Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Հայաստանի գազալցակայաններում պայթյունների դեպքերի աճ է գրանցվել: Պայթյունների հիմնական պատճառներն են եղել գազաբալոնների մաշվածությունը եւ սխալ գազաբալոնների օգտագործումը: Բազմաթիվ են դեպքերը, երբ ավտոմեքենաների մեջ տեղադրվում են այնպիսի գազաբալոններ, որոնք նախատեսված չեն պրոպան տեսակի գազով լիցքավորելու համար:
Տեղեկացնենք, որ 2012-2015 թվականների ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 18 պայթյուն, որոնցից 4-ը՝ Երեւանում եւ Կոտայքի մարզում, 3-ը՝ Արմավիրի մարզում, 1-2 դեպքեր՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի եւ Լոռու մարզերում: 18 պայթյուններից միայն 5-ը գրանցվել է այս տարվա մայիսին՝ մեկը մյուսի հետեւից, դրանցից մի քանիսը՝ մահվան ելքով: Հիշեցնենք, որ հենց այս առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին հանձնարարեց վերահսկել գազալցակայաններում անվտանգության ռեժիմները: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ Արտաշատից Երասխ տանող ճանապարհին հենց իր` վարչապետի ազգականների գազալցակայաններն են:
Ինչպես հայտնի է՝ այս ոլորտում մի շարք խնդիրներ կան, որոնք շտապ լուծման կարիք ունեն: Դրանք հիմնականում կապված են ԱԳԼՃԿ-ին եւ գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի եւ դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաեւ նոր արտադրված, ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի եւ դրանց ապահովման մեխանիզմների սահմանման հետ:
Հավելենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը հավաստագրեր է տալիս գազաբալոններ տեղադրող, փորձարկող իրավաբանական անձանց, եւ պահանջում, որպեսզի գազի բալոնով մեքենաները 2 տարին մեկ փորձաքննություն անցնեն: Բացի այս՝ մեքենայի դիմապակու վերեւի աջ անկյունում պետք է փակցված լինի դրոշմված կտրոն՝ գազաբալոնների հաջորդ վկայագրման ժամկետով: Սակայն ինչպես նկատել եք, այդպիսի կտրոններ չկան, ինչպես նաեւ քիչ են այն վարորդները, ովքեր գոնե 2-3 տարին մեկ փորձարկում են իրենց մեքենաները: Այնուամենայնիվ, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու, գազաբալոններ տեղադրելու, դրանք փորձարկելու համար գոյություն ունեն հստակ սահմանված կանոնակարգեր, նորմեր, կառավարության որոշումներ, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե այդ գործունեությունն իրականացնողները ինչպիսի սկզբունքներով պետք է առաջնորդվեն, ինչպես պետք է աշխատեն, ինչ սարքավորումներ եւ ինչպիսի անձնակազմ պետք է ունենան:
Սակայն արդյո՞ք ՀՀ-ում այս օրենքը գործում է: Էկոնոմիկայի նախարարությունը արդյո՞ք վերահսկում է ոլորտը:
ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը անվտանգության ռեժիմների վերահսկման հանձնարարական է տվել այս տարվա մայիսի վերջին, սակայն միայն 6 ամիս անց` ՀՀ կառավարության վաղվա նիստին, էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Այս իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է էկոնոմիկայի նախարարության կողմից: Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Փաստորեն` եւս 6 ամիս:
Այս տեխնիկական կանոնակարգով կարգավորվում են ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները: Նպատակն է սահմանել կիրառման համար միասնական, պարտադիր պահանջներ` ՀՀ տարածք ներմուծվող, արտադրվող եւ շուկայահանված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգերի համար: ՀՀ տարածք ներմուծվող, շուկայահանվող եւ հանրապետությունում արտադրվող գազաբալոնային համակարգերը պետք է համապատասխանեն այս տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Գազաբալոնային համակարգը պետք է մշակվի եւ արտադրվի այնպես, որպեսզի ըստ նշանակության դրանց կիրառման, շահագործման եւ տեխնիկական սպասարկման ժամանակ ապահովվի համապատասխանությունն անվտանգության պահանջներին:
Նշենք, որ գազաբալոնային համակարգին կցվող տեխնիկական փաստաթղթերն իրենց մեջ ներառում են բալոնի անձնագիրը, անվտանգության հիմնավորման պատճենը, ընդհանուր տեսքի գծագիրը եւ այլն: Բալոնի անձնագիրը ձեւակերպում է արտադրողը` դնելով անձնագրի վրա իր կնիքը եւ նշելով դրա ձեւակերպման թվականը: Այն ներառում է հետեւյալ տեղեկատվությունը՝ արտադրողի անվանումը եւ գտնվելու վայրը, արտադրման թվականը եւ այլն:
Նկատենք, որ սրանով գործող կառավարությունը խոստովանում է, որ մինչ այս վերահսկողություն չի իրականացվել ոլորտում: Իսկ տեխնիկական այս կանոնակարգերի հաստատումից հետո արդյոք էկանոմիկայի նախարարությունը կվերահսկի ոլորտը, խիստ կասկածելի է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ