ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԻՄԵԼՈՒ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արցախում աշխատավարձերի եւ պետական համակարգի աշխատողների կրճատում պլանավորված չէ: «Այնուամենայնիվ, հասկանում ենք, որ եթե սոցվճարների ավելացում չի նախատեսվում, ապա բնականոն գնաճի արդյունքում որոշ դժվարություններ են լինելու սոցիալապես խոցելի խավերի համար: Ուստի կառավարությունը փորձելու է այլընտրանքային միջոցներով մեղմացնել այդ խմբերի առջեւ ծառացող սոցիալական դժվարությունները»,-նշեց ԼՂ վարչապետը:

-Պարո՛ն վարչապետ, ԼՂՀ խորհրդարանն ընդունեց 2016 թվականի բյուջեն: Արդյո՞ք պատգամավորները գոհ էին գալիք տարվա բյուջեի նախագծից, եւ ի՞նչ բացթողումներ մատնանշվեցին նրանց կողմից:
-Այո՛, ստացել ենք մի շարք դիտարկումներ եւ առաջարկներ, որոնք քննարկվել են կառավարությունում եւ համապատասխան հետեւություններ արվել: Ազգային ժողովում այսօր /երեկ.Ս.Գ/ տեղի ունեցած ելույթներով եւ քվեարկությամբ համոզվեցինք, որ պատգամավորները գոհ էին նախագծից:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում 2016 թվականի բյուջեն, արդյո՞ք այն բավարար է` արցախցու սոցիալական խնդիրներին լուծումներ տալու համար:
-Այն տնտեսական զարգացումը խթանող եւ սոցիալական կայունություն ապահովող բյուջե է լինելու, քանի որ ՓՄՁ զարգացման նպատակով որոշ հարկային արտոնություններ ենք նախատեսում, իսկ սոցիալական պարտավորությունները պահպանվելու են նույն չափով, ինչ 2015 թվականին:
-Գալիք տարի Արցախն ունենալո՞ւ է տնտեսական աճ, արդյո՞ք արցախցին 2016 թվականին ավելի լավ է ապրելու:
-Բյուջեն հաստատվել է ՀՆԱ-ի 8-10 տոկոս աճի կանխատեսմամբ, ինչի արդյունքում ՀՆԱ-ն կլինի կրկնապատիկ ավելին, քան ունեինք 2010 թվականին: Կարծում եմ՝ շատ քիչ պետությունների է հաջողվում 6 տարում կրկնապատկել ՀՆԱ-ն: Դա նշանակում է, որ տնտեսական աճն ուղիղ ազդեցություն է թողնելու նաեւ բնակչության եկամուտների վրա, սակայն սոցիալական վճարների եւ աշխատավարձերի մասով բարձրացում չենք նախատեսում:
-Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի բյուջեն անվանել են «յոլլա» գնալու բյուջե, քանի որ որեւէ սոցիալական խնդիր չի լուծվելու, ավելին՝ հնարավոր է՝ նաեւ ինչ-որ կրճատումներ լինեն տարբեր գերատեսչություններում: Նման կանխատեսում կա՞ Արցախի դեպքում:
-Աշխատավարձերի չափերի եւ պետական համակարգի աշխատողների քանակի կրճատում չենք պլանավորում հաջորդ տարի, իսկ սոցիալական իրավիճակը փորձելու ենք բարելավել տնտեսության զարգացման ուղով: Այնուամենայնիվ, հասկանում ենք, որ եթե սոցվճարների ավելացում չի նախատեսվում, ապա բնականոն գնաճի արդյունքում որոշ դժվարություններ են լինելու սոցիալապես խոցելի խավերի համար: Ուստի կառավարությունը փորձելու է այլընտրանքային միջոցներով մեղմացնել այդ խմբերի առջեւ ծառացող սոցիալական դժվարությունները:
-Պարո՛ն վարչապետ, եթե ամփոփենք 2015 թվականը, ինչպե՞ս կգնահատեք այն, ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունեցաք:
-Գլխավոր ձեռքբերումը ՀՆԱ-ի շուրջ 8 տոկոս աճն է, որը դրական է անդրադառնում ողջ հասարակության կենսամակարդակի վրա: Քաղաքական դաշտում հիմնական ձեռքբերումը կհամարեի խորհրդարանական ընտրությունների բարձր մակարդակի անցկացումը, որն առաջ քայլ էր Արցախի ժողովրդավարության կայացման ճանապարհին: Խնդիրներից հիմնականը ֆինանսական շուկայում առկա անորոշությունն է՝ պայմանավորված արտարժույթների տատանումներով, ինչի պատճառով բանկերը կասեցրել կամ նվազեցրել են տնտեսության վարկավորման ծրագրերը: Բնականաբար, դա որոշ խնդիրներ է առաջացրել տնտեսության մեջ՝ դանդաղեցնելով ներդրումների հոսքը:
-Եւ վերջին հարցը՝ արդյո՞ք 2016 թվականին Արցախը պատրաստվում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել:
-Այդ հարցը պաշտոնապես դեռ չի քննարկվում Արցախում, բայց «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է մոտակա ժամանակահատվածում դիմել նախագահ Բակո Սահակյանին՝ պաշտոնական քննարկումներ սկսելու համար:

 

 

 

 
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ «ՄԵՅԴԱՆ» ԵՆ ԲԵՐՈՒՄ

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ԵՏՄ անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի ղեկավարները որոշում են ընդունել ԵՏՄ մարմինների նախագահության, անձնակազմի եւ ԵՏՀ կոլեգիայի անդամների պարտավորությունների բաշխման վերաբերյալ: «ԵՏՄ երկրների նախագահները ԵՏՀ կոլեգիայի նախագահի թեկնածության որոշումն ընդունել են դեռ 2015-ի հոկտեմբերին: Նոր նախագահ կդառնա Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, ով ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է»,-նշված է ԵՏՄ մամլո հաղորդագրությունում:

Այժմ կոլեգիայում Միության յուրաքանչյուր երկիր կունենա երկուական ներկայացուցիչ: ԵՏՀ կոլեգիայի նոր կազմը պարտավորությունների կատարմանը կանցնի 2016 թվականի փետրվարի 1-ին: Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ից:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս թեմայով զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
-Տիկի՛ն Սարգսյան, ԵՏՄ երկրների նախագահների որոշմամբ` ԵՏՀ կոլեգիայի նոր նախագահ կդառնա Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը: Ձեր կարծիքով արդյո՞ք ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին կհաջողվի լուրջ արդյունքների հասնել այդ պաշտոնում:
-Իմ կարծիքը միանշանակ է, որ Տիգրան Սարգսյանը լինելով ՀՀ վարչապետ՝ ոչ մի դրական բան, ըստ էության, Հայաստանի համար չարեց, եթե չասեմ, որ բազմաթիվ վնասներ կրեց մեր երկիրը իր վարչապետության օրոք, հետեւաբար ակնկալել, որ նա այնտեղ ինչ-որ բան կարող է անել Հայաստանի օգտին, խիստ կասկածելի է: Ավելի ճիշտ, վստահ եմ, որ որեւէ բան չի փոխվելու, որեւէ բան չի արվելու, ունենք այն, ինչ ունենք: Կա նման որոշում, նա է ներկայացնելու Հայաստանը, թե որքանով է դա համաձայնեցված, չեմ կարող ասել: Իշխանական հատվածում ասում են, որ ճանաչելով նրան եւ գնահատելով նրա պրոֆեսիոնալ կարողությունները՝ Ռուսաստանը համաձայնություն է տվել նրա թեկնածությանը: Թե ինչ կա իրականում դրա տակ, ես չեմ կարող գուշակել, բայց չեմ կարծում, որ Հայաստանը կարող է դրանից շահել:
-Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են նրան մշտապես նման պաշտոնների նշանակում, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մշտապես բարեհաճ գտնվում նրա նկատմամբ:
-Ես կարծում եմ, որ նա շատ երկար ժանանակ է իշխանությունների մեջ եղել ու բավականին վստահելի գործընկեր է եղել իշխանությունների համար, ու դրանից ելնելով էլ որոշել են օգտագործել նրա հնարավորությունները նաեւ ԵՏՄ-ում: Իսկ ինչքանով է դա արդարացված, դա արդեն մեկ այլ հարց է: Բայց համոզված եմ նաեւ, որ այդ նշանակումը պայմանավորված է այն վստահությամբ, որն ունի գործող նախագահը նրա նկատմամբ: ԱՄՆ-ում դեսպանության տարիներին տեսանելի առումով որեւէ բան չի արվել, բայց հստակ է նաեւ, որ դիվանագիտությունում մեկ օրում հարցեր չեն լուծվում, այդ առումով վստահաբար չի կարելի ասել՝ նա աշխատանք արել է, թե ոչ: Ժամանակը ցույց կտա, բայց եթե ընդհանուր ենք նայում, մեր դիվանագետներն արդյունավետ որեւէ աշխատանք չեն տանում: Իմ կարծիքով ձախողված մարդուն ուղղակի հանում են, եթե նրան ավելի բարձր պաշտոն է առաջարկվում, ուրեմն իշխանությունները դժգոհ չեն նրա աշխատանքից:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ՁՈՒՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Ամանորին ընդառաջ ձվի շուկայում կրկին գների բարձրացում է արձանագրվել: Հավկիթի թանկացումների շուրջ ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանն ասաց. «Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցումների համաձայն՝ Երեւանի մի շարք խոշոր առեւտրի կետերում արձանագրվել է ձվի գնի որոշակի աճ: Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի գինը բարձրացել է միջինում շուրջ 6 դրամով՝ 55-ից դառնալով 61 դրամ»: ՏՄՊՊՀ-ն հավկիթի թանկացումը պայմանավորվում է սեզոնայնությամբ՝ ամռանը ձվի պահանջարկը նվազում է, իսկ աշնանն աստիճանաբար ավելանում, ինչն էլ ազդում է գների վրա, եւ նման գնային տատանումներ արձանագրվել են նախորդ բոլոր տարիներին: Ի դեպ, որպես արդարացում ՏՄՊՊՀ-ն նշում է նաեւ, որ այս տարվա դեկտեմբերին ձվի գինը շատ ավելի ցածր է, քան նախորդ տարի նույն ամսին:

 

ԿԵ՞ՂԾ ԱԿՏԵՐ
Վարորդների շրջանում մտավախություններ են առաջացել, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչների ներկայացրած ակտերը կարող են նաեւ կեղծ լինել: Նման խնդրով «Ժողովուրդ»-ին դիմել է Երեւանի բնակիչ Գագիկ Գրիգորյանը, որի պատմելով օրերս ՃՈ տեսուչն իրեն տուգանելիս բանավոր ասել է, որ արագությունը գերազանցելու համար է տուգանում, սակայն իրեն տրված ակտի վրա գրված չէ տուգանքի պատճառը: Երեւանի ՃՈ պետ Արման Հակոբյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չի կարող նշված լինել: Ակտի վրա համապատասխան հոդվածի վրա պետք է հղում լինի: Այնուամենայնիվ, վարորդը կարող է ակտով մոտենալ ՃՈ: Իսկ կեղծ ակտերի մասով գանգատների մասին առաջին անգամ եմ լսում»:

 

ԽՈՍՆԱԿԻՆ ՆԱԽԱՏԵ՞Լ ԵՆ
Դեկտեմբերի 22-ին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով սահմանում լարված իրավիճակին, ասել էր, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս բառապաշարից պետք է հանել «հրադադարի խախտում» տերմինը: «Մենք վաղուց հրադադար եւ խաղաղություն չունենք, ունենք հրադադարի հարաբերական հանգստություն եւ սա պատերազմ է»,- ասել է ՊՆ խոսնակը: Այս հայտարարությունից հետո Հովհաննիսյանը հայտնվել է վատ իրավիճակում, քանի որ ՊՆ-ում նրան նախատել են, ասել, որ խոսնակն իրավունք չուներ նման հայտարարություն անել: Եւ հիմա ՊՆ-ն փորձում է ամեն կերպ «մաքրել» իր խոսնակի խոսքերի հետեւանքները: Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանն ինքնագլուխ չի օգտագործել այդ տերմինը, այլ նախապես պլանավորված է եղել` ասուլիսից առաջ ինչ խոսել:

 

ԱՆԻՄԱՍՏ «ԱՅՈ-ՈՉ»
Երեկ «Ժողովուրդ»-ը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանից հետաքրքրվեց, թե նա ինչպես է գնահատում դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: «Ամենուր եղել է ոչ, կեղծել են արդյունքները: Ես միշտ ասել եմ, որ արդարություն չկա: Ընդդիմադիրները գիտեին, որ այդպես պետք է լինի, որ անարդար պետք է լինի, իմաստը չեմ հասկանում պայքարի այո-ի եւ ոչ-ի համար»,- ասաց Կարապետյանը:




Լրահոս