Մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրություններում տեղ գտած որոշ ընտրախախտումների մասով հարուցվել է 5 քրեական գործ:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ թիվ 4/23 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամը ժամը 17:00-ի սահմաններում ընտրատեղամաս քվեարկության եկած Լիլիթ Մ.-ին տվել է երկու քվեաթերթիկ` երկու ծրարով, որոնցում Լիլիթ Մ.-ն քվեարկել է թիվ 2 համարի տակ գտնվող ԲՀԿ-ի օգտին:
Երկրորդ դեպքն այն է, որ մայիսի 5-ին Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժան թիվ 7/18 ընտրական տեղամասում Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել է այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը եւ թույլ չի տվել հանցագործությունը հասցնել ավարտին:
8/23 ընտրատեղամասում էլ հանձնաժողովի նախագահն արձանագրել է միջադեպ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դ. Մ.-ի մոտից երեք հատ քվեարկած քվեաթերթիկ է հայտնաբերվել:
Իսկ թիվ 97 միջնակարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են հայտնաբերել:
Թիվ 5/08 ընտրատեղամասում Արամ Հեպոյանը մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ է կատարել, ինչը կանխվել է հանձնաժողովի աշխատակիցների կողմից:
Փաստերի առթիվ ոստիկանության քննչական բաժիններում հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր.-ի 34-153 հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու հանցափորձ, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:
Նկատենք, որ առայժմ որեւէ ՀՀԿ-ական իրավապահների ուշադրության կենտրոնում չի հայտնվել:
ՔՐԳՈՐԾԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ