Դեկտեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա Վիգեն Չալդրանյանի` Կոմիտասի հիշատակին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որի հերոսը մտասեւեռված է «Վարդապետի Լռությունը» վեպի ստեղծման վրա: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: «Ժողովուրդ»-ը զրուցել է Համազգային թատրոնի դերասան Վարդան Մկրտչյանի հետ, ով մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսին` Էդգար Նովենցին:
-Վարդա՛ն, Էդգար Նովենցի կերպարում ինքներդ Ձեզ հեշտորեն գտա՞ք: Գլխավոր հերոսի դերը պարտավորեցնող չէ՞ր:
-Ինձ համար սա շատ հաճելի գործընթաց էր: Նովենցը տաղանդավոր մարդ է, ես ինձ այդպիսին չեմ համարում, բայց փորձել եմ մարմնավորել մի քանի շնորհք ունեցող մարդու: Նա բավական բարձր երեւույթ է, փորձել եմ հասնել կերպարիս ետեւից, իհարկե, ռեժիսորի օգնությամբ: Վիգեն Չալդրանյանի հետ մեր համագործակցությունը սկսվեց «Համլետ»-ից: Որպես արվեստագետներ իրար լավ հասկանալուց հետո նա ինձ առաջարկեց Նովենցի դերը: Անկեղծ ասած, ես նմանատիպ կերպարի մասին երազել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Կերպարին նվիրվելու գործընթացը դժվար էր, թե հեշտ, չեմ քննարկում. դա կյանքի մի հատված է, որի ընթացքում մենք Չալդրանյանի հետ եղել ենք մաքսիմալ անկեղծ, չենք փորձել հատուկ քայլերի միջոցով զարմացնել հանդիսատեսին: Ի դեպ, ասեմ, որ ես երաժշտական կրթություն ունեմ եւ ի սկզբանե ծանոթ եմ եղել Կոմիտասին, նրա երաժշտությունը միշտ հնչել է մեր տանը, մի ժամանակ նույնիսկ երգչախումբ էի հաճախում: Կոմիտաս ես երեւի թե հասկանում եմ մի քիչ ավել, քան ուրիշ մի դերասան:
-Վիգեն Չալդրանյանի մեկնաբանությամբ՝ Ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտաս վարդապետին, այլ նրա մեծ լռությունը եղերական 1915 թվականից հետո…Փակագծերը մի փոքր կբացե՞ք:
-Վարդապետի լռությունն իրականում առեղծված էր, պարզ չէր, թե ինչու նա չէր խոսում: Սովորաբար մարդիկ, որոնք տեղափոխվում են հոգեբուժարան, որեւէ կերպ արտահայտվում են, իսկ ո՞ր դեպքում է, որ մարդ ընդհանրապես չի խոսում: Կան վարկածներ, ըստ որոնց Կոմիտասը հոգեբուժարան տեղափոխվելու կարիք չուներ եւ նա մտագարությամբ չի տառապել: Այս հարցի շուրջ ֆիլմում բավականին լուրջ եւ հետաքրքիր ակնարկներ կան: Վարդապետը որեւէ նշան ցույց չի տվել, որից կառչեին ու ասեին, որ այդ մարդը խելագար է: Նա առեղծվածային լռություն է պահել: Եվ այդ լռությունը, ըստ Չալդրանյանի, ունեցել է հեռանկար:
-Էդգար Նովենցն ասում է. «Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի, եւ այսօր աշխարհը խոսում է… »:
-Այո՛, այսինքն՝ բողոքը միայն պատեպատ խփվելով, ինչ-որ գործողությունների դիմելով չէ, որ արտահայտում են. այն կարող է դրսեւորվել նաեւ լռությամբ: Կոմիտասը արժեհամակարգի սիմվոլ է մեզ համար, եւ մենք դեպի այդ արժեհամակարգը գնալու խնդիր ունենք, եթե ցանկանում ենք աշխարհին ներկայանալի լինել: Մեր տեսակը դա է: Դեպի լուրջ արժեքներ վերադառնալու ժամանակն է:
-Գիտենք, որ ֆիլմի անձնակազմով եղել եք Փարիզի Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում, այնտեղ նկարահանվել են դրվագներ Կոմիտասի հիվանդության պատմությունից, նաեւ ծանոթացել եք մի շարք փաստական տեղեկությունների: Ձեզ ամենաշատը ի՞նչն է տպավորել:
-Այն մտասեւեռումը, որ այստեղ եղել է Կոմիտասը… Ինչ վերաբերում է փաստերին, ապա առաջին տպավորությունը, որն ուժգին ազդեցություն գործեց, Վարդապետի հիվանդության պատմությունն էր` գրված նրա բժշկի ձեռքով… Շատ ազդեցիկ էր: Կային բաներ, որոնց ուզում էինք հավատալ, կային բաներ, որոնց չէինք հավատում… Տեսնում էինք այն կոշիկները, այն զգեստը, որ հագել է Կոմիտասը, այն վայրը, որտեղ նա ապրել է: Կար մի ճաշարան, որի մոտ միջին բարձրության ծառեր էին վեր սլանում: Ասում են` Կոմիտասը շատ է սիրել այդ հատվածում զբոսնել: Այսինքն` մարդը անընդհատ ձգտել է դեպի բնությունը:
-Իսկ ֆիլմում ո՞ր տեսարանն է Ձեզնից ամենաշատը էներգիա եւ ջանք խլել:
-Շատ առանձնահատուկ էր հենց Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում անցկացվող նկարահանումը: Այդ ժամանակ մենք «ստոպ»-ի հնարավորություն չունեինք, քանի որ մեզ տվել էին որոշակի ժամանակ` այնտեղ մտնել-դուրս գալու համար: Ամբողջ այդ կտորը, որ կտեսնեք ֆիլմում, նկարահանվել է մեկ դուբլով: Դա մասնագիտական առումով իսկապես բարդ եւ նուրբ պահ էր, որը, կարծում եմ, պատվով ենք հաղթահարել: Ամենակարեւորը, որ կցանկանայի շեշտել, այն է, որ իմ եւ Չալդրանյանի հարաբերությունների հիմքում դրված է հետեւյալը` փոխզիջման չենք գնում. ստացել ենք այն, ինչ ուզեցել ենք եւ երկուսս էլ բավարարված ենք եղել:
«ԱՄԱՆՈՐԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼՈՒՅՍԵՐՆ ԱՆՋԱՏԵԼ»
«Ամանորը հոգս չի, ուղղակի ծանր բան է, հատկապես` խմելու առումով: Դրանից չես փախչի»,-կես կատակ-կես լուրջ ասում է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ովքեր տոնը չեն նշում, ֆինանսական խնդիրներ ունեն. «Նույնիսկ այն մարդը, ով ասում է` ամանորյա սեղանին ավելորդ ճոխություններ հարկավոր չեն, ցուցադրելու բան չկա, մեկ է` էլի ինչ-որ հրաշքով եթե գումար է աշխատում, պատկերացումները փոխվում են: Մերոնք, ամեն դեպքում, գումարից են խեղճանում»:
Պարոն Զորիկյանի խոսքով` իրենք Ամանորը միշտ նշում են ընտանիքով, հիմա արդեն նաեւ` իր փոքրիկ թոռնուհու հետ:
Երգահանի մոտ Նոր տարվա վերաբերյալ հիշողությունները շատ վառ են: Նա պատմեց, որ երբ իր երեխաները փոքր են եղել, ամեն տարի դերասան ընկերներից մեկը Ձմեռ պապիկի շորերը հագին գնացել է իրենց տուն ու ուրախացրել փոքրիկներին. «Մի տարի, օրինակ, երջանկահիշատակ Կարեն Ջանգիրովն էր Ձմեռ պապը: Որ ընկերս տվյալ տարում Ձմեռ պապիկի գործ էր անում, անպայման մեր տուն էլ էր մտնում: Հետո երեխաներս նրանց ճանաչում էին իրենց կոշիկներով, ասում էին` էն մարդը Ձմեռ պապիկի կոշիկներն է հագել»:
Է. Զորիկյանի մոտ ամանորյա ամենավառ տպավորությունները կապված են ընտանիքի եւ ընկերների հետ. «Դեռ հովհարային անջատումները չէին սկսել, այդ տարվանից անմիջապես հետո սկսեցին մութ ու ցուրտ տարիները… Այդ Ամանորի ամենամեծ նվերն այն էր, որ առանց պայմանավորվելու` բոլոր երաժիշտ ընկերներս հավաքվել էին մեր տանը: Օրինակ` Վահան Արծրունին էր եկել` բանջոյով, մեկ ուրիշը` շրթհարմոնով, նրանք դրել էին Ձմեռ պապիկի գլխարկներ, ինչ-որ ծրագիր էին հորինել, երգեր կատարելով եկել մեր տուն: Այդ Նոր տարին բացառիկ էր, ստանդարտներից դուրս»:
Երբ ասում են Ամանոր` Է. Զորիկյանը պատկերացնում է ձյուն եւ լուսավորություն. «Ասում են` եթե նույնիսկ դուրս ես գալիս, չի կարելի տան լույսերն անջատել: Պետք է բոլոր սենյակների լույսերը վառած պահես, որ բարին քեզ նկատի, այլապես եթե Ձմեռ պապը Ամանորի գիշերը շրջի` նվերներ բաժանելու համար, ու տեսնի, որ քո տան լույսերն անջատված են, կմտածի, թե այնտեղ մարդ չկա, կամ որ դու քնած ես: Սա, իհարկե, ունի երկրորդային իմաստ. հարկավոր է հոգու լույսերը միշտ վառ պահել…»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ