Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծվել էր հանցավոր խումբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանցախմբի անդամների գրեթե մեծ մասն արդեն ցուցմունք է տվել, ինչից հետո այս օրերին կալանավորված եւ ձերբակալված անձանց թիվը հասել է մոտ 5 տասնյակի:
Ըստ ԱԱԾ-ի՝ վնասազերծված հանցախումբը ձեռք բերված զենքերը պետք է ծառայեցներ Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելուն: Այս աղմկալի բացահայտում-ներկայացումից անցել է շուրջ մեկ ամիս, եւ մինչ օրս նախաքննություն իրականացնող մարմինը դեռեւս կոնկրետ չի ասում, թե որտեղ, ինչպես եւ, առհասարակ, ում նկատմամբ հարձակում պետք է իրականացնեին խմբի անդամները: Խոստացված հայտարարությունը, թե շուտով բոլորս ամեն ինչ կիմանանք, դեռ չի արվում, սակայն դրա փոխարեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներն այս օրերին խմբի անդամներին տարբեր ճանապարհներով համոզելով՝ ցուցմունք են վերցնում եւ ընդարձակում ձերբակալությունների շրջանակը: Մեզ հասած տեղեկություններով` այս օրերին կալանավորված եւ ձերբակալված անձանց թիվը միասին հասել է մոտ 50-ի, եւ թիրախում են նաեւ ընդդիմադիր շատ գործիչներ:
Այս գործով կալանավորված անձանց ցուցմունքներից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որոնց հավաստիությունը մեզ չհաջողվեց պաշտոնապես ճշտել, քանի որ ԱԱԾ-ն հանցախմբին առնչվող հարցերին ունի մեկ պատասխան՝ նախաքննությունը շարունակվում է:
Ուստի մեզ մնում է հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրներին՝ հայտնել, որ կալանավորված անձինք իրավապահների հետ բանավոր զրույցում հայտնել են, թե նշյալ հասցեում հայտնաբերված զենքերը չէին օգտագործելու հայերի դեմ եւ երբեք իրենց թույլ չէին տա ձեռք բարձրացնել հայի վրա: Ու երբ իրավապահները նրանցից հետաքրքրվել են` եթե այդպես է, ապա ինչ նպատակով էին այդքան զենք ձեռք բերել, նրանք պատասխանել են, թե. «Արթուր Վարդանյանը սկզբում ասել է, որ այս զենքերով կկռվենք հանուն Քեսաբի, իսկ ավելի ուշ պլանները փոխվել են, եւ նրանց ասել են, թե այս զենքերով Ղարաբաղի համար ենք գնալու կռիվ»:
Քննիչները կալանավորված անձանց ուշագրավ դիտարկում են արել, որ եթե ուզում էիք Ղարաբաղի համար կռվել, ինչո՞ւ պաշտպանության նախարարություն չէիք դիմում, այլ Արթուր Վարդանյանի շուրջ եք համախմբվել: Շատ ազատամարտիկներ գրեթե միաբերան հայտնել են, որ իրենք իրենց տվյալները, փաստաթղթերը ՀՀ պաշտպանության նախարարությանն են ներկայացրել` հայտնելով, որ ուզում են կամավոր գնալ Ղարաբաղ, օգնել մեր զինվորներին, կռվել, սակայն նախարարությունը մերժել է ազատամարտիկների խնդրանքը՝ նշելով, թե ձեր տարիքը լրացել է, չեք կարող: Դրա համար էլ համախմբվել են Արթուր Վարդանյանի շուրջ` նկատի ունենալով, որ «Հայոց վահան» ՀԿ-ն մեծ ներդրում է ունեցել Քեսաբի ազատագրման գործում:
Նշենք, որ կալանավորված անձինք իրավապահներին հայտնել են նաեւ, որ Արթուր Վարդանյանն իրենցից Ղարաբաղին օգնելու թիմ ձեւավորելու համար պահանջել է անձնագիրը եւ այլ փաստաթղթեր` գուցե հետագայում պաշտպանության նախարարությանը ներկայացնելու կամ այլ նպատակով:
Ի դեպ, գործով կան մարդիկ, որոնք դեռեւս ցուցմունք չեն տալիս, քանի որ խմբի գործողություններից շատ տեղեկություններ չունեն, եւ եթե նախաքննությունն իրականացնող մարմնի հարցերին չկարողանան պատասխանել, ապա այդ փաստը կարող է օգտագործվել իրենց դեմ, ուստի առայժմ ցուցմունքներ չեն տալիս:
Հավելենք, որ կալանավորված անձանց մեջ է նաեւ «Հայոց վահան» ՀԿ-ի առաջնորդ, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի ընկերուհին: Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նորքի առաձնատանը վնասազերծված «հանցավոր» խմբի մեջ աղջիկներ էին եղել` 34-ամյա Մարինե Կաթանյանը, 25-ամյա Ասյա Մկրտչյանը, 21-ամյա Նելի Մինասյանը, որոնք հրաժարվել էին ցուցմունք տալ՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Պարզվում է, որ աղջիկները պատահական չեն հայտնվել այդ առանձնատանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մարինե Կաթանյանը Արթուր Վարդանյանի ընկերուհին է, իսկ մյուս աղջիկներն էլ Մարինեի մտերմուհիներն են եւ, ըստ էության, նրա միջոցով էլ հայտնվել են այդ տանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Գոլդեն փելես» հյուրանոցը տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց որ հոկտեմբերին հյուրանոցի անունով ապրանք է ներմուծվել Հայաստան եւ 2 ամիս ժամկետով ժամանակավոր պահպանության համար տրամադրվել է «Ձյունիկ տերմինալ» ՍՊԸ-ին: Ավելի ուշ պարզվել է, որ ընկերության տնօրենը մինչ ժամկետի ավարտը չի ապահովել այդ ապրանքների վերաբերյալ մաքսային մարմին նոր հայտարարագրի ներկայացումը, ինչի կապակցությամբ վերջինիս նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտում: Արդյունքում մաքսային մարմինը որոշում է կայացրել դեկտեմբերի 15-ին ընկերության տնօրենին ենթարկել վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով:
Նշենք, երբ Երեւանում բացվում էր «Գոլդեն Փելես» հյուրանոցը, հայտնի էր դարձել, որ ներդրողը կիպրոսյան ընկերություն է: Դեռեւս այն ժամանակ լրագրողները նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց էին ուղղել իրական սեփականատիրոջ հայաստանցի պաշտոնյա լինելու խոսակցության մասին, ինչին ի պատասխան՝ հայտարարել էր, որ իրեն էլ են այդ խոսակցությունները հասել, բայց ինքն անձամբ է պարզել եւ վստահեցնում է, որ ներդրումն օտարերկրյա է: Եվ, ահա, այս հայտարարությունից կարճ ժամանակ անց հրապարակվել էր՝ հյուրանոցը բացած կիպրոսյան գրանցումով օֆշորային այդ ընկերության սեփականատերը հայաստանցի պաշտոնյա է՝ կապի ու տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը, որն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հորեղբոր որդին է: Նա խոստովանել էր, որ ինքն է կիպրական ընկերության սեփականատերը: Եվ կարճ ժամանակ անց Ճշմարիտյանը հեռացավ փոխնախարարի պաշտոնից: Հավելենք, որ այդ հյուրանոցի հետ է կապվում նաեւ ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի անունը:
ԴԱՆԱԿԻ 7 ՀԱՐՎԱԾ
Դեկտեմբերի 15-ին, ըստ նախնական վարկածի, ավազակային հարձակում էր տեղի ունեցել «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Յուրա Ղարիբյանի տան վրա: Տան անդամները դիմադրություն էին ցույց տվել ներխուժած, Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Գեւորգ Սարգսյանին, ինչի արդյունքում վերջինս մահացել էր:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գեւորգ Սարգսյանի հարազատները, ստուգելով տղայի մարմինը, դանակի 7 հարված են գտել, որոնք բավականին խորն են եղել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գեւորգ Սարգսյանը բավականին լուրջ պարտքերի մեջ է, եւ այն բնակարանը, որտեղ ապրում է նրա ընտանիքը, Հայաստանյան բանկերից մեկում գրավ է դրված: Ավելին՝ եղբոր բնակարանը եւս գրավ է դրված:
Բայց չնայած այս հանգամանքին՝ բոլորին զարմանքի տեղիք էր տվել, թե ինչու էր Գեւորգ Սարգսյանը օրը ցերեկով հարձակում գործել տան վրա: Պարզվում է, որ Գեւորգ Սարգսյանը գործարարի տուն է ներխուժել վերոնշյալ օրը՝ առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, եւ թաքնվել տան բակում գտնվող պետքարանում եւ 6 ժամ թաքնված լինելուց հետո է միայն հարձակվել ընտանիքի անդամների վրա: Արդյո՞ք սնանկացած բիզնեսմեն Գեւորգ Սարգսյանին անհաջողությունն էր դրդել գնալ այդ քայլին, թե այլ խնդիր նա ուներ «էլիտ Շանթի» սեփականատիրոջ հետ, հուսանք՝ ցույց կտա տարվող քննությունը:
ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրական է համարում, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից են եղել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը։ Այս մասին հայտարարեց ԼՂԳ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: Չնայած, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը մնում է լարված։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: «Դրական ենք համարում, որ նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից են եղել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը։ Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման եւ իրականացման օգտին, ինչը թույլ կտա, բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։ Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը եւ կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։ Հուսով ենք` միջազգային հանրությունը հետեւողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում։ Ցավոք, այն փաստը, որ նույնիսկ հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենեւին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ»:
ՀԱՐԳԵՑԻՆ
ՀՀ ԱԺ երեկվա նիստի ժամանակ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը: «Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարեւանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաեւ այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ զինված ուժերը բազմիցս են ապացուցել, եւ որը շատ ավելի ցավագին կլինի նրա համար», – ասել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
Վերջին շրջանում զոհված հայ զինծառայողների հոգիների խաղաղության համար երեկ հոգեհանգիստ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված պատարագի ավարտին՝ նախագահությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի:
ԴԻՎԱՀԱՐ Է
Անդրադառնալով Վալերի Պերմյակովի սատանիստ լինելու մասին լուրերին` Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն Առաջին լրատվականին ասել է, թե հենց առաջին օրը ինքը նշել է, որ սա դիվահարի ձեռքի գործ է. «Հենց առաջին օրը, որ ես իմացա, ասացի` սա դիվահարի ձեռքի գործ է: Այլապես ուրիշ կերպ այդ մոլորված ճիվաղը չէր կարողանա հասնել ո՛չ այդտեղ, ո՛չ այդ տուն եւ կատարել այդ ոճրագործությունը»:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ
ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլեւ դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները: Եթե ասվածին հավելենք նաեւ անցած տարվա նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, ապա առավել քան պարզ կդառնա, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլ իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը»: