ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՉԱՐԱԳՈՒՅԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունը սկսել է ամփոփել այս տարվա 11 ամիսների տնտեսական ցուցանիշները, եւ ներկայացվող տվյալներից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն անգամ պաշտոնապես նվազել է:

Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 2,9 տոկոսով: Սա այն դեպքում, երբ նախորդ ժամանակահատվածում, այսինքն՝ տասը ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել էր 3,5 տոկոսով: Այսինքն՝ մեկ ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0,6 տոկոսով:
Առեւտրաշրջանառությունն այս տարվա 11 ամիսների արդյունքներով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7,1 տոկոսով: Ի դեպ, մեկ ամիս առաջ առեւտրաշրջանառության ցուցանիշն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել էր 6,4 տոկոսով: Այսինքն՝ ստացվում է, որ վերջին մեկ ամսում սպառողը շարունակել է աղքատանալ, եւ նրա գնողունակությունը նվազել է եւս 0,7 տոկոսով: Այսպիսով` ընթացիկ տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով առեւտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ նվազել է 153 միլիարդ 179 միլիոն դրամի չափով: Վերը բերված թվից 15 միլիարդ դրամի նվազումը բաժին է հասնում հենց նոյեմբերին: Սակայն ներկայացված թվերը իրենց մեջ ներառում են նաեւ այս տարվա գնաճը, որը, ըստ պաշտոնական թվերի, կազմել է 4,1 տոկոսո: Այլ կերպ ասած՝ իրականում այս տարվա առեւտրաշրջանառության թվի անկման պատկերն ավելի վատն է, քան ներկայացված է ԱՎԾ-ի պաշտոնական տվյալներում:
Ի դեպ, անցած 11 ամիսների արդյունքներով այս տարվա ընթացքում առաջին անգամ նաեւ շինարարության ծավալների անկման ցուցանիշ է արձանագրվել: Նախորդ ամիսներին գնաճի շնորհիվ պաշտոնական վիճակագիրները կարողանում էին քողարկել շինարարության ծավալների անկումը: Բայց տասնմեկ ամիսների կտրվածքով այլեւս անհնար է եղել այդ տվյալը թաքցնել: Տոկոսային արտահայտությամբ շինարարության ծավալների անկումը կազմել է 3,1 տոկոս, իսկ գումարային արտահայտությամբ խոսքը 11 միլիարդ 280 մլն դրամով ավելի քիչ շինարարություն կատարելու մասին է:
Հունվար-նոյեմբեր ամիսներին արտաքին առեւտրաշրջանառությունը կամ ավելի պարզ ասած՝ արտահանումը եւ ներմուծումը միասին վերցրած անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 20,6 տոկոսով: Մասնավորապես, արտահանման մասով անկումը կազմել է 4,7 տոկոս, կամ նույնն է թե՝ 67 մլն դոլար: Բացի այդ, ինչպես հայտնի է, տրանսֆերտներից ստացվող գումարները եւս այս տարի կտրուկ նվազել են: Իհարկե, տասնմեկ ամիսների արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, բայց հայտնի է, որ տասը ամիսների արդյունքներով տրանսֆերտներն, անցած տարվա համեմատ, նվազել են մոտ կես միլիարդ դոլարի չափով: Այսինքն՝ Հայաստանը ամեն կողմից աղքատացել է, ուստի նման պայմաններում ներմուծման ծավալների 26,2 տոկոսի անկումը դառնում է լիրաժեք կանխատեսելի ցուցանիշ:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական վիճակագիրներին հանձնարարել էր տարվա արդյունքներով տնտեսական աճ արձանագրել: «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը: Նա նաեւ կոնկրետ թիվն էր նշել` 2-3 տոկոս: Ուստի անկախ նրանից, թե Հայաստանի տնտեսությունում ինչ բացասական զարգացումներ տեղի կունենան, եւ որքան մարդիկ կաղքատանան, միեւնույն է՝ պաշտոնական վիճակագիրներն ամեն ինչ անելու են՝ վարչապետի հանձնարարած տնտեսական աճը «նկարելու» համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԳՈՐԾԵՐԸ

Ցմահ դատապարտյալների մի քանի տասնյակ հարազատներ երեկ փորձել են փակել Երեւանի Դեմիրճյան փողոցը՝ պահանջելով հանդիպում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Սակայն ոստիկանները թույլ չեն տվել դա անել, եւ արդյունքում հացադուլավոր դատապարտյալների ծնողների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել:
Խնդիրն այն է, որ ցմահ դատապարտվածներից շատերը արդեն 8 օր է՝ հացադուլ են անում, սակայն նրանց ծնողների խոսքով` ոչ ոք չի այցելել նրանց եւ չի հետաքրքրվել հացադուլավորների վիճակով: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկացել են նամակ հանձնել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: Սակայն Սահակյանի օգնականը ծնողներից մեկին ասել է, որ ՀՀԿ-ական պատգամավորը հարցազրույցի է: Դատապարտյալների հարազատները դրանից հետո դուրս են եկել ԱԺ ընդունարանից եւ փորձել փակել Բաղրամյան պողոտան: Հարազատների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է սկսվել, որի հետեւանքով վատացել է հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ անող ցմահ դատապարտյալների հարազատները կառավարության դիմաց պահանջում էին հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ, նրանք ակնկալում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջնորդի պատկան մարմիններին՝ կյանքի կոչելու իրենց պահանջը:
Ցմահ դատապարտյալների հարազատները մտադիր են նախագահական նստավայր հանձնել 10.000 ստորագրությամբ դիմումը, որով պահանջում են լսել անազատության մեջ գտնվող իրենց հարազատների պահանջները` վերանայել նրանց քրեական գործերը:

 

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է
Ռուսաստանն ուժգնացրել է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներով, որոնք ուղարկվել են Կուբանից. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը: Կրասնոդարի շրջանից Հայաստանում գտնվող ռազմաբազա են փոխանցվել 6 մարտական «Մի-24Պ» եւ տրանսպորտային «Մի-8MT» ուղղաթիռներ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայում Անդրկովկասում ռուսական միությունում բանակային ավիացիայի ուղղաթիռների ավիաջոկատ է ձեւավորվել, ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում է իրականացվում:
Թռիչքները կիրականացվեն 2016թ. առաջին եռամսյակում: Շահագործումից հետո ուղղաթիռները կօրհնվեն սուրբ ջրով:
Հիշեցնենք, որ Երեւանում «Էրեբունի» օդանավակայանի ռուսական ավիաբազան ձեւավորվել է դեռեւս 1995թ.:

 

 

 
ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇՈՒՐՋ

Դեռեւս 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին: 2013 թվականին Չինաստանի կառավարությունը հայտարարեց նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագիրը սկսելու մասին: Այս տարվա սեպտեմբերի վերջին արդեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չինաստան կատարած իր այցի ժամանակ մի քանի անգամ բարձրացրեց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցը:

Սակայն այս ելույթից ավելի քան երկու ամիս անց Չինաստանից դեպի Եվրոպա, այսինքն՝ նոր «Մետաքսի ճանապարհով» ընթացող առաջին գնացքը օրեր առաջ հասավ Թբիլիսի: Գնացքը անցել էր Ղազախստանի, Ադրբեջանի տարածքներով: Այն շարունակելու է իր ճանապարհը դեպի Սեւ ծով, այնտեղից լաստանավով հասնելու է Թուրքիա, ապա Եվրոպա: Եւ արդեն ակնհայտ է, որ Իրան-Հայաստան երկաթուղին նոր «Մետաքսի ճանապարհի» մեջ չէ:
«Ժողովուրդ»-ն այս խնդրի առնչությամբ հարցերով գրավոր դիմեց ՀՀ կառավարություն, որտեղից դրանք հասցեագրվել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն: Ի վերջո, «Ժողովուրդ»-ի հարցերին պատասխանել է ՏԿ փոխնախարար Արթուր Առաքելյանը:
-Արդյո՞ք ստեղծված իրավիճակը ենթադրում է, որ Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու ՀՀ կառավարության պլաններն անվերադարձ տապալվել են:
-Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ուղղությամբ ՀՀ կառավարության ծրագրերը չեն փոխվել. համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ են եւ շարունակվում են:
-Եթե ՀՀ կառավարությունը, այնուամենայնիվ, դեռեւս հույսեր է տածում, որ կկարողանա Իրան-Հայաստան երկաթուղի կառուցել, ապա կարո՞ղ եք նշել, թե ի՞նչ միջոցների հաշվին է պատրաստվում այդ անել:
-Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցների աղբյուրների վերաբերյալ առայժմ համաձայնություն ձեռք բերված չէ, սակայն այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում:
-Մասնավորապես եկող տարվա ընթացքում ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել` Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրն իրագործելու համար, եթե, իհարկե, նման ծրագրեր դեռեւս կան:
-Մասնավորապես եկող տարվա ընթացքում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի իրագործման նպատակով մի շարք հանդիպումներ-քննարկումներ են նախատեսվում օտարերկրյա ներդրողների, շինարարական կազմակերպությունների եւ պաշտոնյաների հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս