարավորությունից: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ճիշտ է, որ հանդիպումը սկզբում Փարիզում է նախատեսված եղել, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Պաշտոնական հաղորդագրություն արդեն կա, հանդիպումը լինելու է Շվեյցարիայում»: Իսկ հանդիպումից ակնկալվող արդյունքների առնչությամբ էլ Բալայանն ասաց. «Ակնկալիքների մասին որեւէ բան չեմ կարող ասել՝ հատկապես հաշվի առնելով այսօրվա (արդեն երեկվա- խմբ) դեպքերը, արդյունքների մասին կլինի հաղորդագրություն»:

 

 

 
ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին օրերին բավական լարվել են: Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ՀՅԴ-ի ցանկությունը դեռ չի իրականանում: Մյուս կողմից ԲՀԿ-ին եւս իշխանությունները խոստացել են ընդգրկել ապագա կոալիցիայում: Սակայն իշխանությունները չեն շտապում արբանյակ ուժերին պորտֆելներ բաժանել, դրա համար էլ նրանք ԱԺ-ում սկսել են «նախազգուշական» քննադատություններով հանդես գալ: Ըստ այդ նույն տեղեկությունների՝ երբ ՀՅԴ-ն 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը չմասնակցեց ու ձեռնպահ քվեարկեց, հենց կոալիցիայի ձեւավորման պրոցեսի ձգձգման արդյունքն էր: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում մտավախություն ունեն, որ իրենցից մեկին իշխանությունները կարող են «դուրս թողնել», ուստի մրցակիցները ՀՀԿ-ականների հետ զրուցելիս մյուսի հասցեին չարախոսելու առիթը բաց չեն թողնում: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենք ՀՅԴ-ի հետ որեւէ խնդիր չունեն, գործընկերային հարաբերություններ են:

 

 

 
Սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց հետո ՀՀԿ-ում սկսել են զբաղվել ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությամբ: Եւ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքական մյուս ուժերը մտավախություն ունեն` ինչպես Սահմանադրության նախագիծը, այնպես էլ այս օրինագիծը ՀՀԿ-ն կգրի ու հետագայում կմատուցի իբրեւ կոնսոլիդացիայի արդյունքում ծնված, բոլորի համար ընդունելի փաստաթուղթ: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չնայած ասաց, որ դեռ վաղ է ՀՀ նոր ԸՕ նախագծի մշակման մասին խոսել, սակայն որոշակի մանրամասներ հայտնեց: Մասնավորապես, որ նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ: «Իմ ասած աշխատանքային խումբն այն է, երբ նստում ենք հանձնաժողովի անդամներով, առանց լրատվամիջոցների, քննարկում ենք իրականացնում: Այդ ժամանակ քննարկմանը մասնակցելու համար մենք խմբակցությունների ներկայացուցիչներին տեղեկացնում ենք, ու իրենք ուղարկում են իրենց այն անդամներին, ովքեր պետք է մասնակցեն քննարկմանը: Պատշաճ քննարկում կիրականացվի, կկազմակերպվեն նաեւ լսումներ, այսինքն՝ այն, ինչը մեզանից է կախված, մենք պատշաճ կարգով կիրականացնենք»,- հայտարարեց Սահակյանը:

 

 

 

ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ

131 պատգամավորներից բաղկացած ՀՀ Ազգային ժողովում այդպես էլ հնարավոր չեղավ համախմբել 27 պատգամավորների, որպեսզի հասարակության մոտ լեգիտիմության խնդիր ունեցող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները հնարավոր լիներ բողոքարկել: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացան ընդամենը 19 պատգամավորներ, որոնցից երկուսը՝ արտերկրից, ֆաքսի միջոցով: Իհարկե, մի երկուսն էլ ինչ-որ նախապայմաններ առաջ քաշեցին, թե կմիանան ստորագրահավաքին միայն այն դեպքում, երբ ՀԱԿ-ն ընդունի իր իշխանության օրոք կեղծված հանրաքվեն կամ այն ժամանակ, երբ զգա, որ իրենց ձայնը վճռական լինի: Երեկ լրացավ ստորագրահավաքի վերջնաժամկետը, եւ միայն մոտ երկու տասնյակ պատգամավորներ տեր կանգնեցին իրենց ստորագրությանը ու ընդառաջ գնացին հասարակական կարծիքին. այսօր ամեն 2-րդ քաղաքացու համար պարզ է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են:
Իհարկե, հնարավոր չէ պատկերացնել, որ սահմանադրական փոփոխությունները գրած մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը թույլ կտար իր կողմից ղեկավարվող Սահմանադրական դատարանում անկողմնակալ քննություն իրականացվեր դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները քննելիս (եթե բողոքը մտներ ՍԴ, Հարությունյանը ստիպված էր լինելու, որպես շահագրգիռ կողմ, ինքնաբացարկ հայտնել): Բայց մյուս կողմից նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել մի ընտրություն, որ սահմանադրական դատարանը կեղծիքները քննելիս ոչ իշխանահաճո որոշում կայացնի: Նա ավանդաբար եղել է ընտրակեղծիքները օրինականացնելու ամենավերջին օղակը:
Եւ ուրեմն ի՞նչն էր խնդիրը, որ գոնե ձեւական մասը ապահովելու համար իրենց ազգընտիր հռչակած պատգամավորները ընտրողների կասկածները փարատելու փորձ անելու համար անգամ չհամարձակվեցին կամ անհրաժեշտություն չգտան որեւէ քայլ անել: Այս հարցի պատասխանը թերեւս այն իրականությունն է, որում մենք ապրում ենք, եւ որը վաղուց «պաշտոնապես հռչակվել» է որպես «գաղջ մթնոլորտ»: Բանն այն է, որ այսօր մեր երկրում ամեն քայլ, ամեն խոսք, ամեն ժեստ անձնավորվում է. եթե ՀԱԿ-ն է կազմակերպել (նշանակություն չունի, թե ինչ), ուրեմն պետք է տապալվի, եթե Զարուհի Փոստանջյանն է խոսում, ուրեմն պետք է անջատել նրա խոսափողը, եթե ՀՅԴ-ն է որեւէ հայտարարություն անում, չպետք է հավատալ եւ այսպես շարունակ:
Ու այս տխուր իրականությունը հանգեցրեց այն փաստին, որ դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի կեղծիքները իրավական դաշտում վիճարկելու հնարավորություն անգամ գործող խորհրդարանի պատգամավորները չտվեցին հասարակությանը: Ու այստեղ ամենեւին էլ կարեւոր չէ՝ նախաձեռնողն ով էր, քանի որ խնդիրը տարբեր դիտորդների կողմից արձանագրված լայնամասշտաբ կեղծիքները քննարկելուն էր վերաբերում ընդամենը:




Լրահոս