Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է շրջանակային ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարություն, ըստ որի՝ Երեւանի քաղաքապետարանը այս տարվա դեկտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Մ-Բի-Ռ» եւ «Սամավտո» ՍՊԸ-ների հետ եւ 28.5 մլն դրամով գնել 54 հատ ավտոմեքենա:
Այս փաստը տարօրինակ է, որովհետեւ եթե ավտոմեքենաները քաղաքապետարանը սեփականության իրավունքով է ձեռք բերել, ապա նախ՝ դրանց արժեքը շուկայականից էապես տարբերվում է: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանը գնել է «ԳԱԶ-3110»՝ 800 հազար դրամով, «Հոնդայի-Սոնատա»՝ 1 մլն դրամով, «Տոյոտա/Քեմրի»՝ 700 հազար դրամով, «Վազ 2106«՝ 360 հազար դրամով, 2 հատ 2107` 840 հազար դրամով, 2 հատ «Վազ 21101»՝ 1 մլն 100 հազար դրամով, 2 հատ «Գազ 3110»՝ 1 մլն 100 հազար դրամով, «Նիվա»՝ 500 հազար դրամով եւ այլն:
Այս մեքենաները ձեռք բերելու համար հայտարարվել է մրցույթ. մասնակցել են չորս ընկերություն՝ «Մ-Բի-Ռ», «Գուրիկ» «Սամավտո», «Նիկնելս» ընկերությունները: Սակայն նշվածներից հաղթողներ են ճանաչվել «Սամավտո» եւ «Մ-Բի-Ռ» ընկերությունները: Տեղեկացնենք, որ «Սամավտո» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, հիմնադիրն է Սամվել Միսակյանը: Իսկ «Մ-Բի-Ռ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, հիմնադիրն է Վարդան Բաղդասարյանը: Գնումները համակարգող Վաչագան Մեժունցը, անդրադառնալով քաղաքապետարանի այս ձեռքբերմանը, «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Քաղաքապետարանը միայն ավտոսպասարկման ծառայություն է ձեռք բերել: Այսինքն՝ Երեւանի 12 վարչական շրջանների ավտոմեքենաների, որոնք գրանցված են, տեխնիկական սպասարկման համար է վճարել: Դրանք չի գնել»:
Սակայն սա ավելի է բարդացնում իրավիճակը, որովհետեւ այս գործընթացը կոռուպցիոն ռիսկի մասին է վկայում: Այն նման է ՀԷՑ-ի կոռուպցիոն սխեմային, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ այն ժամանակ, երբ սակագնի բարձրացման հայտը ուսումնասիրվեց: Մասնավորապես՝ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ավտոմեքենաները ձեւակերպում էին որպես վարձակալություն եւ սպառողի հաշվին իրենք եկամուտներ էին ստանում:
Սակայն այս դեպքում գործ ունենք համայնքային միջոցները սեփական գրպանները ուղղելու վտանգի հետ: Ի՞նչ նպատակահարմարությամբ է պայմանավորված այն փաստը, որ քաղաքապետարանը համայնքի բյուջեի միջոցներով վարձակալում է մի քանի տասնամյակի հնության ավտոմեքենաներ՝ ամսական 80-ից 100 հազար դրամ վարձավճարով: Հնարավոր է արդյոք, որ վարձակալված մեքենաները պատկանում են վարչական շրջանների աշխատողներին, այսինքն՝ այսպիսով քաղաքապետարանը վճարում է, որպեսզի նրանք իրենց իսկ ավտոմեքենաները շահագործեն: Արդյոք այս գործարքն ինքնին կոռուպցիոն երեւույթ չէ: Այս հարցերին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, ով ասաց. «Խոսքը մեքենաների տեխնիկական սպասարկման մասին է. վարչական շրջաններին սպասարկող մեքենաների տեխնիկական սպասարկում: Ցանկացած մեքենայի սպասարկման համար, բնականաբար, գումար է պետք հատկացնել»:
Մինչդեռ լավ կլիներ, եթե քաղաքային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները քաղաքացիների հաշվին բացառապես ծառայողական մեքենաներով երթեւեկելու փոխարեն օգտվեին հանրային տրանսպորտից: Այդպես նրանք ավելի հստակ պատկերացումներ կունենային շարքային քաղաքացիների հոգսերի մասին, եւ, միգուցե, վերջապես կորոշեին նաեւ քայլեր անել դրանց վերացման ուղղությամբ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Արարատ Դանիելյանին մեղադրանք է առաջադվել այն բանի համար, որ նա Անդրանիկ Խոջումյանի կողմից կատարված հանցագործությունը պարտակելու, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 2014թ. ապրիլի 2-3-ն ընկած ժամանակահատվածում Ա. Խոջումյանի, Հովիկ Խեչյանի եւ Գերասիմ Գուլակյանի հետ դեպքի վայրում հավաքել է Ա. Խոջումյանի կրակած գնդակների պարկուճները եւ նետել համալիրի հետնամասում գտնվող տարածք: Ըստ մեղադրանքի՝ այնուհետեւ Հ. Խեչյանի անասնաֆերմայի աշխատակիցներ Թաթուլ Մադաթյանի եւ Յարբեկ Դավթյանի հետ հանել են «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մուտքի դարպասը, կտրել պարսպի վրայի ճաղերը, դրանք տեղափոխել Հ. Խեչյանին պատկանող անասնաֆերմա՝ վերանորոգման նպատակով, որտեղ Արթուր Առաքելյանը դարպասի վրա առկա կրակոցների հետքերը թաքցնելու նպատակով դրանք զոդելով՝ վերանորոգել է, որից հետո վերոհիշյալ անձինք դարպասը տեղափոխել են ռեստորանահյուրանոցային համալիր եւ տեղադրել այնտեղ: Ա. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 334 հոդ. 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ 2014թ. ապրիլի 1-ին Իջեւանի «Իջեւանատուն» համալիրի մոտ կրակոցների գործով Իջեւանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը դատապարտվել է 5, Իջեւանի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանը 4, վերոհիշյալ համալիրի սեփականատեր Ա. Խոջումյանը 6.5 տարվա ազատազրկման: 3-ն էլ բողոքարկել են իրենց դատավճիռը, սակայն քրգործերով ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ