2015 թվականին համաշխարհային ճանաչում վայելող բազմաթիվ հայտնիներ այցելեցին Հայաստան: Այցը կապված էր նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Ամփոփելով տարին՝ Armlur.am-ը ներկայացնում է, թե հայտնիներից ովքեր և ինչու 2015 թվականին այցելեցին Հայաստան:
Որպես ամենաքննարկվող և, ինչու չէ, նաև սպասված այց՝ կարող ենք համարել ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանների և համաշխարհային աստղ Քանյե Ուեսթի մի քանի օրվա այցը Հայաստան:
Այդ ընթացքում մեր երկիրը դարձել էր համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցների թոփ 1 թեման: Նրանց այցն ավարտվեց Ուեսթի շքեղ համերգով Կարապի լճում: Համաշխարհային աստղերը Հայաստան այցելեցին այս տարվա ապրիլին:
Ապրիլին Հայաստանում էր գտնվում նաև աշխարհահռչակ System Of A Down խումբը: Հայությունը երբեք չի կարող մոռանալ անձրևի ներքո կայացած բացօթյան համերգը Հանրապետության հրապարակում՝ բազմահազարանոց երկրպագուների ներկայությամբ:
Ե՛վ ապրիլին, և՛ հոկտեմբերին Հայաստանում եղավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնի շրջանակներում առաջին անգամ Երևան այցելեցին հայտնի դերասանուհիներ Օռնելա Մուտին և Նաստասյա Կինսկին:
Ապրիլին Հայաստան էր այցելել նաև ամերիկացի հայտնի մարզուհի, աշխարհի ամենաուժեղ կին կոչումը կրող Ռոնդա Ռոուզին:
Իսկ հուլիսին էլ Հայաստան էր այցելել հայազգի աշխարհահռչակ քիք-բոքսեր Գեղարդ Մուսասին:
Մասնավոր այցով 2015-ին Հայաստան այցելեց Քաթարի շեյխուհի Մոզան: Նա Հայաստանում էր գտնվում հունիսին:
Հայաստանին նվիրված հաղորդում իրականացրեց հայտնի շոումեն, կատակերգու Քոնան Օ՛ Բրայենը, ով մեր երկիր էր ացելել հոկտեմբերին:
Վերջերս էլ Երևանում համերգ ունեցավ երգիչ Թիմաթին: Այս տարի համերգային ծրագրով Հայաստան էին այցելել նաև Իրինա Ալեգրովան, Սոսո Պավլիաշվիլին, Գրիգորի Լեպսը: