Կիրակի օրը հայաստանյան ամենադիտվող հեռուստաընկերություններից մեկի եթերով Արա Աբրահամյանի մեծարումն էր՝ հարց լուծող մարդ, համարձակ կերպար, օրինակելի որդի, փայլուն ամուսին եւ մեծ հումանիստ: Հաղորդման նպատակը Հայաստանում ունեցած փուչ կերպարից մարդ սարքելն էր:
Իհարկե, եթե այս եւ սպասվող նմանատիպ հաղորդումները հեռարձակվեին, օրինակ, մոտ մեկ տարի առաջ, դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ կասկածի տակ դնել Արա Աբրահամյանի գործունեության որեւէ դրվագ կամ փնտրել պատճառներ, թե ինչու է Արա Աբրահամյանը երեսով տալիս իր կատարած աշխատանքը: Ընդհակառակը, կողջունվեր նրա գործունեությունը, ինչպես ռուսաստանաբնակ շատ մեծահարուստների դեպքում: Բայց հիմա, երբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ցանկություն ունի մտնել հայաստանյան քաղաքական դաշտ ու որոշակի դերակատարություն ստանձնել, արդեն ակնհայտ է, որ շոուն կազմակերպվել է ՀՀ քաղաքացու քվեն մուրալու հեռահար նպատակով:
Նախ ֆիլմում երեւում է Արա Աբրահամյանը «սպարտիվկաներով»` խոսում իր դառը մանկությունից, չքավոր ապրելակերպից, որ կոշիկ չի ունեցել` դպրոց գնա, լացել է կոշիկի համար, այնուհետեւ խոսում է նպատակասլացությունից եւ իր ընտանիքից` բացառապես ծնողներին, առավելապես մորը հիշատակելով: Ֆիլմի ոչ մի դրվագում չկային Արա Աբրահամյանի եղբայրները, որոնցից Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ, իսկ Արմեն Աբրահամյանը` ԲՀԿ: Ընդ որում, Գագիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից ու անդամակցել իր հարազատ եղբոր կողմից ստեղծվելիք կուսակցությանը: Այլ կերպ ասած, նույնիսկ գովազդային ֆիլմից նկատելի էր, որ Արա Աբրահամյանն իր ընտանիքում այսօր խնդիրներ ունի. 4 եղբայրներով կարծես թե այնքան էլ հաշտ չեն: Փոխարենը ռուսազգի տիկինն է հիացած իր ամուսնով, որը հարցազրույց էր տալից մե՛կ տանը, մե՛կ «յախտայի» վրայից: Ե՛ւ ամուսինը ե՛ւ տիկինն անվերջ խոսում էին, որ իրենք շատ ծանր պայմաններում են ապրել ու հիմա ամեն ինչ ունեն, դժվարությունները հետեւում են մնացել: Նկատենք, որ բացի հին նկարներից ու Արա Աբրահամյանի խոսքերից, որ դուստերը ԱՄՆ-ում են ապրում եւ սովորում, որեւէ այլ տեղեկություն երեխաների մասին էլ չհնչեց: Հավանաբար Արա Աբրահամյանը ազդված է հայաստանյան բլոգոլորտում հնչած քննադատություններից` ուղղված իր դստերը, որը կիսամերկ հոլովակներ էր նկարահանել ԱՄՆ-ում եւ տեղադրել համացանցում:
Ինչեւէ, հիմա դառնանք Արա Աբրահամյանի գործունյա կերպարին: Նա ֆիլմում հնարավորինս ցուցադրում էր իր կապերը աշխարհի տարբեր երկրների հետ, եւ ակնհայտ էր, որ նրա ուժը բացառապես ունեցած կապերն են: Քանի որ ո՛չ ինտելեկտի, ո՛չ ընտանեկան արժեհամակարգի, ո՛չ հայրենասիրության, ո՛չ առավել եւս քաղաքական կերպարի իմաստով Արա Աբրահամյանը չէր փայլում, ընդհակառակը` խոցելի էր: Նա ներկայացնում էր իր աշխատանքը, թե ինչպես է օգնել մարդկանց, ինչ հարցեր է լուծել Հայաստանում, Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս, ինչ եկեղեցի է կառուցել հարազատ Մալիշկայում եւ այսպես շարունակ:
Ֆիլմում այնպիսի պաթոսով էր ներկայացվում Արա Աբրահամյանի կերպարը` որպես մեծ հայրենասերի ու բարերարի, որ հնարավորինս նմանեցվեր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Բայց հանուն արդարության, պետք է նշենք, որ Գագիկ Ծառուկյանը շատ ավելի ընկալելի ու ընդունելի կերպար է Հայաստանում, քան Արա Աբրահամյանը: Ծառուկյանը ապրել, մեծացել է Հայաստանում եւ բացառապես հայի շահն է հետապնդել: Իսկ Արա Աբրահամյանին նույնիսկ ֆիլմից էր նկատելի, որ կյանքում բացառապես անձնական շահն է հետաքրքրում եւ «կարեւոր մարդկանց» հաճոյանալը, որպեսզի մեդալ կամ պատվոգիր ստանա: Նա տարիներ շարունակ Հայաստան-Ռուսաստան կամուրջի, մարդկանց օգնելու տարաբնույթ միջոցառումների ֆոնին ստեղծել է իր համար հարթակներ, որոնք այսօր օգտագործում է տրամաբանորեն հակառակ ոլորտում, դարձնում է իր քաղաքական հենարանը: Սա, թերեւս, ամենաանթույլատրելի բանն է:
Այն, որ ՌԴ-ում 2.5 մլն հայ է ապրում, եւ ինչպես ֆիլմում է ասվում` նրանց բոլորին համախմբել է Արա Աբրահամյանը, իրականում մեզ մտահոգող փաստ է: Մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հնարավորություն չգտնելով՝ այլ երկրում են հանգրվանել ու ամենեւին էլ համախմբված չեն, տարրալուծվել են՝ շատ դեպքերում մոռացության տալով իրենց լեզուն ու ավանդույթները: Իսկ այն քիչ մասը, որ համախմբվել է Ռուսաստանի հայերի միության շրջանակներում, ակնայտ է, որ չի պատվիրել Արա Աբրահամյանին գալ Հայաստան ու աթոռի կռիվ տալ: Եւ մարդկաց անունից խոսելն ու նրանց հույզերի հետ խաղալն ամենեւին էլ հերոսություն չէ, ինչպես մատուցվեց ֆիլմի ավարտին. «Աշխարհի դեսպան խիզախ ասպետ»: Նա մի սովորական հայ մարդ է, որը հաջողեցրել է ճկունություն դրսեւորել, ճիշտ տեղում հայտնվել ժամանակին եւ վերջ:
Նկատենք՝ Արա Աբրահամյանն անչափ լավատես է: Նա անկեղծորեն հավատում է, որ իրեն կհաջողվի փրկել Հայաստանը կործանումից: Մնում է՝ մենք հավատանք, որ նա հերթական հյուրախաղերով չի գալու` գործող իշխանության ապօրինությունները սատարելու հեռահար նպատակով:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դեկտեմբերի 19-ին ձերբակալվել էր Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու կասկածանքով: Ղարաբաղյան ազատամարտիկների խորհրդի նախագահ Արկադի Կարապետյանից՝ Ագոյից, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք վերջերս ստեղծված «Պահեստազորի սպաների համահայկական միության» ձեւավորման նախաձեռնողը եղել է Վ. Շիրխանյանը, ու հենց դրա պատճառով է, որ նրան կալանավորել են: «Ես էլ եմ ընդգրկված միության կազմում, բայց Վարդան Ավետիսյանն է նախաձեռնել այդ ամենը, դա նրա գաղափարն է, իսկ ես էլ պատրաստ եմ նրան ամեն ինչով օգնել, դեռեւս գործընթացը գնում է: Բայց դա Վահան Շիրխանյանի հետ կապ չունի, նա չի կազմակերպել այդ ամենը, դրանում Շիրխանյանը առանձնապես դերակատարություն չուներ»,- պատասխանեց Կարապետյանը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, սակայն, չի հերքում, որ վերջին շրջանում Շիրխանյանը մի քանի անգամ հանդիպել է իր հետ՝ միությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Երեկ Ֆորում իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին ԱԱԾ քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Ըստ փաստաբանի՝ Վ. Շիրխանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
ՀՀԿ-Ն ԴԺԳՈՀ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում փակ քննարկել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Քննարկումը բուռն է անցել, քանի որ ՀՀԿ-ականներից շատերը դեմ են այդ նախագծին: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները հորդորել են կառավարությանը «փոխանցել», որ պետք չէ այլեւս նման կարգի նախագծեր ուղարկել եւ պարտադրել, որպեսզի արագացված ռեժիմով այն ընդունվի:
ՀԱՐԳԵՑԻՆ ՈՒ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Երեկ խորհրդարանը շարունակեց անցած շաբաթ կառավարության նախաձեռնությամբ մեկնարկած արտահերթ նիստը: Խորհրդարանում քննարկումների ընթացքում մեծ աղմուկ հանած օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում եւ մի շարք հարակից օրենքներում, կողմ 94, դեմ 5 եւ ձեռնպահ 3 քվեարկությամբ ընդունվեց: Ենթադրվում է, որ այս օրենքի ուժի մեջ մտնելը կհանգեցնի դեղերի թանկացմանը եւ կնպաստի, որպեսզի այս ոլորտը եւս մենաշնորհի ենթարկվի, եւ դրանից ստացվող եկամուտները կենտրոնանան մեկ-երկու օլիգարխների ձեռքում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում երեկ կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Բանակցությունների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են նախորդ՝ 2015թ. հոկտեմբերի 16-ի բարձրագույն խորհրդի նիստում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը, Եվրասիական տնտեսական խորհրդի՝ 2016թ. բյուջեն, Միության կառույցներում նախագահության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջեւ պարտականությունների բաշխման եւ անձնական կազմի մասին, Միության անդամ պետություններում 2020թ. փուլի մարդահամարի անցկացման մասին եւ մի շարք այլ հարցեր: Օրակարգի շրջանակներում Միության պետությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելու դեպքում տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի դրույքաչափը, քննարկել «ԵԱՏՄ-ի եւ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու կապակցման հարցերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մասին» հարցը: Անդրադարձ է եղել նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի դադարեցման խնդրին: Ստորագրվել են «միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին» հատարարությունը, «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին», «ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումների նախագծերը:
ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Եվրամիությունը վերջնականապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդի հայտարարությանը: Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 21-ին: ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումն ընդունվել է այն ֆոնին, որ ուկրաինական ճգնաժամի հարցով Մինսկի համաձայնագրերը լիովին չեն իրականացվի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը: Երկարաձգված պատժամիջոցները ենթադրում են սահմանափակումներ ֆինանսների, էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում: Հիշեցնենք, որ Մոսկվայի հանդեպ Եվրամիության պատժամիջոցներն ընդունվեցին 2014թ. գարնանը Ուկրաինայի հարավ-արեւելքում կոնֆլիկտի սկզբից հետո, եւ սկզբնապես ենթադրում էին սահմանափակումներ ՌԴ որոշ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ: