ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԶՐԿԵԼ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ Լիլի Մկրտչյանը: Նա պատմեց, որ իր ընտանիքն արդեն 5 օր է, ինչ զրկված է խմելու ջրից. Արմավիր քաղաքի ջրամատակարարում իրականացնող «Նոր Ակունք» ՓԲԸ-ն Մկրտչյանների ջրաչափը հանել է ու զրկել խմելու ջրից: Սակայն իր այս գործողությունն ընկերությունը համարում է օրինական:

Նշենք, որ «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում են գտնվում Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր քաղաքները եւ 10 գյուղեր:
«Տանն ունեմ չորս հաշմանդամ, որից երկուսը ազատամարտիկներ են, իսկ մայրս ծանր հիվանդ է՝ անկողնային: Բայց արդեն 5 օր է, ինչ հիվանդ մայրս զրկված է ջրից: «Նոր Ակունք» ՓԲԸ-ի աշխատակիցները եկել են ու առանց մեր իմացության ջրաչափը հանել, տարել են: Ու ինձ համոզում են, որ իրենց գործողությունները օրինական են, բայց այդպես չէ: Իրենք պնդում են, որ մոտ 400 հազար դրամի չափով կուտակած պարտք ունեմ: Բայց ես դա չեմ ընդունում, որովհետեւ ամիսներով մենք չենք ապրել այդ տանը: Կամ եթե ապրել ենք, ապա ի՞նչ եք կարծում՝ 4 հաշմանդամ ինչպե՞ս կարող է երկու ամսվա ընթացքում 400 հազար դրամի չափ պարտք կուտակել: Չորս հաշմանդամի վրա ջուր է կտրել, հիմա հասկանում եք, թե ինչ երկրում ենք ապրում»,- լացակումած ձայնով ներկայացրեց տիկին Մկրտչյանը:
Տուժած քաղաքացու խոսքերով՝ «Նոր Ակունք» ընկերության աշխատակիցները նույնիսկ դուռը չեն թակել, որպեսզի զգուշացնեն ջրաչափը հանելիս: Ի դեպ, այս խնդրի շուրջ Լիլի Մկրտչյանը դիմել է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Սակայն անարձագանք: Առաջիկայում այս հարցով նա կդիմի նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ի տնօրեն Արտավազդ Թորոսյանի հետ, ով հայտարարեց, որ տեղյակ է քաղաքացու ջրաչափը հանելու փաստին: Ավելին՝ նա նշեց նաեւ, որ այն կատարվել է իր անմիջական հանձնարարականով: «Դա օրենքի խախտում չէ: Իսկ եթե տանտերը տանը չէ, ապա ես ո՞ւմ ներկայությամբ հանեի դա: Իսկ ջրաչափը հանվել է այն պատճառով, որ տվյալ քաղաքացին ավելի քան 400 հազար դրամի չափով պարտք ունի: Մենք նույնիսկ այդ պարտքը բռնագանձելու համար դիմել ենք դատարան, դատական վճիռը կայացվել է, իսկ գործերն էլ արդեն ԴԱՀԿ-ում են: Բայց իրենք շարունակում են չվճարել, կամ էլ ծախսում են 5000 դրամի ջուր, բայց վճարում են 500 դրամ: Դուք ի՞նչ եք մտածում՝ իրենց պետք է թողնենք շարունակաբար ջուր օգտագործել»,- վրդովվեց Թորոսյանը:
Ընկերության տնօրենը զրույցի ընթացքում նկատեց նաեւ, որ Լիլի Մկրտչյանին առաջարկվել է հնարավորին չափ պարտքը մարել, սակայն վերջինս հրաժարվել է: «Չէ՞ որ այս ձեռնարկությունը բարեգործական ընկերություն չէ: Մենք ջուրը արդյունահանում ենք ընդերքից՝ էլեկտրաէներգիայի միջոցով, իսկ էլէներգիայի վարձերը նույն Մկրտչյանի կամ մեկ այլ բնակչի չմարված պարտքերի պատճառով չենք կարողանում վճարել: Իսկ սրա արդյունքում վտանգվում է կանոնավոր ջրամատակարարումը»,- արդարացավ Թորոսյանը: Ապա ավելացրեց, որ պատրաստ է Լիլի Մկրտչյանին ընդառաջել եւ ջուրը միացնել, բայց միայն այն դեպքում, երբ նա 40-50 հազար դրամ մարի գոյացած պարտքից: Սակայն Լ. Մկրտչյանը կտրականապես հրաժարվում է վճարել այդ 400 հազար եւ ավել գումարը: Նա պնդում է, որ գոյացած պարտքի չափով ինքը ջուր չի սպառել:
«Արմավիրը փոքր քաղաք է, հարգելի՛ Թորոսյան, եթե Դուք ազնիվ մարդ եք, ապա ինչու է ընկերության մաքրուհին Ձեր տանը մաքրություն, երեխաներին դայակություն անում, ընկերության միջոցների հաշվի՞ն: Կամ «Նոր Ակունք» ընկերությունում շաբաթ-կիրակի օրերին, երբ մարդ չի լինում, աշխատակիցները գորգեր են լվանում այնտեղ: Բա էդ օգտագործված ջրի փողն ո՞վ է վճարում»,- զայրացած նկատեց Լիլի Մկրտչյանը: Տուժած քաղաքացու կողմից բարձրացված հարցը «Ժողովուրդ»-ը փոխանցեց ընկերության տնօրեն Արտավազդ Թորոսյանին, ով ասաց հետեւյալը. ««Նոր Ակունք»-ի մաքրուհին, ով աշխատում է այստեղ, զուգահեռաբար աշխատել է իմ տանը դայակ, որի համար վճարվել է առանձին: Այս պահին իմ երեխայի դայակն այլ մարդ է»:
Հ.Գ. Ի դեպ, այս տարվա ընթացքում «Ժողովուրդ»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Արմավիրի մարզի, մասնավորապես՝ Արմավիր քաղաքի բնակիչներից, ովքեր դժգոհում են խմելու ջրի որակից: Եւ որպեսզի անջուր չմնան, նրանք ստիպված են լինում ջուր գնել՝ 1 լիտրի դիմաց 10 դրամ վճարելով: Իսկ այս խնդրի շուրջ Թորոսյանն ասաց. «Իսկ այն, որ քաղաքը նախկինում ջուր չի ունեցել, բայց հիմա մեր ընկերության շնորհիվ ունի 24-ժամյա ջրամատակարարում, այս մասին ոչ ոք չի խոսում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՃԵՂՔԵՐԸ ԿՓԱԿՎԵ՞Ն
ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամի 300 մլն դոլարի վարկը, որը նախատեսված է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Տեղեկացնենք, որ կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 19-ը, ձեռնպահ է մնացել 2-ը: Ընդդիմության մեծամասնությունը հավանություն չի տվել օրենքի նախագծին՝ նախօրեին հայտարարելով, որ չի կարելի մեծացնել Հայաստանի պարտքի բեռը:
Միջոցները կտրամադրվեն 2015-17 թվականներին 100 մլն դոլարանոց տրանշերով, տարեկան 2,1 տոկոս տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, 10 տարի արտոնյալ ժամկետով: Վարկի նպատակը բյուջեի ճեղքերը փակելն է:
Հիշեցնենք, որ 2016-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կկազմի 190,7 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 395 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի մոտ 3,5 տոկոսը: 2016-ին Հայաստանի կառավարության պետական պարտքը կկազմի մոտ 5 մլրդ 66 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 45,1 տոկոսը (2015-ի արդյունքում` 44,1 տոկոս): Հայաստանի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցում է 50 տոկոսը, հաջորդ տարի բյուջեի սղաճը չպետք է գերազանցի վերջին 3 տարվա ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3 տոկոսը:




Լրահոս