ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԵՆ «ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խորհրդարանական ուժերը քննարկում են նոր ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը: Եւ հիմա շատ կարեւոր է, թե ովքեր են ընդգրկվելու այն հանձնաժողովի կազմում, որ պետք է այդ փոփոխությունները կատարի Սահմանադրությունից հետո ընտրական համակարգում առավել կարեւոր դեր ունեցող օրենսգրքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որից հետո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այսօր եւեթ պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի պատրաստվենք նոր ընտրական օրենսգրքին: Այդ աշխատանքը պետք է ավարտած լինենք մինչեւ 2016թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ»:
Այնուհետեւ Ս. Սարգսյանն ավելացրել էր. «Մենք պատրաստ ենք ամենաբաց եւ ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձեւաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր, լավագույն ընտրական օրենսգիրքը: Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը եւ մեզ հետ հավասար կլծվեն այս կարեւոր աշխատանքին: Մենք մեր հերթին պատրաստ ենք աշխատել, որպեսզի նոր ընտրական օրենսգիրքը համապատասխանի միջազգային լավագույն փորձին»:
Չնայած Սերժ Սարգսյանի խոստումներին՝ ԱԺ խմբակցությունները մտավախություն ունեն, որ ինչպես սահմանադրական փոփոխությունների ժամանակ, այնպես էլ ընտրական օրենսգրքի փոփոխության օրերին իշխանության «սիրելիները» կգրեն տեքստը` ձեւացնելով, թե կոնսոլիդացիայի միջոցով է ձեւավորվել նախագիծը: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին արդեն հայտնել են, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործնական քայլերը կարվեն 2016 թվականի սկզբին: Մինչ այդ մեր երկրում ամանորյա արձակուրդային տրամադրություններ են:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, արդյո՞ք արդեն որոշված է, թե ինչ ձեւաչափով է քննարկվելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, կա՞ արդեն այն մարդկանց «ցուցակը», ովքեր ընդգրկված են լինելու այդ աշխատանքների կատարման խմբում:
-Դեռեւս այդ հարցի հետ կապված որեւէ հստակություն չկա: Այն, որ կստեղծվի աշխատանքային խումբ խորհրդարանում, տրամաբանական է, բայց արդյոք կլինի նաեւ առանձին հանձնաժողով, որը կկատարի այդ աշխատանքները, այդ հարցին չեմ կարող պատասխանել: Քննարկումների առումով հարցը մեր հանձնաժողովի տիրույթում է գտնվում, կարծում եմ, որ կստեղծենք ընդհանուր մի աշխատանքային խումբ, որի ժամանակ էլ կկազմակերպենք քննարկումները: Անկախ նրանից` մե՞նք կներկայացնենք, թե՞ ՀՀ կառավարությունը, անպայման աշխատանքային խմբով կքննարկենք ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Այժմ որեւէ բան հստակ չի: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում հարցի քննարկման ընդգրկունության մասին դեռ որեւէ բան չեմ կարող ասել:
-Նշվում է, որ իշխող ՀՀԿ-ն նպատակ ունի հարցի քննարկումը կազմակերպել իր թիմակիցների միջոցով, աշխատանքային խմբում եւս լինելու են իշխանության ներկայացուցիչները: Արդյո՞ք մտադրություն ունեք այդ գործընթացում ներառել նաեւ այլ քաղաքական ուժեր, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:
-Դեռեւս վաղ է խոսել մի գործընթացի մասին, որը դեռեւս չի սկսվել: Աժ արտահերթ նստաշրջանի ավարտից հետո լինելու են տոնական օրերը, այդ ամենից հետո միայն կարելի է խոսել իրատեսական բաներից: Իմ ասած աշխատանքային խումբը, երբ նստում ենք մենք՝ հանձնաժողովի անդամներով, առանց լրատվամիջոցների քննարկում ենք իրականացնում, այդ ժամանակ քննարկմանը մասնակցելու համար մենք խմբակցությունների ներկայացուցիչներին տեղեկացնում ենք, ու իրենք ուղարկում են իրենց այն անդամներին, ովքեր պետք է մասնակցեն քվեարկությանը: Այս առումով ես կարող եմ վստահեցնել, որ պատշաճ քննարկում կիրականացվի, կկազմակերպվեն նաեւ լսումներ, այսինքն՝ այն ամենը, ինչը մեզանից է կախված, մենք պատշաճ կարգով կիրականացնենք: Միանշանակ կարող եմ, որպես հանձնաժողովի նախագահ, ասել, որ մենք ԱԺ-ում մեր աշխատանքը կատարելու ենք օրենքի տառին համապատասխան:
-Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշում են նաեւ, որ 6 ամիսը շատ քիչ ժամանակ է, որպեսզի իշխանությունները կարողանան ողջ ընտրական օրենսգիրքը փոփոխությունների ենթարկեն: Համակարծի՞ք եք, որ ժամանակը քիչ է:
-Բավարար ժամանակ է, որպեսզի այդ աշխատանքները կատարվեն, առավել եւս, որ հիմնական սկզբունքներն արդեն նոր Սահմանադրության համապատասխան հոդվածներով տրված է:

 

 

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳՈՐԾԵՐՆ Է ԱՌԱՋ «ԳՑՈՒՄ»

Երեկ՝ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 21-ին խորհրդարանի արտահերթ նիստերը շարունակվելու են: Բանն այն է, որ հայրենի կառավարությունը որոշել է ավելացնել քննարկվող հարցերի «շարանը»: Նշենք, որ երեկ խորհրդարանը քննարկում էր կառավարության ներկայացրած վերջին հարցերը:

Երեկ Աժ-ում ընդունեցին նախօրեին քննարկված օրենքների նախագծերը: «Երկաթուղային տրանսպորտի մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 73 կողմ, 1 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով արգելվելու է 40 տոննայից ավել բեռներ տեղափոխել ու վնասել ճանապարհները, դեմ քվեարկեցին 9 պատգամավոր, ձեռնպահ՝ 16, կողմ՝ 58 պատգամավոր: Հիշեցնենք, որ այս նախագծին դեմ էին ԱԺ ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից 300 մլրդ դոլարի վարկ ստանալու համաձայնագրին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 2: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ ինքը չի կարող կողմ քվեարկել համաձայնագրին, քանի դեռ չկա պատշաճ վերահսկողություն՝ այդ միջոցների արդյունավետ ծախսի հետ կապված:
Նախօրեին խորհրդարանում քննարկվել էր նաեւ մի աղմկահարույց նախագիծ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին», որին դեմ էին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, թե այն պետք է ընդհանրապես հանել քննարկումից: Օրենսդիրներին երեկ ներկայացվեց նախագիծը երկրորդ ընթերցմամբ, որն ընդունվեց 60 կողմ, 9 դեմ եւ 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե հայրենի կառավարությունն առաջարկել է այդ նախագիծը ընդունել 24-ժամյա ռեժիմում, որն էլ վրդովեցրեց ընդդիմադիր պատգամավորներին: Օրենսդիրները հայտարարեցին, որ այդ նախագիծը չպետք է քննարկեին նման հրատապ կարգով, քանի որ դա գյուղացիների համար որոշիչ նախագիծ է, ու այն կարող էին ընդգրկել ԱԺ քառօրյայի օրակարգերում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին խնդրեց բացատրել, թե ինչո՞վ է պայմանավորված այդ շտապողականությունը: Նույն հարցը բարձրացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հորդորելով հետ տանել նախագիծը ու նման փնթի ձեւով չներկայացնել. «Մենք դեմ ենք նման հրատապության կարգով այս օրենքը անցկացնելուն: Բնականաբար քվեարկելու ենք հատուկ կարգով անցկացնելուն դեմ»: Բողոքողների շարքին միացան նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն ապարդյուն: Իշխող ՀՀԿ-ն հասավ իր ուզած արդյունքին. ՀՀԿ-ականները 58 կողմ-ով ընդունեցին:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԿԱՆԱՆՑ ԲՈՂՈՔԸ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում աղմուկ է հասունանում. մի խումբ կանանց զայրացրել է իրենց ՔԿՀ ղեկավարության գործելաոճը: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած կանայք նշեցին, որ դեկտեմբերի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումից առաջ «Աբովյան» ՔԿՀ ղեկավարության հրահանգով դատապարտյալ կանայք տարվել են Արմավիր՝ նոր բացվող քրեակատարողական հիմնարկի մաքրություն իրականացնելու համար: «Գիտեք, այս ամենի մեջ ցավալին այն է, որ իրենց նպատակների համար մեզ ծառայեցնում են, բայց մեր խնդրանքներն ու հորդորները չեն անցնում: Աղջիկներից մեկը Արմինե Գրիգորովնայի թրաֆիքինգի գործով ազատազրկման է դատապարտվել: Երեկ իր հայրիկի հուղարկավորությունն էր, նա դիմել էր ղեկավարությանը, որպեսզի գնար, վերջին հրաժեշտը տար հորը, բայց թույլ չէին տվել: Այսպես չի կարելի շարունակել, մի շարք կանայք էլ կարճաժամկետ մեկնման համար դատարանի դռներ են ընկել»,- բողոքեց մեր զրուցակիցը:

 

ԱՄՈՒՍՆՈՒ ՇՆՈՐՀԻՎ
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց հարազատներին տարբեր գերատեսչություններում աշխատանքի տեղավորելու խնդրին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի կինը` Սյուզաննա Մակյանը, պարզվում է՝ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետն է: Նշենք, որ Մեսրոպ Մակյանը առավել հայտնի դարձավ «բանդայի» աղմկահարույց քրգործը, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի քրգործը քննելուց հետո: Արդյո՞ք Սյուզան Մակյանը կնշանակվեր իր ներկայիս պաշտոնում, եթե նրա ամուսինը դատավոր չլիներ, կարծում ենք` դժվար:

 

ՁՄԵՌ ՊԱՊԻ ՃՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ամանորյա տոնական միջոցառումների ժամանակ վերջին տարիներին ավանդույթ է դարձել երեխաներին ուրախացնելու նպատակով Ձմեռ պապ եւ Ձյունանուշ տուն կամ ռեստորան հրավիրելը: Այս ծառայության գները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ, ասենք, «baby boom» անվանումով ծառայությունը, երբ Ձմեռ պապը եւ Ձյունանուշը պատվիրատուի բնակարան են այցելում Ամանորի գիշերը՝ ժամը 24:00-ին, արժի 40 հազար դրամ, իսկ ժամը 1-ի այցելությունը, որն իր մեջ ներառում է 30 րոպեանոց զվարճալի ծրագիր, արժի 30 հազ դրամ: Ի դեպ, նշված գումարների մեջ ներառված չեն նվերների արժեքները: Մեկ այլ համանման ծառայություն, որը կոչվում է «your holding» եւ մատուցվում է Ամանորի գիշերը՝ ժամը 11:30-ից մինչեւ ժամը 1-ը, արժի 50 հազար դրամ: Մի խոսքով, Ձմեռ պապն ու Ձյունանուշը, մեղմ ասած, թանկ հաճույք են:




Լրահոս