Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրենի դաստիարակչության գծով տեղակալ Գրետա Թիրաբյանի ընտանիքը արդեն երկրորդ անգամ է` հայտնվում է անասնագողերի թիրախում: 2015թ. սեպտեմբերի 12-ին գողացել են այդ ընտանիքին պատկանող 7 խոշոր եղջերավոր անասունները: Իսկ 2010 թ-ին էլ նույն ընտանիքին պատկանող 9 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ էին գողացել: Գրետա Թիաբյանը հայտնեց, որ այս տարվա անասնագողությունը ոստիկանների կողմից բացահայտվել է, այն կատարել է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ գյուղի նախկին գյուղապետ Վոլոդյա Սարհատյանի որդին՝ Գրիգոր Սարհատյանը:
Նշենք, որ Խաշթառակը եւ Լուսահովիտը հարեւան համայնքներ են: Գ. Թիրաբյանը հայտնեց, որ 7 գլուխ անասունների գողությունը բացահայտ է կատարվել, անասունները գողանալու ժամանակ դրանք ավտոմեքենայում են տեղավորել Խաշթառակի գյուղապետարանի շենքի մոտ: Նրա խոսքերով՝ իր ընտանիքին պատկանող այդ անասունները տեղափոխել են Տավուշի մարզի Հովք գյուղ, որտեղ 6 խոշոր եղջերավոր անասունը մորթել են, մեկ ցլիկը պահել հովքեցու անասնագոմում: Տիկին Գրետան հայտնեց, որ ճանաչել են իրենց ցլիկին եւ վերադարձրել իրենց անասնագոմ: Նրա համոզմամբ՝ 2010 թվականին իրենց անասունները էլի Գրիգոր Սարհատյանն է գողացել: 2010թ. անասնագողությունից հետո Գրետա Թիրաբյանը բազմաթիվ ատյաններ է բողոքել, որ հանցագործությունը չի բացահայտվում: Դրանից հետո ՀՀ նախագահի աշխատակազմից տիկին Գրետայի ընտանիքին 5 հազար դոլար են տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու երկրի նախագահի աշխատակազմից պետք է փոխհատուցեին անասնագողության վնասները, այն էլ ոչ թե ՀՀ դրամով, այլ ամերիկյան դոլարով: Տիկին Գրետան հաստատեց 5 հազար դոլարի հատկացումը՝ հավելելով, որ նյութական վնասի փոխհատուցումից առավել իր համար կարեւոր է արդարությունը: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դատախազությունը Գրիգոր Սարհատյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանքի միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:
Սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը մերժել է այդ միջնորդությունը: Մարզային դատախազությունից հայտնեցին, որ այդ միջնորդությունը ներկայացնելու ժամանակ Գրիգոր Սարհատյանը գտնվել է հետախուզման մեջ, իսկ արդեն դատավորի կողմից կալանքի միջնորդությունը մերժելուց հետո հայտնվել է հանրությանը: Նշենք, որ կալանքի միջնորդության մերժումից հետո Տավուշի մարզի դատախազությունը Ռաֆիկ Մելքոնյանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել; Գրետա Թիրաբյանը հայտնեց, որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Գրիգոր Սարհատյանի բարեկամ բարձրաստիճան պաշտոնյայի ընկերն է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ