ՄԵՆՔ ԳԵՆԵՐՈՎ ԵՆՔ ԱՎԱՆԴԱՊԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին հայ հասարակության մեջ տարբերվում է իր ընդգծված ավանդապահությամբ: Նա նույնիսկ առօրյայում է տարազ կրում, հետեւում է համարյա բոլոր հայկական ավանդույթներին ու բոլորին էլ կոչ է անում վերադառնալ ակունքներին: Նրա հավաստմամբ` հայերի մեջ ե՛ւ պահպանողականություն կա, ե՛ւ օտարամոլություն: Կան ավանդույթներ, որոնք մենք վերցրել ենք  այլ մշակույթներից ու շատ էլ լավ գործածում ենք, օրինակ` մեր հարսանյաց հանդեսների ժամանակ ծաղիկ նետելը, մի քանի հարսնաքույր կամ հարսնեղբայր ունենալը կամ հարսնացուին սպասել եկեղեցում, ոչ թե զուռնա-դհոլով գնալ նրա ետեւից… Չնայած ամեն ինչ չէ, որ կորած է, կան նաեւ այնպիսի ավանդույթներ, որոնք դարեր շարունակ պահպանվել են` պսակ, կնունք, տնօրհնեք…Այն հարցին, թե  ի՞նչը պետք է վերականգնվի, նկարչուհին ասաց. «Կան ազգեր, որոնք մինչեւ հիմա տարազ են կրում, դա շատ լուրջ մշակույթ է, այդ ազգերը չեն ուզում կորցնել իրենց ազգայինը, իսկ մենք կորցրել ենք: Հիմա կասեք` այսօրվա երիտասարդին ինչպե՞ս տարազ հագցնենք: Բայց մենք ունենք 50-ից ավել տարազ, կան դրանց տարբեր տեսակները, խորհրդանիշերը, այդ ամենը պետք է վերականգնել: Վերցնենք «կարմիր խնձորի» խորհրդանիշը: Երիտասարդները մտածում են, թե դա ընդամենը աղջկա կուսության նշանն է, բայց դրա արմատներն ավելի խորն են. դա գալիս է Ադամից ու Եվայից, զույգերի միացությունից: Զուգավորվելու գաղափարը` արականի եւ իգականի միավորումը, հենց «կարմիր խնձորի» խորհրդանիշն է: Շատերը նույնիսկ մտածում են, թե կուսությունն ի՞նչ կարեւոր է որ: Մենք մեզ ժամանակակից ազգ ենք համարում, ամենուր ասում ենք, որ Եվրախորհուրդ ենք մտել, այնուամենայնիվ, մեր մեջ կարծրացած շատ ավանդական բաներ կան: Մենք մեր գենետիկական կոդը չենք մոռացել ու ոչ էլ կարող ենք փոխել»:Հայկական ավանդույթները շատ-շատ են, դրանց մի մասը փոխվել, իրենց վրա են վերցրել ժամանակակից աշխարհի շունչը, արդի տեխնոլոգիաների ազդեցությունը:Նկարչուհու պնդմամբ` տեխնիկական նորամուծություններն ինչ-որ կերպ չեն խանգարում  ավանդույթների պահպանմանը: «Մեր տանը կան մի քանի հեռուստացույց, համակարգիչ, բջջային հեռախոս, բայց դրանք մեզ չեն խանգարում հետեւել ավանդույթներին: Ավանդույթներին հետեւելը մարդկային էության եւ նրա իմացության խնդիր է», – հավելեց տիկին Ագուլեցին:Հայերն ունեն մեծ մշակութային արժեքներ, մեր պապերը մեզ հարուստ ժառանգություն են թողել: Ավանդապահ ենք այնքանով, որ ծեսերից շատերին հետեւում ենք: Բոլոր հայ ընտանիքներում, որտեղ կային նորապսակներ, նշվեց Տրնդեզը, փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը շատ երիտասարդներ հավատքով աղոթք կանեն իրենց հովանավոր Սուրբ Սարգսին եւ հավատով կսպասեն իրենց երազանքի իրականացմանը: Լուսիկ Ագուլեցու կարծիքով` այն, որ այսօր շատերը անտեղյակ են ավանդույթներից, կա նաեւ հեռուստատեսության մեղավորությունը: Եթե ընդամենը հայտարարվի, որ այսինչ կամ այնինչ օրը տոն է, բայց չբացատրվի մարդկանց տոնի բուն խորհուրդը, ոչ ոք էլ չի հասկանա` ինչ պետք է անի, ու չի նշի իր տանը:«Մեր հայ տղամարդիկ շատ ավանդապահ են: Ինչ էլ որ լինի, նրանք իրենց կնոջ մեջ տեսնում են հայ տան կույս աղջիկ, իր ծնողներին հարգող, օջախը պահպանող կին, երեխաների մայր: Եթե նույնիսկ հայ տղամարդն ասում է, որ ժամանակակից հայացքներ ունի, միեւնույն է, նրա հայացքները շարունակում են մնալ ավանդական: Դա նրա գենետիկայի մեջ է, ոչ ոք չի կարող դա փոխել»:Երիտասարդների մեջ քիչ չեն նաեւ նրանք, ովքեր օտարազգի կին կամ ամուսին են ընտրում: Հին դարերում էլ է այդպես եղել. մեր աղջիկներին գերեվարել են պարսիկները, արաբներն ու թուրքերը: Երբ հայ տղամարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, հաճախ ընտրել են օտարազգի կին:  Ավանդապահությունը գալիս է նաեւ դաստիարակությունից:  Կարեւոր է, թե մանկապարտեզում,  դպրոցում եւ ընտանիքում երեխան ինչ դաստիարակություն է ստանում: Նկարչուհու համոզմամբ` եթերից առհասարակ պետք է հանվեն ագրեսիվ ու անճաշակ հաղորդումները: Պետք է մշակույթը ճիշտ ներկայացնել:«Երեկ մի լրագրող զանգահարել էր ինձ եւ հարցնում էր. «Ի՞նչ կարծիք ունեք Քիմ Քարդաշյանի մասին»: Ես էլ ընդհանրապես չեմ ճանաչում այդ աղջկան: Բայց պարզվեց, որ ես այդ աղջկան տեսել եմ մի հաղորդման մեջ, նա հայուհի է եւ ինչ-որ սեւամորթի հետ կապերի մեջ է: Անչափ զարմացա, որ հայուհին կարող է էդ տեսակ վարք ցուցաբերել: Ժամանակները փոխվում են, բայց հայ կինը, հայ աղջիկը երբեք չպետք է կորցնի իր իսկական դեմքը:  Շատ բան  մեր ձեռքերում է»,- այս խոսքերով եզրափակեց նկարչուհին մեր զրույցը :ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս