ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ. «ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻ ՕՐ ԷԼ ՓԱԿԵԼ ՍԱՀՄԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, որը պատմում է իր եւ ՀՀ-ում Վրաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Տաբատաձեի միջեւ 2010թ. փետրվարի 16-ին կայացած հանդիպման մասին: Կողմերը հիմնականում քննարկել են հայ-վրացական հարաբերությունները: Զրույցի ընթաքում վրացի դիվանագետը մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել, որոնք պարզորոշ կերպով ցույց են տալիս հայ-վրացական հարաբերությունների իրական որակը: Տաբատաձեն անթաքույց կերպով հայտարարել է, որ Հայաստանի պահվածքն իրենց համար ընդունելի չէ: Ավելին՝ դիվանագետը հնչեցրել է հայ-վրացական սահմանը փակելու «սպառնալիք»՝ «հայերին դաս տալու» միտումով:

Այսպես, Յովանովիչը հայտնում է, որ վրացի դիվանագետի բարձրացրած առաջին խնդիրը վերաբերել է սահմանների ճշգրտմանը: Տաբատաձեն պնդել է, որ հայերը պահանջում են սահմանները շտկել բացառապես իրենց հարմար եղանակով եւ պահանջելով կոնկրետ տարածք որեւէ հատվածում՝ հրաժարվում են փոխհատուցում տրամադրել: Յովանովիչն արձագանքել է, որ հայկական աղբյուրներից իրեն հայտնի է, որ 1934թ.-ից սկսած՝ սահմանազատման կանոնավոր աշխատանքներ որպես այդպիսին չեն տարվել, ինչի արդյունքում Հայաստանը կորցրել է մոտ 700 հեկտար տարածք: Վրաստանի դեսպանը նկատել է, որ իրենց համար այլեւս անընդունելի են սահմանամերձ հատվածում բնակվող գյուղացիների կողմից սահմանային անկանոն անցումները, քանզի Վրաստանն այլեւս կայացած պետություն է եւ չի կարող հանդուրժել կոռուպցիայի, սուվերենության խախտման եւ այլ ապօրինությունների հիմք տվող նման ավանդույթը: Նրա պնդմամբ՝ իր կառավարությունը պատրաստ է ճկուն կեցվածք որդեգրել այդ հարցում, սակայն բոլոր մանրամասները պետք է նախապես ճշգրտվեն: Այս կապակցությամբ վրաց դիվանագետը շեշտել է, որ իրենք ավելի մեծ գործ են անում միջսահմանային համագործակցության հարցում, քան Հայաստանի իշխանությունները: Նկատի ունենալով Բավրա-Բաթումի ճանապարհի ու Հայաստանյանի հյուսիս-հարավի միակցման ճանապարհի հիմնահարցը՝ Տաբատաձեն պնդել է, որ իրենց մնացել է 80 կմ կառուցել՝ ի տարբերություն աշխատանքներից շատ հետ մնացած Հայաստանի: Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է այդ ճանապարհին տալ «տարածաշրջանային պրոյեկտի» կարգավիճակ, ինչը Վրաստանի համար անընդունելի է, քանզի այդ դեպքում իրենք պիտի ճանապարհը առաջնահերթություն դարձնեն: Ըստ էության, վրացիները Հայաստանի հետ հարաբերությունները բնավ էլ իրենց համար գերակա չեն համարել եւ այսօր էլ կարծես նույն կերպ են մտածում: Այստեղ իրականում մեծ գործ ունի անելու Հայաստանի իշխանությունը, քանզի Վրաստանի պես կենսական նշանակություն ունեցող երկրի հետ պետք է վարել միանգամայն բարձրորակ քաղաքականություն, այլ ոչ թե այնտեղ գործուղել չափազանց բարձր ինքնագնահատական ունեցող նախկին սպորտսմենների:
Վրացի դիվանագետը, քննարկելով Հայաստանի՝ Վրաստանից կախվածություն ունենալու պարագան, հավելել է, որ հայերը ցուցադրում են ապերախտ կեցվածք: Նրա ներկայացմամբ՝ հայերը չեն գնահատում վրացիների կատարած լավ գործն ու բարի վերաբերմունքն իրենց հանդեպ: Վրաց դեսպանը նաեւ կարեւորել է Ռուսաստանից դեպի Հայաստան առաքվող զենքի ու զինամթերքի հիմնախնդիրը: Տաբատաձեի համոզմամբ՝ վերջին շրջանում զենքի փոխադրումն ահռելի չափերի է հասել, թեեւ իրենք հարգելով Հայաստանի կառավարության խնդրանքը՝ որեւէ խոչընդոտ չեն հարուցում այդ ճանապարհին: Նրա տպավորությամբ՝ Հայաստանն ավելի մեծ թվով զենք է գնում, քան նրա բյուջեն կարող է թույլ տալ: Վրացի դիվանագետն անակնկալ հարց է ուղղել Յովանովիչին, թե արդյո՞ք վերջինս չի կասկածում, որ զենքը կարող է լինել Իրանի համար կամ էլ տեղավորվել Գյումրիի ռուսական ռազմաբազայում: Ամերիկացի դիվանագետը, արտահայտելով հանդերձ իր կառավարության մտահոգությունը զենքի կուտակման հարցի առնչությամբ, համոզմունք է հայտնել, որ զենքը գալիս է բացառապես Հայաստանի համար: Հատկանշական է, որ վրացին կարծես փորձել է վեճ հրահրել՝ անիմաստ կասկածներ սերմանելով հայ-ամերիկյան հարաբերություններում: Անշուշտ, դա բարեկամ երկրի դեսպանի ազնիվ պահվածք համարել չի կարելի, սակայն հարկ է ընդունել, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին են քանիցս բամբասել ու անտեղի վիրավորանքներ հղել իրենց վրացի գործընկերների հասցեին օտար դիվանագետների հետ զրույցներում:
Վերջում Տաբատաձեն արձանագրել է, որ Հայաստանի կառավարությունը դիտավորյալ կերպով ճնշում է գործադրում իրենց վրա՝ զգալով Վրաստանի թուլությունը Օսեթական պատերազմից հետո: Ռուսաստանի հրահանգներին վերագրելով Հայաստանի կառավարության վարմունքը՝ նախկին դեսպանը հավելել է, որ իրենց ԱԳՆ-ում կա այն տրամադրությունը, որ Հայաստանին պետք է դաս տալ եւ փակել սահմանը, եթե ծայրահեղական այդ օրակարգը շարունակվի: «Մենք կարող ենք մի օր էլ փակել սահմանը»,- հայտարարել է Տաբատաձեն: Լավ իմանալով սահմանը նման անհեթեթ բացատրությամբ փակելու անհնարինությունը՝ դեսպանն, այդուհանդերձ, իրեն թույլ է տվել նման արտահայտություններով պարուրել հայ-վրացական հարաբերությունները երրորդ երկրի դիվանագետի առաջ: Վրաստանի դեսպանի ձեւակերպումները հստակորեն ցույց են տալիս, որ հայ-վրացական հարաբերությունները բնավ բարձր մակարդակի վրա չեն, ինչը, ցավոք, կարծես ամենեւին էլ չի մտահոգում ՀՀ իշխանություններին:

Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
«ԱՐԹԻԿԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԲԸ-Ն ԿՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԻ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն առաջիկայում կմասնավորեցվի: Նշենք, որ այն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում:

Ի դեպ, ՀՀ կառավարությունը իր վաղվա նիստում պետական գույքի կառավարման վարչությանը կթույլատրի իր ենթակայության տակ գտնվող «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
Նշենք, որ «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն արդեն երրորդ անգամ է մասնավորեցման ներկայացվում: Առաջին անգամ ընկերության բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման ՀՀ կառավարության դեռեւս 2000 թվականի փետրվարի 9-ի թիվ 61 որոշմամբ՝ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ: Իսկ երկրորդ անգամ ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի որոշմամբ մասնավորեցման են ներկայացվել մրցույթով, որը հայտ չլինելու պատճառով չի կայացել:
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված գնահատման համար իրականացվել է ընկերության գույքի գնահատում: Եւ ընկերության ակտիվների գնահատված արժեքը այս տարվա սեպտեմբերի 17-ի դրությամբ կազմել է 60 մլն 32 հազար դրամ, իսկ պարտավորությունների գնահատված արժեքը՝ 5 մլն 196 հազար դրամ: Իսկ, ահա, աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կկազմի մոտ 55 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերության պարտավորությունները՝ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի եւ աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, կազմել են 5 մլն 196 հազար դրամ:
Նշենք, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում: Իսկ գույքի վաճառքի գնի 70 տոկոսը կուղղվի պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԵՐԺՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրենի դաստիարակչության գծով տեղակալ Գրետա Թիրաբյանի ընտանիքը արդեն երկրորդ անգամ է` հայտնվում է անասնագողերի թիրախում: 2015թ. սեպտեմբերի 12-ին գողացել են այդ ընտանիքին պատկանող 7 խոշոր եղջերավոր անասունները: Իսկ 2010 թ-ին էլ նույն ընտանիքին պատկանող 9 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ էին գողացել: Գրետա Թիաբյանը հայտնեց, որ այս տարվա անասնագողությունը ոստիկանների կողմից բացահայտվել է, այն կատարել է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ գյուղի նախկին գյուղապետ Վոլոդյա Սարհատյանի որդին՝ Գրիգոր Սարհատյանը:
Նշենք, որ Խաշթառակը եւ Լուսահովիտը հարեւան համայնքներ են: Գ. Թիրաբյանը հայտնեց, որ 7 գլուխ անասունների գողությունը բացահայտ է կատարվել, անասունները գողանալու ժամանակ դրանք ավտոմեքենայում են տեղավորել Խաշթառակի գյուղապետարանի շենքի մոտ: Նրա խոսքերով՝ իր ընտանիքին պատկանող այդ անասունները տեղափոխել են Տավուշի մարզի Հովք գյուղ, որտեղ 6 խոշոր եղջերավոր անասունը մորթել են, մեկ ցլիկը պահել հովքեցու անասնագոմում: Տիկին Գրետան հայտնեց, որ ճանաչել են իրենց ցլիկին եւ վերադարձրել իրենց անասնագոմ: Նրա համոզմամբ՝ 2010 թվականին իրենց անասունները էլի Գրիգոր Սարհատյանն է գողացել: 2010թ. անասնագողությունից հետո Գրետա Թիրաբյանը բազմաթիվ ատյաններ է բողոքել, որ հանցագործությունը չի բացահայտվում: Դրանից հետո ՀՀ նախագահի աշխատակազմից տիկին Գրետայի ընտանիքին 5 հազար դոլար են տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու երկրի նախագահի աշխատակազմից պետք է փոխհատուցեին անասնագողության վնասները, այն էլ ոչ թե ՀՀ դրամով, այլ ամերիկյան դոլարով: Տիկին Գրետան հաստատեց 5 հազար դոլարի հատկացումը՝ հավելելով, որ նյութական վնասի փոխհատուցումից առավել իր համար կարեւոր է արդարությունը: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դատախազությունը Գրիգոր Սարհատյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանքի միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը մերժել է այդ միջնորդությունը: Մարզային դատախազությունից հայտնեցին, որ այդ միջնորդությունը ներկայացնելու ժամանակ Գրիգոր Սարհատյանը գտնվել է հետախուզման մեջ, իսկ արդեն դատավորի կողմից կալանքի միջնորդությունը մերժելուց հետո հայտնվել է հանրությանը: Նշենք, որ կալանքի միջնորդության մերժումից հետո Տավուշի մարզի դատախազությունը Ռաֆիկ Մելքոնյանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել; Գրետա Թիրաբյանը հայտնեց, որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Գրիգոր Սարհատյանի բարեկամ բարձրաստիճան պաշտոնյայի ընկերն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս