ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԵՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ՀՀ քաղաքացին վարձակալության դիմաց պետք է ՀՀ պետբյուջե հարկ վճարի: Ինչպես նկատում ենք՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք տարեկան հայտարարագիր են ներկայացնում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, նշում են, թե վարձակալության դիմաց որքան եկամուտ են ստացել: Սակայն ուսումնասիրելով նրանց ներկայացրած հայտարարագիրը՝ պարզ չէ, թե ինչ գույք են նրանք վարձակալության տվել եւ արդյո՞ք վարձակալության դիմաց ստացած եկամուտից հարկային մարմնին հարկ վճարել են, թե՞ ոչ:

Եվ այսպես, օրինակ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 180 մլն դրամ եւ 3 մլն 435 հազար դոլար: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովհաննես Հովսեփյանը վարձակալության դիմաց ստացել է 9 մլն 720 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՖՆ-ից պարզել՝ ի՞նչ է վարձակալության տվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը եւ ստացած եկամուտից հարկային մարմնին որքա՞ն հարկ է վճարել: Սրանք կարեւոր հարցեր են, քանի որ ձախակողմյան ճանապարհով ստացած ցանկացած եկամուտ կարելի է պաշտոնապես ձեւակերպել որպես «վարձավճար» եւ մնալ անպատիժ:
Ի պատասխան մեր հարցման՝ ահա թե ինչ է հայտնել ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնից. «Տեղեկացնում ենք, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկ վճարողի կամ ապահովադրի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն համարվում են հարկային գաղտնիք, բացառությամբ հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների: Հետեւաբար, Ձեր կողմից պահանջված տեղեկությունները հանդիսանում են հարկային գաղտնիք»:
Այսպիսով, պետական օղակները միմյանց օգնելով, ըստ էության, կոռուպցիոն երեւույթների տարածման հող են նախապատրաստում: Ու թվացյալ թափանցիկ գործընթացի հենց այն մութ կետը երբ փորձ ենք անում բացահայտել, բախվում ենք օրենքի արհեստական պատնեշին՝ հարկային գաղտնիքի անվան տակ:
Ու դրա համար էլ ամենեւին զարմանալի չէ, որ օրինակ՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը, ըստ իր կողմից ներկայացված հայտարարագրի, աշխատավարձից բացի 12 մլն 150 հազար դրամի եկամուտ է ստացել վարձակալության դիմաց:
Նույնպիսի գերշահույթներ է ստացել նաեւ մոտ մեկ տարի առաջ գերընդդիմադիր, հիմա արդեն փափկասուն պատգամավորի իմիջ ստացած ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա իր 2014 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ 9,6 միլիոն դրամ եկամուտը ստացել է թվով վեց տարածքների վարձակալության տալու դիմաց: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, որ խոշոր գործարար է համարվում, 2014 թվականին ներկայացրած իր հայտարարագրում նշել է՝ 2 միլիոն 646 հազար դրամի եւ 46 հազար 590 դոլարի եկամուտ էլ ստացել է տարածքի վարձակալության դիմաց: Ինչ տարածք, ում, ինչ պայմանով է վարձով տվել, դրանից ինչքան հարկ է վճարել պետությանը, անհայտ է:
Այսքանով պաշտոնյաների ու պատգամավորների շարքը չի ավարտվում: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Կիլիկիայի Հակոբի տարեկան հայտարարագիրը ուսումնասիրելիս պարզեցինք, որ վարձակալության դիմաց ստացած եկամուտը 2014-ին կազմել է 6 միլիոն 800 հազար դրամ: Պարզեցինք, որ վերջինս շուրջ 9 տարածք է վարձակալության հանձնել, թե որքան գումարով, ինչ տարածքներ, դարձյալ պարզ չէ:
ՀՀ դեսպանները եւս զերծ չեն մնացել վարձակալությամբ հարստանալու գործընթացից: Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը վարձակալությամբ տված շինություններից ստացել է շուրջ 14,5 միլիոն դրամի եկամուտ: Իսկ թե որքան հարկ է վճարել 14.5մլն դրամից, հնարավոր չեղավ պարզել: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ, օրինակ, ընդամենը մեկ տարածք է վարձակալության հանձնել եւ դրա դիմաց ստացել է 16 միլիոն դրամի եկամուտ: Կալվածքներով աչքի է ընկնում նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը երեք տարածք է վարձակալության հանձնել եւ դրա դիմաց ստացել է 12 միլիոն դրամի եկամուտ: Իսկ թե պետության նկատմամբ իր պարտավորությունները ինչպես է կատարել, կամ կատարե՞լ է արդյոք, թե ոչ, այդպես էլ գաղտնի մնաց:
Հ.Գ Ի դեպ, նկատենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը իր պաշտոնը ստանձնելու ժամանակ լրացրած հայտարարագրում ներկայացրել է թվով 9 անշարժ գույք, որոնք բնակարաններ են, սակայն նշված չէ, թե վերոնշյալ բնակարաններից որում է Դավիթ Հարությունյանը բնակվում, ավելին՝ մյուս բնակարանները ինչ նպատակի է ծառայեցնում: Համենայնդեպս, նա վարձակալությամբ էլ չի տվել բնակելի տարածքները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՂԱՐԻԲՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Դեկտեմբերի 15-ին, ըստ նախնական վարկածի, ավազակային հարձակում էր տեղի ունեցել «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Յուրա Ղարիբյանի տան նկատմամբ, որի արդյունքում տուն ներխուժած Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Գեւորգ Սարգսյանը սպանվել էր: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարաչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով՝ ավազակային հարձակում, դեռ շարունակվում է:
«Ժողովուրդ»-ը գրել էր՝ գործարար Յուրի Ղարիբյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Դեռեւս 2010 թվականին Ղարիբյան եղբայրները բիզնեսի շուրջ տարաձայնություններ էին ունեցել, եւ գործը հասել էր իրավապահներին:
Սակայն մինչ ավազակային հարձակման գործով իրավապահները քննություն են իրականացնում՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել գործարարի տանը, այս օրերին գործարարին պատկանող ընկերության շուրջ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Աբրահամյանը քննում է մեկ այլ աղմկալի գործ:
Դեռեւս 2014 թվականին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Սամվել Ղարիբյանը իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետեւ մտել էր «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք եւ կոտրել բարմենի սեղանը եւ գույքը: Ավելի ուշ վարորդին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հայտնել էր, թե միտումնավոր չի մխրճվել «Շանթ» ռեստորան, այլ «աչքերի դեմը սեւացել է», եւ չի կարողացել կառավարել ավտոմեքենան:
Թվում էր, թե Յուրա Ղարիբյանը չպետք է բողոքեր հարազատ եղբոր դեմ, եւ իրավապահներն էլ, հաշվի առնելով, որ վարորդը միգուցե առողջական խնդիրներ է ունեցել, պետք է գործը կարճեին, բայց ոչ: Այսօր գործարար Յուրա Ղարիբյանի եղբայրը` Սամվել Ղարիբյանը, կանգնել է դատարանի առաջ
Սամվել Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հունվարի 8-ին ուրիշի գույքը ոչնչացնելու եւ վնասելու դիտավորությամբ իր կողմից վարձակալության հիմունքներով շահագործվող ավտոմեքենայով դիտավորությամբ ընդհարվել է «Շանթ» ռեստորանային համալիրի մուտքի դռներին, ապա այն կոտրելով՝ մուտք է գործել նշված ռեստորան, հարվածել է ռեստորանի առաջին հարկում տեղակայված բարի տաղավարին՝ պատճառելով 4 միլիոն 523 հազար 800 դրամի գույքային վնաս:
Շուտով կլրանա այս միջադեպի մեկ տարին, սակայն գործով կրքերը դեռեւս չեն հանդարտվել, իսկ դատարանն էլ նշանակել է հերթական դատաքննությունը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
ՌԴ ԱԳՆ-ում երեկ կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Կողմերը քննարկել են միջուկային զենքից ազատ գոտիներին, միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության առնչությամբ։

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Aravot.am-ի փոխանցմամբ՝ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Մինչ կալանավորումը Սուրենյանցը հանդես է եկել պաշտպանական ճառով ու հայտարարել, որ դա կատարում է հանպատրաստից, քանի որ նախագահող դատավորը միայն նիստին է զգուշացրել իրեն, որ ինքը պետք է հանդես գա պաշտպանական ճառով, եւ ինքը ժամանակ չի ունեցել պատրաստվելու: «Ես երբեք չեմ ասել, որ մեղքի բաժին չունեմ ու մեղավոր չեմ: Բայց յուրաքանչյուր մարդ դատվում է իր կատարած արարքին համապատասխան: Գործի բացահայտումը ենթադրում է, որ եթե գործում կան մարդիկ, որոնք տուժող չեն, ապա նրանք եւս պատասխանատվություն պետք է կրեն»,- ասել է նա:

 

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը ցավակցում է պահանջատիրական պայքարի հայտնի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ, «Նոր Հայաստան» շարժման ակտիվ մասնակից Ալեք Ենիգոմշյանին նրա տիկնոջ՝ Հիրանուշ Սերբուհի Նիշանի Հաքիմյանի մահվան կապակցությամբ:

 

ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ
Ռուսաստանն այսօրվանից հեշտացնում է Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ստացումը: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` դեկտեմբերի 23-ից Վրաստանի քաղաքացիների համար կձեւակերպվեն գործնական, աշխատանքային, ուսումնական ու մարդասիրական ցանկացած տեւողության վիզաներ, ինչպես նաեւ հաճախակի վիզաներ՝ անկախ այն բանից՝ կա՞ արդյոք ազգակցական կապ հրավիրողի ու հրավիրյալի միջեւ առկա հրավերում: Նշվում է, որ ռուսական կողմը չի բացառում Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը:

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուղեւորվել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի այսօր կայանալիք նիստին:




Լրահոս