ԴԱՎԹԱՇԵՆՈՒՄ ՆՈՒՅՆՆ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավթաշեն վարչական շրջանի թիվ 199 դպրոցում գտնվող թիվ 5/19 ընտատեղամասում «Ժողովուրդ»-ի այցելության պահին հանձնաժողովի անդամներն արձանագրություն էին կազմում, որի մեջ նշված էր. «Թիվ 5/19 ընտրատեղամասի հանձնաժողովի ներքոստորագրյալ անդամներս, ինչպես նաեւ բոլոր կուսակցությունների եւ դաշինքի վստահված անձինք, փաստում ենք այն մասին, որ 4-րդ թաղամասի թիվ 12 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Սիրանույշ Ռաֆիկի Բաղդասարյանը, ստանալով քվեաթերթիկը, մտել է քվեախցիկ, դուրս եկել եւ ասել, որ իր քվեաթերթիկն անվավեր է, քանի որ դրա վրա կան կապույտ գրիչով արված բծեր: Եվ բարձրաձայն հայտարարեց, որ իրեն դա դիտավորյալ են տվել: Մենք ճանաչում ենք տվյալ քաղաքացուն դեռեւս նախորդ՝ նախագահական ընտրություններից, որի ժամանակ նույնպես հանձնաժողովի անդամներին փորձել է ենթարկել  շանտաժի»: Արձանագրության տակ ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները:
Տնտեսական եւ սոցիալական իրավունքների կենտրոնի դիտորդ Վերա Ազիզյանի խոսքով՝ տվյալ քաղաքացին նույն կերպ վարվել է նաեւ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Վարդանյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Սիրանույշն իր անձնական հեռախոսով գաղտնի նկարահանում է կատարել. «Ես նկատեցի, որ ինքը գաղտնի նկարահանում է իր անձնական հեռախոսով, դրա համար մոտեցա ու հարցրի, թե ինչու եք առանց գրանցվելու նկարահանում: Դրանից հետո սկսեց բացահայտ նկարահանել»:
Ավելի ուշ նույն ընտրատեղամաս եկավ մի քաղաքացի եւ ընտրացուցակում ստորագրելու ժամանակ բացահայտեց, որ իրեն ծանոթ Արաքսյա տատիկը վաղուց մահացած է:  «Արաքսյա Մինասի Մինասյան: Իմ բնակարանը ես սրանից 30 տարի առաջ եմ գնել այդ կնոջից: Ինքը վաղուց գրանցումից դուրս է գրվել: Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա 1990-ականներին է մահացել: Բայց ամեն ընտրություններին նա կա: Ամեն տեղ էլ դիմել եմ, սակայն, ինչպես տեսնում եք, նրա անունն էլի կա»,-պատմեց քաղաքացի Աբրահամ Համբարձումյանը:
5/19 ընտրատեղամասում հանդիպեցինք նաեւ թատրոնի եւ կինոյի ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանին: «Ես ընտրել եմ ՀԱԿ-ին»,-բարձրաձայնեց նա: Իսկ քվեարկելու համար ընտրատեղամաս եկած մի սիրիահայի անձնական տվյալները հանձնաժողովի անդամները փորձեցին փնտրել ընտրացուցակում, սակայն չգտան: Դա լսելով` քաղաքացին վրդովվեց ու անձնագիրը թափ տալով՝ բարկացած հեռացավ ընտրատեղամասից:
Իսկ 78-ամյա Հասմիկ տատիկը քվեաթերթիկն առանց քվեարկելու ծալել ու դրել էր ծրարի մեջ: «Ա՛յ մարդ, ես ոչ մեկից ո՛չ դժգոհ եմ, ո՛չ էլ գոհ: Սաղ էլ իմ համար նույնն են: Ես ու իմ թոշակը: Ինձ էսքան ժամանակ պետությունը ոչ մի ավել կոպեկ չի տվել ու չի էլ տալիս: Նախագահական ընտրություններին էլ գնացել եմ, բայց նորից նույն կերպ քվեաթերթիկը ծալել ու դրել եմ ծրարը: Ի՞նչ է, գրի՞չն են ձեռքիցս վերցնում, թե՞ աթոռն են տակիցս հանում: Ինձ ոչինչ չի հետաքրքրում»,-նշեց ծեր կինը:
Հ.Գ. Նկատենք, որ այս ընտրատեղամասում շատ էին առանց փաստաթղթի ելումուտ անող, այսպես ասած, թաղային հեղինակություն ունեցող տղաները: Երբ փորձում էինք նրանց լուսանկարել կամ հետաքրքրվել, թե ինչու են գնում-գալիս, նրանք անմիջապես իրենց անձնական հեռախոսով մեզ նկարում էին, ինչը, ի դեպ, ընդհանուր ձեռագիր էր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս