«ԼՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ. ԱՅՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՏԵՍՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը նշում է, որ իր նկարների միջոցով փորձում է փոխանցել լույսի գաղափարը: Իսկ «լույս» բառը, նրա խոսքով, պետք չէ բացատրել, դրա նշանակությունն անհայտ է, եւ լավ է, որ դա գաղտնի է մնում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է նաեւ նկարիչների միությանը, UNESCO-ի նկարիչների խորհրդին անդամակցելու մասին` համարելով դա անպտուղ գործ:

-Պարո՛ն Հարությունյան, սովորել եք ակադեմիկոս Ղուկաս Չուբարյանի մոտ, նկարիչ Էդուարդ Արծրունյանին համարում եք Ձեր ուսուցիչը. նրանք ի՞նչ ազդեցություն են ունեցել Ձեր աշխարհայացքի ձեւավորման հարցում:
-Ես շատ ուրախ եմ, որ ինձ նման նկարիչներ են դասավանդել, թե չէ հիմա դասավանդման հարցը լուրջ է, բնագավառում շատ պատահական մարդիկ կան, որոնց աշխատանքը որակ չի ապահովում: Արծրունյանի հետ աշխատել եմ, օրինակ, «Հայաստան» որմնանկարի, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի 700-ամյակի ձեւավորումների վրա: Հիշում եմ, որ Արծրունյանն ինձ միշտ տանում էր պատկերասրահ` Սարյան եւ Սուրենյանց դիտելու: Նրանց գործերը նայելով՝ հասկանում ես, որ գոյություն ունի տրադիցիոն գեղանկարչություն: Դրա մեջ մի գաղտնիք կա, որն անըմբռնելի է, ու մենք պետք է ծառայենք այդ գաղտնիությանը, երբեք չպետք է կասկածենք դրա գոյության վրա. այն, երեւի, մեր գեների մեջ է, չգիտեմ… Ոչ ոք այդ գենի գաղտնիքը չի կարող բացատրել, բայց ամենքն էլ ապրում են դրանով: Մի բան էլ կա. չպետք է կորցնել բնության հետ ունեցած կապը…Արծրունյանն, օրինակ, ասում էր` սպիտակը բնության մեջ սպիտակ չի, այսինքն` սպիտակը բնության մեջ ինչպե՞ս է նայվում. համարյա գոյություն չունի, բայց մենք սպիտակն օգտագործում ենք, չէ՞: Նկարիչն այդ հոտառությունը բնազդի պես պետք է ունենա: Եվ հետո շատ կարեւոր է պատկեր ներկայացնելու խնդիրը:
-Չին նկարիչ ու բանաստեղծ Տին-Նունը ասում էր. «Նկարելով ճյուղը` պետք է լսել` ինչպես է սուլում քամին»:
-Արշիլ Գորկին էլ ասում էր. «Ես ուզում եմ նկարել ծիրանի բույրը»: Պատկերացրեք` ես զգում եմ այդ բույրը, նրա նկարները տեսնելով` ծիրանի հոտն առնում եմ: Օրինակ` տեսեք, կարդում ենք Չարենցի «Մորս համար գազել»-ը, նա գրում է. «Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին»: Հետո կարդում ենք ուրիշ բանաստեղծների գրվածքները մոր մասին: Նրանք ներկայացնում են մի տեսակ «քրքրված», գիշերները չքնած, կարոտախտով «տառապող» մոր կերպար, դրանք եւս զգայական աշխարհում ծնված գործեր են, բայց միայն Չարենցն է, որ պատկեր է ներկայացնում. նույնը երաժշտության մեջ է, նկարչության մեջ է:
-Անհատական ցուցահանդեսներով հանդես եք եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլ երկրներում: Նկարիչների միության անդամ լինելու հանգամանքն օգնո՞ւմ է դրսում ցուցադրվելուն:
-Նույնիսկ հայրենիքում չեն ուզում, որ մեր նկարները ցուցադրվեն, էլ ուր մնաց` դրանից դուրս: Մոսկվայում, օրինակ, «Գարնանային սալոն» անունով ամենամյա ցուցադրություն կա: Դրան մասնակցում են տարբեր երկրներ: Տարիներ շարունակ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նկարներից բացի՝ ոչ մի հայաստանցի նկարչի գործեր այնտեղ չեն ցուցադրվում: Երբ ես լինում եմ Ռուսաստանում, գնում եմ այդ ցուցադրությանը, տեսնում եմ, որ Հայաստանից միայն Կարենի նկարներն են ներկայացված:
-Բայց ինչպե՞ս:
-Մեզ չեն իրազեկում, հասկանո՞ւմ եք… Ոչ մեկ (եթե իրենց շարքերից չի) չգիտի, որ Հայաստանը մասնակցում է, օրինակ, այդ ցուցահանդեսին: Եվ սա միակ դեպքը չէ. նման օրինակները բազմաթիվ են:
-UNESCO-ի նկարիչների խորհրդի անդամ եք: Սա Ձեզ ի՞նչ է տալիս:
-Ինձ այդ խորհրդի շարքերն ընդունեցին դեռեւս Սովետմիության տարիներին: Հիմա այդ խորհրդի անդամությունը դարձրել են վճարովի, բիզնես են անում, թեեւ դա ինձ չի վերաբերում, քանի որ, իրենց խոսքով, վաղուց եմ անդամակցում խորհրդին: Բայց դա բացարձակ ոչինչ չի տալիս ինձ, խաբկանք է: Խորհրդային տարիներին, գոնե, խորհրդի անդամների մուտքը թանգարաններ անվճար էր, հիմա դա էլ չկա…
-Եվ վերջում` Ձեր ներկայացրած աբստրակտն ինչպե՞ս կբնութագրեք:
-Իմ նկարներում ես փորձում եմ փոխանցել լույսի գաղափարը: Իսկ «լույս» բառը պետք չէ բացատրել, դրա նշանակությունն անհայտ է, եւ լավ է, որ դա գաղտնի է մնում: Շատ ստեղծագործողների հարցնում են, ասում են. «Այս ի՞նչ ես ստեղծել», իսկ նրանք ձեռքերը վերեւ են բարձրացնում ու ասում. «Չգիտեմ…»: Լույսի մասին չեն խոսում. այն հարկավոր է տեսնել: Նայում ես Սարյանի նկարներին, ու դրանցից լույս է ճառագում: Դա հենց մարդու հոգու լույսն է, որը պետք է նկատել ու ապրել:

 

 

 
«ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԱՄՈՒՍԻՆՍ»

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը մայրանալուց ի վեր ստեղծագործական դադարի փուլում է: Հոկտեմբերից հետո նա դեռ չի ներկայացել հանդիսատեսին, ինչպես ինքն է նշում՝ ամբողջովին նվիրվել է դստերը` Մայային, եւ վայելում է նրա հետ անցկացրած ամեն օրը: Այնուամենայնիվ, Անուշիկը պատրաստվում է շուտով վերադառնալ իր բնականոն աշխատանքային կյանքին: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ կան մի շարք ծրագրեր, որոնք պետք է իրականացնի «Կարեն Մամիկոնյան» բենդի հետ:

«Մյուս տարվա սկզբից, հավանաբար փետրվարից, արդեն կսկսենք փորձերը եւ կպլանավորենք համերգների օրերը: Հանդիսատեսին շատ սպասել չենք տա: Մտադիր եմ նաեւ նոր գործ ձայնագրել, բոլորովին նոր ձեւով ներկայացնել շատ հայտնի երգի cover տարբերակը: Գործիքավորման հեղինակը ամուսինս է` Կարեն Մամիկոնյանը: Պլանավորում եմ այդ երգի հիման վրա նկարահանել նաեւ տեսահոլովակ»,-ասաց նա:
Սա առաջին տարին է, որ Անուշիկն ու Կարենը Ամանորը դիմավորում են համալրված ընտանիքով: Նոր տարվա հրաշքին նրանց հետ միասին սպասում է նաեւ զույգի փոքրիկը: «Քանի որ արդեն երեքով ենք, մեծ ոգեւորությամբ ենք սպասում Ամանորին, որը կնշենք առանձնահատուկ կերպով: Ձմեռ պապիկին փոխարինում է ամուսինս (ծիծաղում է)»,-նշեց նա:
Անուշիկի խոսքով` ինքը շատ հանգիստ է վերաբերվում այս տոնին եւ ծայրահեղ մոտեցումներ չունի, նախապատրաստական աշխատանքների ընթացքում չի լարվում, փորձում է վայելել ամանորյա մթնոլորտը: Նա մասնակցում է նաեւ տոնական ուտեստների պատրաստմանը. «Սակայն ես նախապատվությունը տալիս եմ ոչ թե ավանդական ուտեստներին, այլ փորձում եմ ձեռք բերել յուրահատուկ, հետաքրքիր բաղադրատոմսեր»,-շեշտեց նա:
Անուշիկն ու երաժիշտ ամուսինը նախորդ տարի, օրինակ, Ամանորը դիմավրել են Դուբայում. Անուշիկը Նոր տարվա գիշերը այնտեղ հանդես է եկել համերգով. «Անցած անգամ շատ օրիգինալ ձեւով նշեցինք Ամանորը, բայց այս անգամ նախընտրում ենք մնալ տանը, լինել մեր փոքրիկի հետ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՆՏԻՊՆԵՐԸ ԼՈՒՅՍ ԿԸՆԾԱՅՎԵՆ
Դեկտեմբերի 18¬ին` hայ գրող, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի մահվան օրը, Հայաստանի գրողների միությունը կազմակերպել էր այց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային¬բարեգործական հիմնադրամի տնօրեն, գրողի որդի Դավիթ Մաթեւոսյանը պանթեոնում հայտնել է, որ տարեվերջին մշակույթի նախարարության հետ պայմանագիր են կնքել մաթեւոսյանական անտիպ ստեղծագործությունների գրքի մի մասի ֆինանսավորման վերաբերյալ: «Հույս ունեմ` մյուս տարի առաջին կիսամյակի ընթացքում լույս կընծայվի ստեղծագործությունների երկհատորյակը»,- ասել է նա:

 

ԱՄԵՆԱՈՃԱՅԻՆՆԵՐԸ
Financial Times-ը հրապարակել է նախորդ տարվա ամենաոճային մարդկանց անունները: Նրանց թվում են մի շարք քաղաքական գործիչներ, երաժիշտներ եւ դերասաններ: Վերջիններիս անունները դասավորված չեն կոնկրետ հորիզոնականներով:
Այս ցուցակում տեղ են գտել Ջասթին Բիբերը, Ջեննիֆեր Լոուրենսը, Դակոտա Ջոնսոնը, Քոլին Ֆարելը, ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրահամսը, ինչպես նաեւ մոդելներ Լինեյզի Մոնտերոն եւ Քենդալ Ջենները: Ցուցակում հայտնվել են նաեւ քաղաքական գործիչներ Հիլարի Քլինթոնի, Ջասթին Թրյուդոյի, Ջորջ Օսբորնի, ինչպես նաեւ գրող Մարլոն Ջեյմսի, դերասանուհի, երգչուհի Վանեսա Պարադիի եւ այլոց անունները:

 

ՀԵՐՈՍԸ ՄԵԾԱՑԵԼ Է
Դերասան Մաքոլեյ Կալկինը, ով հայտնի է դարձել «Տանը միայնակ» սիրված ֆիլմաշարում գլխավոր հերոսի դերով, նկարահանվել է արդեն մեծացած Քեւին Մաքքալիսթերի դերում: Այս մասին հայտնում է Tert.am-ը` հղում անելով ԿոՏջՐպՉՈՑպսՖ-ին: Ըստ արեւմտյան լրատվամիջոցների՝ նա կհայտնվի DRYVRS առցանց սերիալի առաջին էպիզոդում։
35-ամյա Կալկինը կկատարի վարորդի դեր, ով ի վիճակի չէ ավտոմեքենան կառավարել։ Արդյունքում ուղեւորը նստում է ղեկին, իսկ վարորդը պատմում է իր պատմությունը: Ֆիլմում միահյուսվում են հերոսի ներկան եւ անցյալը: Նրա շուրջ ծավալվող հետագա իրադարձությունները սերտորեն առնչվում են նրա մանկության տարիների արկածներին:




Լրահոս