ԻՆՉՊԵՍ Է ԿԸՀ-Ն ՎԱՏՆՈՒՄ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տարվա հոկտեմբերի 12-ին «Բալենո սասթենիբլ գլոբալ դեվելոփմենթ» ընկերության հետ կնքած պայմանագրով 2 հազար 300 հատ անհետացող թանաքի սրվակ եւ դրոշմակնքման բարձիկ է գնել: Մեկ սրվակի եւ բարձիկի համար ԿԸՀ-ն վճարել է ընդհանուր 8 հազար 550 դրամ: Ընդհանուր հաշվով ԿԸՀ-ն վերը նշված ընկերությանը վճարել է 19 մլն 214 հազար դրամ: Հիշեցնենք, որ նշված թանաքները օգտագործվում են քվեարկության ժամանակ ընտրողի անձնագրում անհետացող կնիք դնելու նպատակով: Ուստի բնական հարց է ծագում՝ եթե Հայաստանի ընտրական տեղամասերի թիվը ընդամենը 1997 է, ինչո՞ւ է ԿԸՀ-ն տեղամասերի թվից 300-ով ավել թանաք եւ բարձիկ գնել: Կարող էին ընդամենը մի քանի ավել թանաք ու բարձիկ գնել ֆորսմաժորային իրավիճակների համար:
Իհարկե, ԿԸՀ-ի ցանկացած քայլի, այդ թվում եւ չափից շատ թանակ գնելու տակ կարելի է ընտրակեղծիքներ իրականացնելուն միտված գործողություն փնտրել, սակայն այս դեպքում կարծես թե առավել ցայտուն երեւում է, որ պետական միջոցների վատնման փաստի հետ գործ ունենք: Ինչո՞ւ, բացատրենք. գնված սրվակները մեկանգամյա օգտագործման համար չեն, եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ դրանց եթե կեսն էլ սպառվեր, ապա մնացած հազար հատը բավարար էր` եկող տարվա ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար: Հավանաբար ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ նրա հանձնաժողովականներն ուղղակի մոռացել են, որ այդ գումարները, որոնք իրենք ծախսում են, իրենց տանից չեն բերել կամ էլ անձնական բանկային հաշվից չեն փոխանցում: Այդ գումարները հարկատուների միջոցներն են, որոնց ամեն մի լուման ծախսելու համար իրենք պետք է հաշվետու լինեն հասարակությանը:
Ի դեպ, «Բալենո սասթենիբլ գլոբալ դեվելոփմենթ»-ը պաշտոնական փաստաթղթերում ներկայացված է իբրեւ բրիտանական ընկերություն, սակայն տնօրենի ազգանունը` Ի. Մերդինյան, հուշում է, որ իրականում մենք հայկական մի ընկերության հետ գործ ունենք, որը պարզապես դրսում է գրանցված:

 

 

 
«Ժողովուրդ»-ը նախկինում կանխատեսել էր, որ Հայաստանի օրինակով ԼՂՀ-ում եւս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդ հարցը պաշտոնապես դեռ չի քննարկվում Արցախում, բայց «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է մոտակա ժամանակահատվածում դիմել նախագահ Բակո Սահակյանին՝ պաշտոնական քննարկումներ սկսելու համար»: Այսինքն՝ կարող ենք կանխատեսել, որ թերեւս եկող տարվա սկզբից ԼՂՀ Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու գործընթաց կսկսվի, եւ հայկական երկրորդ պետությունը եւս կանցնի խորհրդարանական կառավարման մոդելին: Ի դեպ, քանի որ գործընթացը Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է նախաձեռնելու, ուստի կարելի է ենթադրել, որ հենց ԼՂՀ ներկա վարչապետն էլ ծրագրում է դառնալ խորհրդարանական կառավարմամբ Արցախի վարչապետ: Ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը` Հայաստանում:

 

 

 
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի գործերը լավ չեն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւանի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դատական կարգով պատգամավորից պահանջում է 100 հազար դոլար եւ 94 միլիոն 523 հազար դրամ: Ավելին՝ այս դատական վեճի շրջանակներում Մելիք Մանուկյանի գույքի վրա արդեն իսկ արգելանք է դրվել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանուկյանի շահերը ներկայացնող Հրանտ Գեւորգյանի խոսքերով՝ հայցապահանջը անհիմն է, եւ իրենք դատարանում այդ հանգամանքն ապացուցել են: «Պարզապես շանտաժ է: Արդեն դատարանում ապացուցվել է, որ դրանք կեղծիք են տարածել Մելիք Մանուկյանի մասին: Ես առաջիկա նիստում հակընդդեմ հայց եմ ներկայացնելու եւ երեւի դիմեմ ՀՀ գլխավոր դատախազություն այդ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց Գեւորգյանը: Սակայն հայցվորը պնդում է, որ իրեն գումար է պարտք Շշերի Մելո անունով հայտնի գործարարը եւ պարտավոր է վճարել: Ինչպես երեւում է՝ գործ ունենք պայմանավորվածությունը խախտելու ավանդական երեւույթի հետ:

 

 

 

Համայնքային միջոցները մսխելու հարցում Երեւանի քաղաքապետարանը նորանոր ռեկորդներ է սահմանում: Վարչական շրջանների աշխատակիցների համար տարատեսակ «քեֆեր» կազմակերպելու վրա գումարներ ծախսելուց հետո այժմ էլ քաղաքապետարանը տասնյակ միլիոնավոր դրամներ է վատնում հնամաշ ինչ-որ ավտոմեքենաների վարձակալության վրա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձած նման մի գործարքի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը շուրջ 28 միլիոն 500 դրամ գումար է ծախսել թվով 54 ավտոմեքենաների վարձակալության վրա: Վարձակալված ավտոմեքենաների մեջ կան նաեւ ավելի քան 30 տարվա հնության մակնիշի ավտոմեքենաներ` մասնավորապես «Վազ 2106» մակնիշի, որի համար քաղաքապետարանը վճարել է ավելի քան 800 հազար դրամ: Կան նաեւ 20 տարեկան «Գազ 31»-եր եւ այսպես շարունակ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ավտոմեքենաների վարձակալության միջոցով բյուջետային գումարները վատնելու գործելաոճը Հայաստանում գնալով ավելի տարածում է ստանում:

 

 

 

ԵՐԿՍԱՅՐ ՍՈՒՐ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Մոսկվայում ստորագրել են հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո: Ու թեեւ այս փաստաթղթի նախապատրաստման հանձնարարությունը Պուտինը տվել էր դեռ երկու ամիս առաջ, երեկվա ստորագրությունը բավականին ուշագրավ էր, նախ` դրան նախորդած ՀԱՊԿ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ունեցած կոշտ ելույթի առումով, քանի որ, ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են գերազանցապես Ռուսաստանի կողմից, ուստի դժգոհությունը ՀԱՊԿ-ից, այսպես թե այնպես, նշանակում է նաեւ դժգոհություն Ռուսաստանից: Եվ ահա այս առումով բավականին տարակուսելի է, որ Սերժ Սարգսյանն այսօր կշտամբում է ՀԱՊԿ անդամներին, իսկ վաղը կարեւորագույն համաձայնագիր ստորագրում այդ անդամներից մեկի հետ:
Մյուս գործոնը, որը ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին այս համաձայնագրի ստորագրումը հատկապես կարեւոր է դարձնում, ներկայումս գերսրված ռուս-թուրքական հարաբերություններն են, որոնք, արդեն իսկ տեսանելի է, որ առաջիկայում շարունակելու են էլ ավելի լարվել: Եվ, ահա, այս համատեքստում դժվար է ասել, թե համատեղ հակաօդային պաշտպանությունը, կամ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի` նոր զինատեսակներով համալրումը որքանով պետք է մեզ համար ողջունելի լինի:
Անշուշտ, մեր ոխերիմ հարեւանների կողքին, այն էլ ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանն արդեն մեր դիրքերը տանկերով եւ հաուբիցներով է /ի դեպ, ռուսական արտադրության/ արկակոծում, իսկ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն էլ հայտարարում է, որ իրենք ամեն ինչ անելու են` Լեռնային Ղարաբաղի եւ նրա հարակից շրջանների` թուրքերի համար «սուրբ հողերը» վերադարձնելու համար, հայկական զինուժի, եւ նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի համալրումը կարող է լրացուցիչ ապահովության եւ անվտանգության երաշխիք լինել:
Մյուս կողմից, սակայն, այլեւս ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի բախումը գլոբալ է, եւ տեսանելի առաջիկայում այս իրավիճակը դեպի լիցքաթափման չի գնալու: Ուստի ստացվում է, որ Հայաստանը հետզհետե էլ ավելի մեծացնելով ռուսական զինուժի ներկայությունը իր տարածքում` վերածվում է թուրք-ռուսական հակամարտության կողմերից մեկի ֆորպոստի, որը Ռուսաստանի հրահանգով անհրաժեշտ պահին ստիպված կլինի արդեն անմիջականորեն ներգրավվել կոնֆլիկտի մեջ:
Հ. Գ. Թերեւս պատահական չէր, որ մինչ Ս. Սարգսյանը Մոսկվայում բոցաշունչ ելույթ էր ունենում, Հայաստանում ընթանում էր ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների խորհրդատվություն` Ռուսաստանի ԱԳՆ սպառազինությունների չտարածման վարչության պետի մակարդակով:




Լրահոս