«ՉԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԻ, ՈՐ ՄԵԶ ԽԻՍՏ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԴՆԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ հաղորդավարներ Ժակը (Հակոբ Պապիկյան) եւ Լուլուն (Լուսինե Բադալյան), ովքեր 5 տարի շարունակ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ողջունել են հեռուստադիտողին «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի շրջանակներում, այլեւս նորացված հեռուստաալիքում չեն աշխատելու` նոր ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ժակի հետ:

-Ժա՛կ, եթե Լուլուն հանրությանը տեղյակ պահեց «Կենտրոն» TV-ից Ձեր հեռանալու պատճառների մասին, ապա Դուք զերծ մնացիք որեւէ մեկնաբանություն տալուց. ինչո՞ւ:
-Լուսինեի խոսքին ավելացնելու ոչինչ չկար: Միայն կցանկանամ շնորհակալություն հայտնել բոլոր հեռուստադիտողներին, որոնք մեզ հետեւել են, եւ գործընկերներին, որոնց հետ առիթ ենք ունեցել աշխատելու: Մեր միջից հանրային շփումներում առավել ակտիվը Լուսինեն է: Հեռուստատեսությունից հեռանալու մասին նրա հայտարարությունը վերաբերում էր երկուսիս, ես համաձայն եմ նրա մտքերի հետ:
-Արդեն հասցրե՞լ եք ստանալ աշխատանքի հետաքրքիր առաջարկներ, որոնց մասին կցանկանաք պատմել:
-Այս վերջին իրադարձությունները տեղի ունեցան ընդամենը օրեր առաջ, եւ դրանցից բառացիորեն երկու օր հետո արդեն աշխատանքի կոնկրետ առաջարկ կա, որի մասին դեռ չեմ ցանկանա խոսել: Տոներն անցնեն, հետո նոր կկողմնորշվենք:
-Ձեզ` որպես հաղորդավարների, լսարանը սովոր է ընկալել միասին: Հետագայում եւս հեռուստատեսությամբ հանդես կգա՞ք մեկ ընդհանուր նախագծում, թե՞ հնարավոր է՝ ամեն մեկդ առանձին գործունեություն ծավալեք:
-Իրադարձությունները երբեմն մեզնից անկախ են զարգանում` դնելով մեզ կյանքի տարբեր ուղիների վրա: Չգիտենք` հանգամանքներն ինչպես կդասավորվեն. դրանք մեզ միասին կպահեն, թե յուրաքանչյուրիս համար առանձին առաջարկ կլինի: Միեւնույն ժամանակ չենք ուզում շտապել: Լուսինեի հետ մենք շարունակում ենք աշխատել «Ռադիո Վան»-ում, մեր համագործակցությունը շարունակվում է տարբեր նախագծերի, միջոցառումների, համերգային ծրագրերի շրջանակներում: Մենք իրար հետ խնդիր չունենք եւ սպասում ենք մասնագիտական ճանապարհի շարունակությանը: Արդեն 15 տարի է` միասին աշխատելը մեզ համար հարմար է, հաճելի եւ դրական: Երկուսս էլ մեկս մյուսիս համար մտահոգ ենք եւ ցանկանում ենք հարմար առաջարկի դեպքում որպես հեռուստատեսային դեմքեր կրկին կաշխատել միասին: Ի դեպ, մենք դեռ «Կենտրոն»-ից դուրս գալուց առաջ մտածում էինք սեփական պրոդուկտ ստեղծելու մասին. ունենք մի նախագիծ, աշխատում ենք հեռուստատեսային ծրագրի վրա, որի արտադրությամբ զբաղվելու է «Ռադիո Վան»-ը, թե որ հեռուստաընկերությամբ այն կցուցադրվի, դեռ հայտնի չէ:
-Նախապատվությունը ինչպիսի՞ առաջարկներին կտաք եւ ո՞ր դեպքում եք բացառում Ձեր համաձայնությունը, հատկապես, վերջին իրադարձություններից հետո:
-Չենք հանդուրժի, որ մեզ խիստ շրջանակների մեջ դնեն, հաշվի չնստեն մեր որոշակի հայացքների հետ: Մեր գործունեությունը չպետք է հակառակ լինի մեր մարդկային տեսակին: Մենք ինքներս կոմպրոմիսի գնացող մարդիկ ենք, բայց մեր գործընկերների, ղեկավարության կողմից մեր նկատմամբ հարգանքը պետք է նկատելի լինի: Այս դեպքում հնարավոր է հաջողությունների հասնել: Շատ կարեւոր է նաեւ այն, որ վարկանիշ ապահովելու խնդիրը լուծելուն զուգահեռ հնարավորություն ունենանք այնպիսի հաղորդումներ վարել, որոնք հետք կթողնեն:
-Որքան էլ խոսվում է այն մասին, որ ռադիոն օրեցօր զիջում է իր դիրքերը, միեւնույն է՝ նոր մոտեցումների ու գաղափարների շնորհիվ հնարավոր է լինում ժխտել այդ պնդումը: Դուք ունե՞ք ռադիոյին նոր շունչ հաղորդելու Ձեր տարբերակները, ծրագրեր, որոնք, գուցե, դեռ չեք իրագործել:
-Դասական ռադիոտարբերակի շրջանակներից դուրս գալու ելքերը բազմազան են: Օրինակ` ռադիոն տրանսֆորմացնելու, այն վիզուալ դաշտ տեղափոխելու մտքեր ունենք: Մենք վաղուց ունենք օնլայն, վիդեո եւ աուդիո հեռարձակումներ: Ըստ իս, ռադիոծրագրերը պետք է դարձնել շատ անմիջական, դրանցում յուրահատուկ ձեւով ներգրավել ունկնդիրներին, թեկուզ ապահովել նրանց ներկայությունը ռադիոյում: Կարծում եմ` նոր տարում բոլոր մտքերը կիրականացնենք:

 

 

 
«ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ»

Երգչուհի Նարինե Դովլաթյանը գալիք Ամանորը դիմավորելու է բեմում` հանդես գալով ակուստիկ համերգով: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ծրագրել էր մինչեւ Նոր տարին երկրպագուներին ներկայանալ նոր տեսահոլովակով, սակայն արդեն չի հասցնի. այն հանդիսատեսի դատին կներկայացնի հաջորդ տարվա հունվարին. «Տեսահոլովակն արդեն նկարահանել ենք, հիմա մոնտաժման փուլում է: Երգի երաժշտության հեղինակը հենց ես եմ, երգն անգլերեն է, փոփի եւ հաուսի միքս, այն թարգմանաբար կոչվում է «Տարածիր լույսը»,-պատմեց Նարինեն:

Նրա խոսքով` ինքն ունի էլի մի քանի երգեր, որոնց գործիքավորումներն արդեն պատրաստ են, մնում է կատարվեն ձայնագրությունները:
Խոսելով Ամանորի մասին` երգչուհին խոստովանեց, որ այն իր ամենասիրելի տոներից մեկն է, որը Նարինեին միշտ գրավել է իր խորհրդավորությամբ, հրաշքի սպասումով:
Ամանորի հրաշքը երգչուհու մոտ ասոցացվում է ձյան եւ թռիչքի հետ. «Փոքր ժամանակ Նոր տարին միշտ դիմավորում էի գյուղում` ընտանիքիս հետ: Ամանորի գիշերն այնտեղ միշտ ձյուն էր գալիս, ես վազում էի դուրս, ձեռքերս պահում վեր, ու երկնքից մեծ-մեծ փաթիլներով ձյուն էր իջնում, ինձ թվում էր` թռչում եմ…Դա արդեն իսկ հրաշք էր»,- իր հիշողություններով կիսվեց Նարինեն:
Երգչուին տոնածառի հետ կապված եւս ունի մանկությունից ստացած վառ տպավորություններ. «Մենք ընտանիքում 7 երեխա էինք, մայրիկս չէր կարողանում նախապես զարդարել տոնածառը, քանի որ մինչեւ Ամանոր ոչ մի խաղալիք դրա վրա հաստատ չէր մնա (ծիծաղում է), ուստի տոնածառը հիմնականում զարդարում էինք դեկտեմբերի 31-ի գիշերը»,-պատմեց նա:
Երգչուհին այժմ արդեն Ձմեռ պապիկին նամակ է գրում քրոջ երեխաների հետ, իսկ սեփական ցանկությունները նա պահում է մտքում. «Ձմեռ պապիկին հիմա ավելի շատ եմ հավատում, քան փոքր ժամանակ: Մանուկ հասակում ես տեսել էի, թե ինչպես են նվերը դնում բարձիս տակ, հիմա արդեն հավատում եմ իսկական Ձմեռ պապիկին»,- ծիծաղելով եզրափակեց Նարինեն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
83-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի իր 83¬րդ թատերաշրջանը նշեց Կլոդ Մանիեի «Օսկար» ներկայացմամբ: «Արմենպրես»¬ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանն ասել է, որ ավանդույթի համաձայն՝ այս տարի եւս ունեն ամանորյա նոր ներկայացում` մարզաբնակ փոքրիկների համար: Խոսելով հիմնախնդիրների մասին՝ Սայադյանն ընդգծել է, որ 83¬ամյա թատրոնում այսօր շատ վատ վիճակում են ձայնալուսային սարքավորումները. դրանք արդեն ծառայել են մի քանի տասնյակ տարիներ եւ ամբողջովին մաշված են: Նախորդ տարիներին թատրոնը հանդես էր գալիս նաեւ հյուրախաղերով` հանրապետության տարբեր մարզերում, ԼՂՀ¬ում, բայց այսօր նման շրջագայությունների համար չի հատկացվում ֆինանսավորում, չունեն նաեւ տրանսպորտային միջոցներ:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Հայաստանի կոմպոզիտորների միությունը մի շարք խնդիրներ ունի, որոնցից առաջնայինը ֆինանսականն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է միության նախագահ Արամ Սաթյանը: «Ակնկալում էինք, որ մեր միջոցառումներն ավելի շատ ֆինանսավորվեն, բայց մենք, ցավոք, մեր միջոցառումները կարողացանք անել ավելի քիչ ֆինանսավորման դեպքում: Ֆրանսիայում չորս համերգներ եղան հայ կոմպոզիտորների մասնակցությամբ, սակայն պետական միջոցներով ֆինանսավորվեցին միայն երկուսը»,-տեղեկացրել է Արամ Սաթյանը: Նրա խոսքով` Կոմպոզիտորների միության գլխավոր նպատակն այն է, որ հայկական ստեղծագործությունները նվագեն նաեւ օտարերկրյա կատարողները: Արամ Սաթյանի համոզմամբ` միությունները պետք է ունենան որոշակի ֆոնդեր. «Դրանք հասարակական կազմակերպություններ են, որոնք իրավունք չունեն ֆինանսներ աշխատել, այնուամենայնիվ, չֆինսավորվելով հանդերձ ազգային մշակույթի պահպանողն ու տարածողն են»,-նկատել է նա:

 

ՍՊԱՆԵԼ Է ՖԻԼՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի 35-ամյա բնակիչ Օգի Հենինգը, ով հայտնի «Աստղային պատերազմներ» հոլիվուդյան կինոպատման վառ երկրպագուն է, ծեծելով սպանել է Ջոնաթան Հեմիլին, քանի որ վերջինս կինոթատրոնում ժամանակից շուտ պատմել է ֆիլմաշարի նոր մասի սյուժեն: Այս մասին տեղեկացնում է Huffington Post-ը: Աղբյուրը հիշեցնում է, որ նմանատիպ մեկ այլ դեպք նույն օրը գրանցվել է ամերիկյան Բեյքերսֆիլդ քաղաքում, որտեղ ֆիլմի երկրպագուները ծեծի են ենթարկել 20-ամյա Ռեյմոնդ Չատֆիլդին` սցենարային գաղտնիքները ժամանակից շուտ բացահայտելու համար։




Լրահոս