ԿՌԻՎ՝ ՉՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալների համաձայն՝ մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Բարեւ Երեւան» դաշինքը, որոնք ստացել են ձայների համապատասխանաբար 55.89, 23.07 եւ 8.48 տոկոսները: Մյուս 4 պարտված կուսակցությունների ստացած 12.56% ձայները կբաշխվեն ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերի միջեւ։ Արդյունքում ձայների վերջնական բաշխումը կունենա հետեւյալ տեսքը՝ ՀՀԿ՝ 62.91, ԲՀԿ՝ 25.97,  «Բարեւ Երեւան» դաշինք՝ 11.12%: Իսկ ավագանու անդամների քանակը, նախնական տվյալներով, կունենա հետեւյալ բաշխումը. ՀՀԿ՝ 41, ԲՀԿ՝ 17, «Բարեւ Երեւան» դաշինք՝ 7 անդամ:
Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից` ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկուշաբթի օրը: Մինչեւ քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է տարիքով ավագ անդամը:
Իհարկե, դեռեւս պարզ չէ, թե ովքեր կդառնան ավագանու անդամ, սակայն «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀԿ ցուցակում ընդգրկված տարիքով ավագներից մեկին` ճարտարապետ Լեւոն Իգիթյանին` տեղեկանալու` երբ վերջնականապես պարզ կլինի, թե ովքեր են դառնալու ավագանու անդամ: Նախ պարզեցինք, որ պարոն Իգիթյանն ինքը կմնա. «Ես պիտի մնամ ավագանու անդամ, որովհետեւ դեռ անելիք ունեմ: Գիտեմ այնքան, որ այսօրվա գործող կազմի իրավասություններն ավարտվում են հունիսի 8-ին, եւ դեռ վերջնականապես որոշված չէ նորընտիր ավագանու կազմը: Իսկ ինչ վերաբերում է տարիքին, ապա, որքան գիտեմ, տարիքով ավագն Աստղիկ Գեւորգյանն է»:
Դիմեցինք նաեւ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, ով նշեց, որ ՀՀԿ-ն վաղուց ներկայացրել է իր ցուցակը: Իսկ եթե ոմանք չցանկանան լինել ավագանու անդամ, նրանց տեղը կզբաղեցնեն ցուցակում ընդգրկված այլ մարդիկ: Բայց ինքը ոչինչ չի կարող ասել, քանի որ դա այդ մարդկանց որոշելիք խնդիրն է, եւ նրանք ցանկացած պահի կարող են ինքնաբացարկ հայտնել:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա դժվար թե ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը կամ Աբրահամ Մանուկյանը հրաժարվեն պատգամավորական մանդատից հանուն ավագանու անդամության, իսկ ցուցակի մյուս անդամների գերակշիռ մասին էլ թերեւս միայն իրենց կուսակիցներն են ճանաչում: Բացառություն են կազմում մշակույթի նախկին նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի նախկին տնօրեն Թամարա Պողոսյանը, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւ էլի մեկ-երկուսը:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ովքեր կլինեն ավագանու 17 ԲՀԿ-ական անդամները: Սակայն ԲՀԿ-ի ներկայացուցիչները՝ նույնիսկ ցուցակում ընդգրկվածները, ողջ օրն  «անհասանելի էին»: Ամեն դեպքում, ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ավագանու անդամների կազմը որոշվելու է հատուկ նիստի ժամանակ, եւ հաշվի են առնվելու տարածքներից ստացած քվեների տվյալները: Այսինքն` ով պատասխանատու է եղել որեւէ տարածքի համար, սակայն այնտեղ ԲՀԿ-ն համեմատաբար քիչ քվե է ստացել, նա ավագանու անդամ չի դառնա: Դա որոշելու է անձամբ ԲՀԿ ղեկավարը:
Ավելի հեշտ կլինի «Բարեւ Երեւան» դաշինքի գործը. ամենայն հավանականությամբ, ցուցակի հենց առաջին 7 անդամներն էլ կլինեն ավագանու անդամ: Իսկ յոթնյակն ունի հետեւյալ կազմը՝ Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Մեսրոպ Մովսեսյան, Ստյոպա Սաֆարյան, Գագիկ Բաղդասարյան, Արթուր Գասպարյան, Դավիթ Սանասարյան:  Սակայն մեզ չհաջողվեց դաշինքի որեւէ անդամից պատասխան ստանալ: Մեր հեռախոսազանգերին պատասխանեց միայն Անահիտ Բախշյանը եւ ասաց, որ նույնիսկ մեկ րոպե ժամանակ չունի:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս