ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Շվեյցարիայում կկայանա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես նկատում ենք՝ նմանօրինակ բարձրաստիճան հանդիպումներից առաջ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվում է: Դեկտեմբերի 17-ին եւ 18-ին հակառակորդի կողմից դիվերսիոն հարձակման փորձեր են եղել, ինչի արդյունքում հայկական կողմը ունեցավ երեք զոհ, իսկ Ադրբեջանը` ոչ պաշտոնոկան տվյաներով՝ մոտավոր 5-7 զոհ:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որ անհավասար վիճակում չլինի: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ:
-Չէի ասի, որ անհավասար վիճակում ենք, հակառակորդի կորուստները շատ ավելի մեծ են, քան մերը, բայց դա կապ չունի, եթե 5 անգամ պակաս կորուստ ունենանք, Հայաստանի համար դա ծանր կորուստ է: Ինչ վերաբերում է դեպքերին, այստեղ մեծ պրովոկացիայի հոտ է գալիս: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հունից հանել, որ հայկական զինուժը գնա լուրջ գործողությունների, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տա, թե տեսեք՝ ագրեսորը, օկուպանտը սա է: Ադրբեջանի կարեւորագույն նպատակը դա է` իր ժողովրդի մոտ ինչ-որ դիվիդենտներ շահելը՝ ներքին ընդդիմությանը լռեցնելու միջոցը եւ երրորդը՝ Թուրքիայի պահանջները կատարելը: Անհավասարության նշան չէին դնի, իրականում Ադրբեջանական կողմի կորուստները զգալիորեն շատ են:
-Նշեցիք, որ Ադրբեջանը անընդհատ դրդում է Հայաստանին, որ լուրջ գործողությունների գնա: Բայց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի համարժեք պատասխանը չի ուշանա, Հայաստանը պատժիչ գործողություն կարող է իրականացնել, որպեսզի Ադրբեջանը չմտածի, որ կարող է մարսել լկտի պահվածքը: Բայց ինչպես նկատում ենք՝ հակառակորդը իր գործելոճը շարունակում է, եւ մենք պաշտպանվողի դերում ենք:
-Լռել պետք չէ, պետք է սահմանը ամրացնել այնպես, որ զոհ չունենանք եւ կարողանանք կանխարգելիչ հարվածներ հասցնել, որ նա չմտնի մեր դաշտ:
-Ադրբեջանը շարունակում է մտնել մեր դաշտ: Արդյո՞ք այդ կանխարգելիչ գործողությունները ճիշտ են կիրառվում, ինչպե՞ս է հակառակորդին հաջողվում ներթափանցել մեր տարածք եւ սպանել մեր զինվորներին:
-Համոզված եմ, որ հայկական բանակը, հրամանատարները զգալիորեն գերազանցում են ադրբեջանական կողմին իրենց մասնագիտական հմտությամբ, կասկած չունեմ:
-Ըստ Ձեզ՝ ինչ կտա այսօրվա հանդիպումը:
-Մեծ տեղաշարժ չեմ տեսնում: Հանդիպումները պետք են, բայց հանդիպումից հետո ինչ-որ զարգացումներ կամ լուծումներ, չեմ հավատում, որ կլինեն: Չեմ հավատում նաեւ, որ հանդիպումը կարող է այնպիսի խզում մտցնել, որ սկսվի հայ-ադրբեջանական պատերազմ: Պատերազմի հավանականությունը այստեղ շատ ավելի ցածր է, քան մեկ ամիս առաջ՝ մինչ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը:

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան
-Պարո՛ն Կարապետյան, հակառակորդը շարունակում է իր գործողությունները, եւ մենք անհավասար պայմաններում ենք գտնվում: Ի՞նչ պետք է անենք այս պայմաններում:
-Մի բան կարող եմ ասել եւ այդ մասին ասել եմ շատ վաղուց. այդ ադեկվատ պատասխաններով ոչնչի չենք հասնելու, եւ այս ամենը շարունակվելու է: Ադրբեջանը այլ ելք չունի, Ալիեւի համար այս իրավիճակը ինչ-որ առումով փրկօղակ է, քանի որ ներսում իրավիճակը շատ վատ է, նավթի գնի անկումը ահավոր հարվածներ է հասցրել. ես հետեւում եմ, թե ինչ է կատարվում: Դրա համար այն ադեկվատ պատասխանը, այն, ինչ մենք մինչեւ այսօր արել ենք, չի օգնելու, շարունակելու են նրանք, ինչքան էլ զոհեր տան: Դրա համար ես ասել եմ, որ ասիմետրիկ պատասխան կա, քաղաքականության մեջ այդպիսի գաղափար կա, բայց այդ գաղափարը մենք Ձեզ հետ չենք կարող քննարկել:
-Ինչքա՞ն պաշտպանվողի դիրքում լինենք:
-Վիճակը այնպիսին է, որ մեր ձեռքով չենք կարող անել այն, ինչ ուզում են իրենք: Իրենք ուզում են հիմա լայնածավալ գործողություններ եւ ուզում են, որ դա անենք մենք: Իրենց արածը, շատ կներեք, շանտղություն է, բայց պետք է հասկանալ, որ պետական կառավորումը եւ քաղաքականությունը ինչ-որ առունով էմոցիաներից զուրկ պետք է լինի: Հասկանում եմ Ձեր հարցը, հասկանում եմ պաշտպանության նախարարության հետ կապված հարցեր այսօր շատ կան, ու կիսում եմ Ձեր ասածը: Բայց, կրկնում եմ, ամենալավ կառավարման համակարգն էլ բերենք պաշտպանության նախարարություն, ամենալավ կադրերին էլ բերենք, միեւնույն է, եթե մենք չգտնենք Ադրբեջանին ասիմետրիկ պատասխանի ձեւը, ապա միեւնույն է՝ այս ամենը շարունակվելու է, քանի որ դա Ադրբեջանի համար քաղաքական խնդիր է, իսկ մեզ համար պաշտպանական խնդիրն է գլխավորը, մեր տղաների չզոհվելու խնդիրը: Բայց ռազմական կամ ավանդական մեխանիզմով պատասխանելը, միեւնույն է, իրենց չի կանգնեցնելու:
-Հանդիպումից ի՞նչ ակնկալել:
-Ոչ մի բան, դա ոչ մի բանի հանդիպում է:
-Ինչո՞ւ:
-Հիմա քննարկվում է հարցը, որ էսկալացիան չաճի, պատերազմական գործողությունները լայնածավալ չդառնան եւ այլն, բայց փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ հարցերի քննարկումը երկրորդական է, որովհետեւ, եթե կա կոնֆլիկտը, միշտ էսկալացիայի հնարավորությունն էլ կա: Իսկ այսօր կոնֆլիկտի երկու կողմերն իրենց քաղաքական տեսակետները չեն մոտեցնում եւ չեն էլ կարող մոտեցնել, քանի որ ի սկզբանե դրված հարցն անհնար է լուծել առանց պատերազմի: Այսինքն՝ Ադրբեջանն ասում է՝ ազատագրե՛ք ազատագրված տարածքները, իրենք ինքնավարություն կտան: Դուք կարո՞ղ եք գտնել մի նորմալ ադեկվատ հայի, որ նման գործողության կհամաձայնվի, իհարկե, չկա, եւ այն կոմպրոմիսը, որ առաջարկվում է, անիրականանալի է: Ինչքան էլ հանդիպեն, խոսեն, քանի չկա քաղաքական կոմպրոմիսի եզրերը, որոշ ժամանակ հետո նույնը սկսվելու է: Կրկնում եմ՝ որպեսզի Հայաստանը դա կանգնեցնի, իր ուժերով պետք է մտածի ասիմետրիկ պատասխանների մասին: Մնում է՝ մենք ինքներս գտնենք այնպիսի պատասխաններ, որոնք թույլ կտան դիմացինին հաշվի նստել իրավիճակի հետ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության գործով դատավարությունը երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, մեկնարկեց լարված մթնոլորտում:
«Մինչեւ ե՞րբ պիտի Ռուսաստանի ստրուկը մնաք, ինչո՞ւ պիտի մեր լեն դատարանները թողենք, գանք սրանց տարածքը: Բա դուք դատավո՞ր եք, բա դուք երկի՞ր եք: Ինչի՞ց, ումի՞ց եք պաշտպանում էս տականքին, ինչո՞ւ եք այսքան ոստիկան կանգնեցրել նրա կողքին»,- ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում ընթացքող նիստի ժամանակ հայտարարեց տուժողի իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը:
Իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին զայրացրեց այն հանգամանքը, որ իրենց անգամ նստելու տեղ չէր հատկացվել: Եվ միայն այն ժամանակ, երբ ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը վրդովվեց ու պատշաճ աշխատանքային պայմաններ ստեղծելու պահանջ ներկայացրեց, նախագահող դատավորն ընդմիջում հայտարարեց՝ խնդիրը լուծելու համար:
Ապա տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց գործի նյութերի ծանոթանալու ընթացքում իրենց հայտնի դարձած շատ կարեւոր հանգամանքի վրա:
Խոսքն այն մասին է, որ, ըստ գործի տվյալների՝ մեղադրյալ Վալերի Պերմյակովը «odnoklassniki.ru» սոցիալական կայքում էջ է բացել՝ անդամակցելով սատանիստների խմբի, եւ նշված էջում գրառում է կատարել՝ «Պայմանագիր սատանայի հետ»: Ըստ այդմ՝ Պերմյակովը երդվել է մի քանի կանանց եւ տղամարդկանց հանձնել տիրոջը՝ սատանային՝ նվիրվելով նրան մարմնով ու հոգով՝ հրաժարվելով Աստծուց:
Երեմ Սարգսյանը նշեց, որ այդ փաստը բնութագրում է անձին, նրա մղումները, էությունը, ինչպես նաեւ դա կարող է գնահատվել որպես նրա արարքի դրդապատճառ:
Փաստաբանը միաժամանակ նշեց, որ նախաքննության ավարտից հետո այդ կապակցությամբ իրենք համապատասխան միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմին՝ այդ ուղղությամբ եւս քննություն կատարելու մասին, սակայն միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ պարզվել է հանցագործության դրդապատճառը, այն է՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն կատարելը, ուստի, ըստ նախաքննական մարմնի, սատանիստ լինելու հետ կապված հանգամանքը էական նշանակություն չունի:
Ի դեպ, դատական նիստի ընթացքում պարզվեց, որ Պերմյակովն արդեն մոռացել է իր նախկին դատվածությունը. հիշեցնենք՝ ռուսական կայազորային դատարանի կողմից նա բոլորովին վերջերս դատապարտվել է 10-ը տարվա ազատազրկման՝ դասալքության եւ զենք հափշտակելու մեղադրանքներով: Պակաս ուշագրավ չէ այն հանգամանքը, որ դատական նիստի մեկնարկին դատավորի ինքնաբացարկ հայտնելու հարցի քննարկումը հետաձգվեց մինչեւ մյուս նիստ, իսկ այն տեղի կունենա մեկ ամիս անց՝ հունվարի 18-ին:
Այսպիսով՝ փաստն այն է, որ որեւէ հարմարություն դատական քննությունն անցկացնելուն ուղղված ռազմաբազայում ստեղծված չէր: Իսկ որ պակաս կարեւոր չէ, Պերմյակովին հսկում էին ռազմաբազայի զինծառայողներ: «Սա օրենքի կոպիտ խախտում է»,-նկատեց տուժողների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունները, որով Ադրբեջանը արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը: Հստակ գիտակցելով, որ տվյալ գործողությունները անհետեւանք չեն մնալու, ադրբեջանական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման: ՀՀ ՊՆ-ն խորին ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին եւ կիսում է կորստյան ծանր վիշտը: Նշենք, որ դեկտեմբերի 18-ին ՊԲ հարավային, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով տեղակայված զորամասերի պահպանության վեց տեղամասերի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: Հայկական կողմի ակտիվ գործողությունների արդյունքում բոլոր վեց ուղղություններում հակառակորդի ձեռնարկած սադրիչ դիվերսիոն գործողությունները կանխվել են, նախահարձակ գործողությունները ճնշվել են: Ցավոք, դիրքերից մեկում մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը:

 

ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություն հասավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի ավտոմեքենայից գողություն են կատարել: Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրը՝ նշելով, որ գողացել են համակարգիչն ու մի շարք կարեւոր փաստաթղթեր: Սակայն նա դեպքը չկապեց իր գործունեության հետ. «Մեքենաս կանգնած է եղել կենտրոնում, երկու-երեք տարբեր տեղերում կայանված է եղել: Հասել եմ, նկատել եմ, որ թալանել են. մեքենայի մեջ պայուսակս համակարգչով չկա: Մեջը կարեւոր փաստաթղթեր կային, տանս սեփականության վկայականը: Աշխատանքային եւ անձնական թղթեր, լուսանկարներ»: Սիմոնյանը, սակայն, այս դեպքը չկապեց իր գործունեության հետ: «Ես միտված չեմ այդպես մտածել, 90 տոկոսով չեմ կարծում, որ գործունեությանս հետ կապված կլինի, բայց չեմ էլ բացառում»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը:
Սիմոնյանի խոսքով՝ դժվար թե այս դեպքը բացահայտվի. «Շատ եմ կասկածում, հույս չունեմ, որ կբացահայտվի: Լսել եմ, որ հիմա գողության այդպիսի դեպքեր շատ են տեղի ունենում, մեքենաների ապակիները ջարդում են, կամ ստուգում են՝ բաց է մեքենաների դռները, թե չէ, եւ գողություններ են կատարում, եւ, անկեղծ ասած, հույս չունեմ, որ կբացահայտվի: Չնայած համակարգիչս բավականին թանկ էր, գումարային բավականին վնաս եմ կրել, բայց չեմ կարծում՝ կբացահայտվի: Հույս ունեմ, որ դա ուղղակի սոցիալական վիճակից դրդված գողություն է»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս