Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվել, թե արդյոք վերջինս զեկուցել է Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի կողմից 86-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մայրիկին` Նատալյա Սարգսյանին ծեծի ենթարկելու մասին: Եթե այո, ապա ինչպե՞ս է արձագանքել Տ. Մարգարյանը: «Իսկ Դուք ո՞նց եք կարծում, ինչպե՞ս պետք է հասցնեի, արդյո՞ք կարող էի հասցրած լինել, եւ, առհասարակ, երկուշաբթին էլ ծանր աշխատանքային օր է, վաղը կհասցնեմ զեկուցել»,-տարակուսեց տիկին Սողոմոնյանը, որն անձամբ էր վստահեցրել, որ դեռ ուրբաթ օրը պետք է զեկուցեր Տ. Մարգարյանին դպրոցի տնօրենի վարքի մասին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Սողոմոնյանը նաեւ իր անձնական տեսակետը հայտնեց, թե ինչ է նա մտածում միջադեպի կապակցությամբ. «Ես գտնում եմ, որ դպրոցի տնօրենը կարգուկանոն է պահանջում, եւ դպրոցի ցանկացած աշխատող եւ աշակերտ պարտավոր է ենթարկվել դպրոցի ներքին կարգուկանոնին: Տնօրենի ղեկավարությամբ երեխան սովորել է երեք տարի, եւ որեւէ անգամ դեպք չի եղել, որ նրանք դիմեն, եւ տնօրենը չընդառաջի»: Թեեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետն իր սուբյեկտիվ տեսակետն արտահայտեց, սակայն արդեն նկատվում է միտում` հօգուտ տնօրեն Գայանե Սարուխանյանի խնդիրը փակելու մասով: Հուսանք՝ այդ ճանապարհին Երեւանի քաղաքապետարանը չի մոռանա, որ այդ կարգուկանոնի մեջ չի մտնում ծնողին ծեծի ենթարկելու «պարտադիր պայմանը»:
ՉԻ ԶԵԿՈՒՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ