«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկայում կմեկնի ԱՄՆ, որտեղ ընտանիքի անդամների հետ կնշի Ամանորը: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանի աշնանային քաղաքական-հյուրախաղերը մոտեցան իրենց ավարտին: Իսկ ձմեռային հյուրախաղերը նախատեսված են արդեն հունվարի երկրորդ կեսին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» միավորման անդամները քննարկում են իրենց պայքարը միառժամանակով դադարեցնելու եւ հունվարի երկրորդ կեսին նոր միայն այն վերսկսելու տարբերակը: Ըստ այս մոտեցման կողմնակիցների՝ Ամանորի շեմին իրենց պայքարը հնարավոր չի լինի լայն թափով շարունակել, քանի որ մարդիկ այժմ զբաղված են տոներին նախապատրաստվելով: Իհարկե, «Նոր Հայաստանում» կան նաեւ մարդիկ, որոնք կարծում են, որ պայքարը չի կարելի ընդմիջել, որովհետեւ դրանից հետո այլեւս չեն կարողանա մարդկանց հրապարակ բերել:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես է համատեղելու իր գործառույթները՝ հա՛մ լինի ԱՄՆ-ում, հա՛մ պայքարի Ազատության հրապարակում: «Հիմա եթե այդ մարդու ընտանիքի անդամներն այնտեղ են, ի՞նչ անենք, գնդակահարե՞նք Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչու պայքարը միայն այստե՞ղ է, դրսում հանդիպումներ կան: Ի՞նչ կապ ունի դա պայքարի հետ, եթե մարդը գիշերը գնա, տանը քնի, ուրեմն դա նշանակում է, որ մարդը հրաժարվե՞լ է պայքարից, գնացել, քնե՞լ է»,- պատասխանեց պարոն Մարտիրոսյանը:
Նոր Սահմանադրության նախագիծը երեկ հրապարակվեց «Պաշտոնական տեղեկագրի» հատուկ թողարկմամբ: Այսինքն՝ Հայաստանն արդեն նոր Սահմանադրություն ունի: Այսօրվանից մեր երկիրն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին: Իհարկե, նոր Սահմանադրության ոչ բոլոր դրույթներն են միանգամից ուժի մեջ մտնելու: Մասնավորապես, նոր Սահմանադրության 1-ից 3 գլուխները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, այսօրվանից ուժի մեջ կմտնեն: Իսկ կառավարման համակարգին վերաբերվող գլուխները, որոնք ներառված են Սահմանադրության 4-րդ, 5-րդ եւ 6-րդ գլուխներում, ուժի մեջ կմտնեն աստիճանական կարգով: Դրանց մի մասը ուժի մեջ կմտնի 2017 թվականի Աժ ընտրություններով՝ նոր խորհրդարանի կազմավորվելուց հետո: Կառավարության լիազորությունները նախատեսող հոդվածները ուժի մեջ կմտնեն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից, այսինքն՝ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո:
Այն բանից հետո, երբ նոր «Մետաքսի ճանապարհով» առաջին գնացքը մեկ շաբաթ առաջ Չինաստանից հասավ Վրաստան (Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա), այլեւս բոլորի համար հասկանալի դարձավ, որ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրն այլեւս անիրագործելի է: Ուստի «Ժողովուրդ»-ը կառավարության լրատվականից փորձեց պարզել, թե արդյոք ներկա պայմաններում գործադիրում ընդունում են, որ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը տապալվել է, կամ եթե ոչ, ապա ինչ միջոցներով եւ ինչպես են պատրաստվում այն իրագործել: ՀՀ ՏԿ նախարարությունից մեզ տրված պատասխանը, մեղմ ասած, հուսադրող չէր: Մարդիկ գրել են, որ իրենք ծրագրի իրագործման ուղղությամբ շարունակելու են աշխատանքները, ասել է թե՝ բանակցությունները: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունում շարունակում են չընկալել արտաքին աշխարհում տեղի ունեցող գործընթացները եւ ապրում են իրենք իրենց հորինած «մոլորակում»:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են: Բանն այն է, որ Արա Աբրահամյանը նոր կուսակցություն ստեղծելու գործում որոշել է հանդես գալ միայնակ: Իսկ նրա եղբայրները, որոնցից Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ եւ Արմեն Աբրահամյանը` ԲՀԿ, շարունակելու են իրենց կուսակցություններում մնալ` ձեւացնելով, թե իրենց եղբոր նախաձեռնության հետ իրենք կապ չունեն, լարված են եղբայրական փոխհարաբերությունները: Իրականում այս բեմականացմամբ Արա Աբրահամյանը հնարավորինս փորձում է ներկայանալ իբրեւ նոր ուժ, իսկ իշխանական կուսակցություններում ծվարած իր եղբայրների հետ համատեղ նա նման կերպարով չէր կարողանա հանդես գալ: Մյուս կողմից էլ Աբրահամյան եղբայրները տարբեր կուսակցություններում մնալով՝ հույս ունեն, որ իրենցից գոնե մեկին 2017-ին կհաջողվի սողոսկել խորհրդարան:
ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում երեկ նիստը նահագահող Սերժ Սարգսյանը հանդես է եկել բավականին կոշտ ելույթվ` կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին ուղղելով մի շարք սուր հարցադրումներ: Մասնավորապես զուգահեռներ տանելով Թուրքիայի կողմից ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցմանը «մեկը բոլորի եւ բոլորի մեկի համար» սկզբունքով ՆԱՏՕ-ի արձագանքի եւ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի սահմանների նկատմամբ օրեցօր ավելի լկտի դրսեւորումներ ստացող ոտնձգություններին ՀԱՊԿ-ի բացարձակ լռության միջեւ` Ս. Սարգյանն ասել է.«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշկեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված: Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, եւ դրա հետ մեկտեղ նաեւ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարեւորությունը»:
Իհարկե, Ս. Սարգսյանն առաջին անգամը չէ, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներում բարձրացնում է այս հարցը: Հիշեցնենք, որ 2 տարի առաջ եւս գրեթե նույն սրությամբ Ս. Սարգսյանը ՀԱՊԿ ղեկավարներին հիշեցրեց իրենց դաշնակցային պարտավորությունների մասին Սոչիում կայացած գագաթնաժողովի ընթացքում: Այն ժամանակ, սակայն, Ս. Սարգսյանի՝ նման «բարձր տոնայնությունը» փորձագետները պայմանավորում էին ՀՀ-ի` ԵՏՄ մտնելու քայլի կարեւորությամբ Ռուսաստանի համար, հանուն ինչի էլ ՀԱՊԿ ղեկավարները առանձնապես սուր չարձագանքեցին Սարգսյանի մեղադրանքներին: Ու թեեւ Ս. Սարգսյանը Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին անխտիր բոլոր նստաշրջաններում եւ գագաթնաժողովներում բարձրաձայնում էր, այդ թվում եւ նախորդ` Դուշանբեի նստաշրջանում, երեկվա հայտարարությունը նկատելիորեն տարբերվում էր ձեւակերպումների կտրուկությամբ:
Մտածել, թե դա պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, իհարկե, միամիտ մոտեցում է: Թեեւ ոչ ամբողջական, սակայն կարեւոր դրդապատճառը թերեւս պետք է տեսնել նախօրեին Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման եւ դրանից հետո ԵԱՀԿ միջնորդների հետ ունեցած քննարկումներում: Եվ ՀԱՊԿ-ի անդամներին, ըստ էության, վերջնագրային բովանդակության այդ հրապարակային հանդիմանանքից կարելի է եզրակացնել, որ այդ քննարկումների արդյունքում Ջեյմս Ուորլիքի հիշատակած կենացը եղել է հանուն ԼՂՀ-ի անվտանգության: