«ՆՈՐ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԴԵՌ ԱՆՏԵՂՅԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծն արդեն սկսել է «գործել», բայց ոչ բոլոր դրույթներով: Հայտնի իրողություն է, որ սահմանադրական փոփոխություններին այո ասող քաղաքական ուժերը մշտապես հայտարարել են, որ այդ փոփոխություններից հետո ՀՀ-ում ակնհայտ ու լուրջ իրավիճակ է փոխվելու, եւ դա զգալու է ՀՀ քաղաքացին: Բայց կարծես թե հանրությունը տեղյակ էլ չէ, որ այդ փոփոխություններն արդեն սկսել են «գործել»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե նոր Սահմանադրության որ դրույթներն են արդեն սկսել «գործել»: Սահմանադրական փոփոխությունների ջատագով պատգամավորից փորձել ենք պարզել նաեւ, թե երբ է ՀՀ քաղաքացին իր «մաշկի վրա» զգալու այդ փոփոխությունները՝ դրական առումով:
-Պարո՛ն Մինասյան, քանի որ արդեն սկսել է գործել նոր Սահմանադրությունը, խնդրում եմ՝ նշեք, թե ո՞ր դրույթներն են կիրառելի դարձել, ու ի՞նչ հերթականությամբ են գործելու այդ փոփոխությունները:
-Իսկապես արդեն ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, համաձայն անցումային դրույթների՝ սահմանադրական փոփոխությունները ժամկետի առումով 4 հիմնական փուլերի են բաժանվում: Ուժի մեջ է մտնում «Սահմանադրական կարգի հիմունքներ» բաժինը, որտեղ հիմնականում պետության, երկրի Սահմանադրական կարգին առնչվող հոդվածներն են, ինչպես նաեւ այն արժեքային համակարգը, որով պետությունը պետք է կառուցվի, սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետությունից զատ, որպես արժեքային կարեւոր սկզբունքներ, ամրագրվում է ընտանիքի պաշտպանության ինստիտուտը, ամրագրվում է դրույթ տնտեսական կարգի վերաբերյալ, որի համաձայն՝ ՀՀ-ում շուկայական տնտեսության կարգն է հաստատվում, ամրագրվում են մի շարք սկզբունքներ ընտրական իրավունքի, կուսակցության, բազմակարծության, բազմակուսակցական համակարգի ոլորտներում: Ուժի մեջ են մտնում նաեւ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող 2-րդ եւ 3-րդ գլուխները, որտեղ կենտրոնում մարդու արժանապատվությունն է, այլ կերպ ասած՝ այսօրվանից սկսած ցանկացած բան, որը կհակասի մարդու իրավունքներին ու ազատությանը, որոնց սահմանափակումները նախատեսված չեն Սահմանադրությամբ կամ օրենքի համաձայն, այսօրվանից որեւէ պաշտոնատար անձ իրավունք չունի խոչընդոտ ստեղծել քաղաքացու իրավունքի իրացման համար: Այսինքն՝ պաշտպանվում են քաղաքացու իրավունքներն անկախ նրանից՝ պետական մարմինն ունի լիազորություն միջամտելու, թե չունի: 3-րդ գլուխը, որը վերաբերում է սոցիալական, տնտեսական իրավունքներին, նույնպես ուժի մեջ է մտնում, որն էլ նշանակում է, թե այսուհետ ԱԺ-ի եւ գործադիր մարմնի առջեւ պահանջ է դրվում, որպեսզի այդ ուղղություններով ընդունվեն օրենքներ, որոնք կապահովեն մարդու արժանապատիվ գոյությունը, դա էլ վերաբերում է թե՛ նվազագույն աշխատավարձին, թե՛ առողջության պահպանման հարցերին:
-Բայց կարծես ՀՀ քաղաքացին տեղյակ չէ, թե Սահմանադրության փոփոխությունից հետո ինչպե՞ս է պաշտպանելու իր իրավունքները կամ այսուհետ որ Սահմանադրությամբ է առաջնորդվելու: Սա չի նշանակո՞ւմ, որ, իսկապես, ՀՀ քաղաքացուն չեն հետաքրքրում այդ փոփոխությունները: Դրանք գործածելի չեն, քանի որ քաղաքացու համար ամեն ինչ նույնն է:
-Սահմանադրության փոփոխությամբ ուժի մեջ են մտել արդեն քաղաքացուն ու մարդուն վերաբերող դրույթները, սա նշանակում է, որ այս պահից սկսած գործելու են այդ բաժինները, արդեն պաշտոնական տեղեկագիրը հրապարակված է, ու ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին իր իրավունքները կպաշտպանի: Քաղաքացին անվճար էլեկտրոնային տարբերակով կտեղեկանա այն փոփոխություններին, որոնք վերաբերում են անմիջապես իրեն, ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փոփոխություններն ամբողջությամբ հրապարակվելու են մամուլով, որի միջոցով էլ քաղաքացիները տեղյակ կլինեն, ու դրանք իրական կյանքում կդարձնեն գործածելի՝ պաշտպանելով իրենց իսկ իրավունքները: Քաղաքացին իրավունք ունի պաշտպանելու իր իրավունքները, որոնք ամրագրվել են Սահմանադրության 2-3-րդ գլուխներում: Ցանկացած պետական մարմին, պաշտոնատար անձ պարտավոր է հիմք ընդունել սահմանադրական փոփոխությունների 2-րդ գլխում ամրագրված իրավունքները: Դրանք գործածելի են լինելու քաղաքացիների համար, դրանք նոր են սկսել իրավական ուժ ստանալ, շատ կարեւոր է, որպեսզի մեր քաղաքացիները ծանոթանան Սահմանադրության գլուխներին, որոնք անմիջապես կապ ունեն իրենց հետ:
-Իսկ երբվանի՞ց ենք տեսնելու սահմանադրական փոփոխությունների «պտուղները», փոփոխություններին կողմ քաղաքական ուժերը հայտարարում էին, որ Հայաստանում ակնհայտ են լինելու դրանք, ինչպե՞ս ենք զգալու, հասկանալու փոփոխությունների արդյունքը:
-Ես կարծում եմ, որ արդեն դրա արդյունքները կան, նախօրեին ԱԺ-ում քննարկվեց «Վարչական իրավախախտումների» մասին օրինագիծը, որտեղ կատարվեցին փոփոխություններ հօգուտ ՀՀ քաղաքացու. այսուհետ չի կարող վարչական մարմինը առանց քաղաքացուն լսելու, առանց նրա պնդումներն ու պատճառաբանությունները հաշվի առնելու տուգանել: Ես կարծում եմ, որ այդ փոփոխությունների արդյունքներն ակնհայտ են լինելու, քաղաքացին դա անպայման զգալու է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ՝ ԱՄՆ-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական ամփոփիչ հավաք-քննարկումը: «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը քննարկման ընթացքում հայտարարեց, որ այսքանով չեն սահմանափակվելու եւ շարունակելու են պայքարել` մնալով Ազատության հրապարակում:

Սէֆիլյանը փոխանցեց, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 23:00-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները լինելու են Ազատության հրապարակում՝ Նոր տարին այնտեղ դիմավորելու: Վերջինս հորդորեց քաղաքացիներին իրենց միանալ:
«Մենք հրապարակը չենք լքում: Ամեն օր այստեղ միջոցառումներ են լինելու, շարժումը շարունակում է մնալ այստեղ: Մենք անելու շատ բաներ ունենք: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23:00-ին մենք մեր ժողովրդին ընտանիքներով հրավիրում ենք այստեղ: Այդ օրվա բացօթյա հանդիպումը մեծ խորհուրդ է կրելու իր մեջ: Այդ օրը նաեւ կիրազեկենք հունվար ամսվա սկզբի մեր անելիքների մասին, բայց ամենակարեւորը Ազատության հրապարակն է լինելու այս ընթացքում, ոչ միայն մինչեւ հունվարի 22-ը, այլ մինչեւ հաղթանակ»,-ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարը:
Քննարկման ընթացքում Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները բազմաբնույթ հարցեր էին տալիս շարժման անդամներին: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտխորհրդի ղեկավար Վիգեն Դավթյանը, դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին, հարցրեց. «Դուք ասում էիք՝ միայն իմ դիակի վրայով նա պրեզիդենտ կանցնի, բա ո՞ւր ա, նա (նկատի ունի Սերժ Սարգսյանին, Ա. Թ.) հեշտ ու հանգիստ գնաց, նստավ իր աթոռին»: Ի պատասխան՝ Հովհաննիսյանը սրտնեղած ասաց. «Թող ոչ մեկը ինձ քարոզ չտա, երիտասա՛րդ, տներ գնալու մասին: Ես 21 օրուգիշեր այստեղ հացադուլի մեջ էի: Իհարկե, այդ օրը ակնկալիք կար, եւ ցանկությունը մեծ էր, բայց հավանականությունը ավելի մեծ էր, որ այդ օրը առանց քաղաքական արդյունքի զոհվելու էին մեծ թվով քաղաքացիներ եւ ոստիկաններ: Իմ հսկողության տակ առանց քաղաքական արդյունքի դա պիտի տեղի չունենար եւ տեղի չունեցավ: Դուք իրավունք ունեք այդ հարցը տալ»:
Այնուհետեւ Հովհաննիսյանը եւս հորդորեց բոլորին դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակ գալ:
Նկատենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը շարունակ հանրությանը պայքարի կոչեր եւ Ազատության հրապարակում համախմբվելու հորդորներ հղելով հանդերձ՝ դեկտեմբերի 31-ին նրանց կողքին չի լինելու: «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում արդեն գրել էր, որ Հովհաննիսյանը պատրաստվում է մեկնել ԱՄՆ` այնտեղ ընտանիքի անդամների հետ Ամանորը տոնելու:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԴԵՌ ՉԵՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ` հայտնելով, որ բարեկամ քաղաքապետը իր մերձավոր շրջապատի հետ ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին: Եվ, ահա, դեկտեմբերի 10-ին, երբ հայտնի դարձավ, որ Վանաձորում ոչ-ը ջախջախիչ հաղթանակ էր տարել, Լոռու մարզի դատախազությունում որոշում կայացվեց քաղաքապետի դեմ ներկայացված բողոքի հիման վրա քրեական գործ հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Ինչեւէ, քրեական գործի հարուցումից անցել է մոտ 2 շաբաթ, եւ «Ժողովուրդ»-ը Սամվել Դարբինյանից փորձեց պարզել, թե արդյոք այս ընթացքում իրավապահները Վիկտոր Դարբինյանի դիմումի հետ կապված իրեն կանչել եւ հարցաքննել են: Ի պատասխան՝ Սամվել Դարբինյանը հայտարարեց, թե դեռ չեն կանչել, իսկ եթե կանչեն էլ, ապա կմտածի՝ գնալ, թե ոչ:

 

 

ԵՐԵՔ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ 2016 թվականի հունվարի 3-ին Լոռու մարզի Դարպաս գյուղում նշանակված են համայնքի ղեկավարի ընտրություններ: Պարզվում է՝ Դարպասի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են միանգամից չորս թեկնածու՝ Արմեն Ալոյանը, Անուշավան Ավետյանը, Կարեն Դոդոռյանը եւ Աղասի Թովմասյանը: Հաշվի առնելով թեկնածուների նման առատությունը՝ կարելի է կանխատեսել, որ Դարպասի գյուղապետի ընտրությունները բավականին բուռն ընթացք կունենան: Առավել եւս, որ գյուղապետի պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուները ՀՀԿ-ականներ են, եւ միայն Կարեն Դոդոռյանն է անկուսակցական:

 

 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՎ
«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերությունը երեկ ավարտել է Հայաստանի էներգետիկ համակարգի վերաբերյալ խորհրդատվությունը: Ինչպես հայտնի է՝ այս ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պետք է խորհրդատվություն ներկայացներ: Առաջին եւ ամենաառանցքայինը խորհրդատվությամբ պետք է գնահատեին էլէներգիայի սակագնի թանկացման արդարացվածությունը: «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-ը փաստացի կրկնեց ՀԾԿՀ-ի այն պնդումները, իբր էլէներգիայի սակագնի բարձրացումն այլընտրանք չուներ: Երեկ ՀԾԿՀ-ն հրապարակել է «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-ի խորհրդատվության 3-րդ հաշվետվությունը՝ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ծրագրերի վերաբերյալ: Թվում էր՝ ընկերությունը պետք է մատնացույց աներ, թե ինչ է հարկավոր անել ՀՀ էներգետիկ համակարգը ավելի լավը դարձնելու համար, բայց չափազանցացրած չենք լինի, եթե ասենք, որ ներկայացված փաստաթղթում ոչ մի նոր եւ օրիգինալ գաղափար չկա: Արդյունքում «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-ին վճարված 200 հազար դոլարն անիմաստ վատնվեց:




Լրահոս