ՇՇԻ ՄԵԼՈՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, հայտնվել է ֆինանսական խնդիրների մեջ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատգամավորին 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի եւ 94 միլիոն 523 հազար 994 դրամի համար դատի են տվել:

Մեր օրաթերթը բազմիցս է անդրադարձել ԱԺ պատգամավորներին պատկանող ընկերությունների դեմ դատական հայցերին: Ավելին՝ նույնիսկ նրանցից շատերը դատարանի կողմից սնանկ են ճանաչվում: Եվ, ահա, այս անգամ էլ դատարանի դուռն է հասել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ մարտի 2-ին Երեւան քաղաքի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանից՝ Շշի Մելոյից, գումար բռնագանձել: Բայց քաղաքացի Արտուշ Մարտիրոսյանը այսքանով չի սահմանափակվել: Տեղեկացանք, որ Արտուշ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Էդգար Բադեմյանը մարտի 23-ին միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի եւ 94 միլիոն 523 հազար 994 դրամի չափով արգելանք դրվի Մելիք Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա՝ արգելելով դրանց հետագա տնօրինումը, մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը:
Դատարանում պատգամավոր Մելիք Մանուկյանի լիազորված անձ Հրանտ Գեւորգյանն էլ իր հերթին է դիմել դատարան, որպեսզի թույլ չտա, որ պատգամավորի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի: Վերջինս դատարանում իր քայլը հիմնավորել է, թե գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը յուրաքանչյուր օր պատասխանողին պատճառում է էական վնաս, ինչն իր հերթին խաթարում է նրա աշխատանքային նորմալ գործունեությունը:
Ավելին՝ Գեւորգյանը դատարանում պնդել է, որ պատասխանող Մելիք Մանուկյանը հանդիսանում է «Սարանիստ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը, իրականացնում է տնտեսական գործունեություն եւ վերջինիս դրամական միջոցների վրա արգելանք դնելը նրան զրկում է տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:
Ինչպես նկատում ենք՝ այս խնդրի շուրջ դատարանում երկու կողմերի միջեւ տարաձայնություն է առաջացել: Բանն այն է, որ պատգամավորի դեմ դատական հայց ներկայացրած Մարտիրոսյանի ներկայացուցիչը պնդել է, թե պատգամավորի գույքի եւ դրամական միջոցների վրա պետք է արգելանք դրվի, իսկ, ահա, պատգամավորի լիազոր ներկայացուցիչը պահանջում է այն մերժել: Ավելին՝ Մելիք Մանուկյանի` Շշի Մելոյի լիազոր ներկայացուցիչը հայտնել է, թե դատարանը կարող է արգելանք դնել «Սարպետ» ՍՊԸ-ի՝ Երեւան քաղաքաքի Կենտրոն, Գրիգոր Լուսավորիչ թիվ 4/4 հասցեում գտնվող բնակելի շենքի վրա, որի հիսուն տոկոսի սեփականատեր է հանդիսանում Մելիք Մանուկյանը, իսկ, ահա, նշված տարածքի շուկայական արժեքը գնահատվել է երկու միլիարդ երեք հարյուր ութսուն միլիոն ՀՀ դրամ:
Արդյունքում, գործը նախագահող դատավոր Նելլի Գալստյանը, լսելով երկու կողմերի կարծիքները, որոշում է կայացնում 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի եւ 94 միլիոն 523 հազար 994 ՀՀ դրամի չափով պատգամավոր Մելիք Մանուկյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնել՝ պահպանելով գույքի վրա դրված արգելանքը:
Այսինքն՝ այս օրերին պատգամավորի գույքը դրված է արգելանքի տակ:
Ինչ խնդիր է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, Արտուշ Մարտիրոսյանի հետ, ինչի արդյունքում նրան պատկանող գույքը արգելանքի տակ է դրվել: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով նախ զրուցեցինք Արտուշ Մարտիրոսյանի պաշտպան Էդգար Բադեմյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ չի կարող հայտնել, թե ինչ խնդրի մասին է խոսքը, քանի որ դրա իրավունքը չունի. «դա փաստաբանական գաղտնիք է, իրավունք չունենք հրապարակել, քննչական գաղտնիքի նման բան է: Ինձ նույնիսկ դատ է հասնում օրենքով, դա ասելու համար, դա նույն է, որ բժիշկը որեւէ մեկին հիվանդության մասին մեկ այլ մարդու տեղեկություն հայտնի»:
Իսկ պատգամավոր Մանուկյանի լիազոր ներկայացուցիչ Հրանտ Գեւորգյանը ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի դեմ դատական հայցը որակեց որպես շանտաժ. «Պարզապես շանտաժ: Արդեն դատարանում ապացուցվել է, որ դրանք կեղծիք են տարածել Մելիք Մանուկյանի անվամբ: Ես առաջիկա նիստում հակընդդեմ հայց եմ ներկայացնելու եւ երեւի դիմեմ ՀՀ գլխավոր դատախազություն՝ այդ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու»:
Ըստ Հրանտ Գեւորգյանի` Արտուշ Մարտիրոսյանը նախկինում «Երեւանշին»-ում է աշխատել. «Հետո թե ինչ կարգով, ինչ ձեւով է այդ շինարարական կազմակերպությունը ձեռք բերել, օրինական առք ու վաճառքի եղանակով «Երեւանշին»ի մի մասը վաճառել է: Անցել է երկար տարիներ, հանկարծ դատարանում հայց է ներկայացրել, թե Մելիք Մանուկյանն իրեն այսքան գումար է պարտք: Իսկ թե ինչի է պարտք, ինչի համար է գոյացել այդ պարտքը, հայտնի չէ: Չէ որ պայմանագիր գոյություն ունի: Այսպիսի մի անհիմն հայց է ներկայացրել: Մենք ներկայացրել ենք առուվաճառքի հետ կապված բոլոր մեր փաստաթղթերը եւ հիմա հաշիվ ենք պահանջում, թե ում կարգադրությամբ, ում պատվերով է նա իրականացրել եւ դեռեւս չենք կարողանում հասկանալ»:
Մեր այն հարցին՝ միգուցե պատգամավորի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում, լիազոր ներկայացուցիչը պատասխանեց. «Ամեն ինչ էլ կարող է լինել, ով գիտի, մեր երկրում ինչ ասես հնարավոր է»:
Այսպիսով, պատգամավորը կանգնած է լուրջ խնդրի առաջ. մի կողմից ունեցվածքն է արգելանքի տակ, մյուս կողմից՝ վտանգվում է ազգընտիրի հեղինակությունը: Բայց ամեն դեպքում, եթե պատգամավորը ճիշտ փոխհարաբերություններ կառուցեր, դժվար թե այսքան պատմության մեջ ընկներ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
45 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը մի շարք ընտրատեղամասերում տվյալների կեղծման փաստերի շուրջ: Դատախազությունը ուսումնասիրելով պատգամավորի դիմումը՝ որոշել է դրանց հիման վրա քրեական գործ հարուցել:
Իսկ ի՞նչ կեղծիքների մասին է խոսք: Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ ՀԱԿ-ը, համեմատելով մի շարք ընտրատեղամասերի ամփոփիչ արձանագրությունների քաղվածքները եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական տվյալները, հայտնաբերել է, որ այո-ի քվեները մի քանի անգամ ավելացվել են, իսկ ոչ-ինը՝ պակասել:
Ըստ Լեւոն Զուրաբյանի հավաստիացումների՝ Արաբկիր վարչական շրջանի 5/38 ընտրատեղամասի արձանագրության բնօրինակում, ստորագրված, կնքված է եղել, որ այո-ն ստացել է այստեղ 343 քվեաթերթիկ, իսկ ոչ-ը՝ 421: Իսկ նույն տեղամասից ստացված եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներում այո-ն՝ 343-ի փոխարեն գրված է 1155, իսկ ոչ-ի 421-ի փոխարեն՝ 92: Տեղեկացնենք, որ այս ընտրատարածքում հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական Արտակ Երեմյանն է:
Շենգավիթ վարչական շրջանի 11/22 տեղամասում այո-ն հավաքել է 156 ձայն, ոչ-ը՝ 426: Բայց վերջնական արդյունքում, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներով՝ այո-ն ստացել է 418, այսինքն՝ 262-ով ավելացվել է, ոչ-ը ստացել է 169, այսինքն՝ 257-ով պակասեցվել է: Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի 11/22 տեղամասում հանձնաժողովի նախագահը դաշնակցական Սիրանուշ Հովհաննիսյան է:
Եւ այսպես, Զուրաբյանի մատնանշած շատ ընտրատեղամասերում նույն ձեռագրով փոխվել են քվեարկության արդյունքները, ինչը քրեորեն պատժելի արարք է:
Տեղեկացնենք, որ դատախազությունում հարուցված քրեական գործով անցնում են Արաբկիր վարչական շրջանի 4/15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը` ԲՀԿ-ական Սուրեն Օհանյանը, 4/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ ՀՅԴ-ական Արմինե Սաղաթելյանը, 4/10 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Աշոտ Խաչատրյանը, 4/21 ընտրական հանձնաժողովի նախագահ ՕԵԿ ներկայացուցիչ Արմեն Պատվականյանը, 15/18 հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Անահիտ Սիմոնյանը:
Նկատենք, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու են 4/4 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արման Երանոսյանը, որը ՀԱԿ անդամ է, 4/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Սարգսյանը եւ 23/42՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղակայված հանձնաժողովի նախագահը՝ Լյուբա Մանուկյանը, որոնք «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ են:
Տեղեկացնենք, որ հարուցված քրեական գործերի թիվը հասել է 45-ի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Զուրաբյանի դիմումի հիման վրա հարուցված քր.գործերի նախաքննությունը կիրականացնի ՀՔԾ-ն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱՊՀ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են մինչեւ 2015թ. ԱՊՀ անդամ երկրների ռազմական համագործակցության իրականացման արդյունքները: Որոշումներ են կայացվել հակաօդային պաշտպանության միացյալ համակարգերի զարգացման վերաբերյալ, քննարկվել են ականազերծման ոլորտում համագործակցության, զինվորական կադրերի ուսուցման, օպերատիվ ու մարտական նախապատրաստության համատեղ ու ռազմա-մարզական միջոցառումների անցկացման հարցեր: Հիշեցնենք, որ խորհրդի նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

ԿՐԱԿԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 22-ին եւ լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաեւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ (58 արկ), 82 միլիմետրանոց ականանետ եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

 

ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ
Երեքշաբթի երեկոյան՝ ժամը 21:30-ից մինչեւ 23:45-ը ընդհատումներով ադրբեջանական զինուժի հենակետերից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։ «Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկան: Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթեւեկում են վերը նշված վայրով», – գրել է գյուղապետը։




Լրահոս