«Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն կմասնավորեցվի. գործարքի 70 %-ը կգնա պետբյուջե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն առաջիկայում կմասնավորեցվի: Նշենք, որ այն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում:

Ի դեպ, ՀՀ կառավարությունը իր վաղվա նիստում պետական գույքի կառավարման վարչությանը կթույլատրի իր ենթակայության տակ գտնվող «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

Նշենք, որ «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն արդեն երրորդ անգամ է մասնավորեցման ներկայացվում: Առաջին անգամ ընկերության բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման ՀՀ կառավարության դեռեւս 2000 թվականի փետրվարի 9-ի թիվ 61 որոշմամբ՝ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ: Իսկ երկրորդ անգամ ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի որոշմամբ մասնավորեցման են ներկայացվել մրցույթով, որը հայտ չլինելու պատճառով չի կայացել:

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված գնահատման համար իրականացվել է ընկերության գույքի գնահատում: Եւ ընկերության ակտիվների գնահատված արժեքը այս տարվա սեպտեմբերի 17-ի դրությամբ կազմել է 60 մլն 32 հազար դրամ, իսկ պարտավորությունների գնահատված արժեքը՝ 5 մլն 196 հազար դրամ: Իսկ, ահա, աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կկազմի մոտ 55 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերության պարտավորությունները՝ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի եւ աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, կազմել են 5 մլն 196 հազար դրամ:

Նշենք, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում: Իսկ գույքի վաճառքի գնի 70 տոկոսը կուղղվի պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս