Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է սարկավագական ձեռնադրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, որի ընթացքում կատարվել է նաև սարկավագական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Դեկտեմբերի 25-ին`երեկոյան, հատուկ արարողակարգով նախապես տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության տվչության արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի 31 սաներ ստացել էին դպրության, 14-ը` ուրարակրության, իսկ 20-ը` կիսասարկավագության աստիճան:

Ստեփանոսի բերկրառատ տոնի առիթով, օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Վարդան Սրբազանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացել են Գևորգյան Հոգևոր ճեմարանի և Քահանայից պատրաստության լսարանի 20 սաներ:

Սրբազան Հայրը Ձեռնադրության Ս. խորհրդից հետո ներկայացրել է տոնի իմաստն ու Ս. Ստեփանոսի նահատակության պատմությունը` նշելով, որ Հայ Եկեղեցին այսօր ոգեկոչում է Ընդհանրական Եկեղեցու առաջին նահատակ Ս. Ստեփանոսի հիշատակը, ով իր կենարար արյամբ Քրիստոսի Եկեղեցու հիմքերն ամրացրեց:

Անդրադառնալով Ղուկաս Ավետարանչի կողմից Գործք Առաքելոցում ներկայացված պատմությանը` Վարդան Սրբազանը կարևորել է, թե ինչպե՛ս են առաքյալներն ընտրել առաջին յոթ սարկավագներին, ովքեր առանձնանում էին մաքուր վարքով, առաքինի և աստվածահաճո գործերով:

«Նրանցից մեկն էր Ս. Ստեփանոս սարկավագը, որ իր առաքինասեր ընթացքով, հավատքի ամուր վկայությամբ կարողացավ քաջ լինել, չվհատվել, հույսը չկորցնել, այլև Տիրոջը վկայություն մատուցել անգամ սեփական արյան գնով:

Այսօր այդ մեծագույն սրբի` մեր Եկեղեցու հոգևոր գարնան հիշատակության օրն է, և ամենքս վկան ենք Հայ Եկեղեցու պայծառացման ու հաղթարշավի ընթացքին` հերթական կենդանի վկայությանը», – ընդգծեց Սրբազան Հայրը:

Դիմելով նորաձեռնադրյալներին` Սրբազան Հայրը կոչեց նրանց հետևելու Ս. Ստեփանոսի մարտիրոսական, խորհրդավոր, անսակարկ, ազնիվ, հեզ ու մաքուր հոգևոր ծառայությանը:

«Ս. Ստեփանոսի տոնը թո՛ղ դառնա հոգեփոխիչ մի իրականություն, թո՛ղ դառնա Աստծո շնորհների առատորեն հեղման մեծագույն հնարավորությունը բոլորիդ կյանքում… Հոգու մեծագույն ուրախություն է, որ այս հոգևոր մթնոլորտում  դուք այսօր կանչվեցիք, պատիվն ստացաք Ս. Էջմիածնի առաքելության մեջ ձեր ծառայությունը միախառնելու, որը թող լինի աստվածանման: Աստվածային և երկնավոր շնորհները երկնքից հեղվեցին ձեր կյանքի մեջ, բազկատարած հրաժարում կատարեցիք աշխարհից և այլևս պատկանում եք Աստծո խորանի ու մեր ժողովրդի ծառայությանը: Թո՛ղ ձեզանում աշխարհայինը փոխակերպվի Քրիստոսի անձով, Քրիստոսի նմանությունը թող ձեր մեջ պտղաբերի ոչ թե խոսքով, այլ այն վկայությամբ, որ պիտի խոսեք ու երգեք, ծառայեք, խնկարկեք. պիտի հրավիրեք մեր հավատացյալերին, որպեսզի մասնակցեն Հայ Եկեղեցու կյանքին: Ծառայությունն ինքնանվիրում, համբերատարություն է, ուրախություն է, երբ այդ լուծը քաղցրանում է հավատքի կյանքով: Ձեր կյանքը թող համակ նվիրում դառնա մեր Եկեղեցուն, ձեր կյանքը թող հոգևոր ու սոցիալական ծառայություն դառնա մեր հավատացյալների համար: Աղոթքը թող ձեր շուրթերից երբեք չնվազի, հավատքը թող ձեր սրտերից երբեք չպակասի, և սիրո գործերը` իբրև ստեղծագործ արարումներ, թող ձեզ կայքնում սիրո ճանապարհով աստվածանման դարձնեն: Քայլե՛ք Աստծո ճանապարհով  և սրբերի ուղենշած փորձառությամբ, և թող Ս. Նախասարկավագը, ով իր արյամբ վկայեց Քրիստոսի մասին և իր աչերը հառած` բազկատարած շարունակեց իր աղոթքը, թող ձեր կյանքն այդ աղոթքի զորությունն ունենա, այդ բազուկների արարումն ունենա, և ձեր կյանքի ընթացքը դառնա Տիրոջ համար պտղառատ այգի, որպեսզի ձեր հավատքի գործերը գան նորոգելու այն բոլոր բացերը, որոնք առկա են մեր ժողովրդի հոգևոր կարիքների մեջ»:

Իր խոսքում Վարդան Սրբազանն անդրանիկ սարկավագական ձեռնադրություն կատարելու կապակցությամբ իր որդիական երախտագիտությունը հայտնել է Գարեգին Բ Հայրապետին` ուրախությամբ ընդգծելով, որ Հայ Եկեղեցին այս ձեռնադրությամբ ավելի է երիտասարդանում, պայծառանում և առավել որակայալ է դառնում նաև հոգևոր Եկեղեցին:

Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա ժողովուրդը հնարավորություն են ունեցել համբուրելու տոնի առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից հանված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից ճառագող օրհնությունը:

Հավարտ Պատարագի սրբազան արարողության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի բոլոր սարկավագներին ու նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի:
Այս առիթով սարկավագաց դասը երգեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղը, ապա Նորին Սրբությունը, շնորհավորելով սարկավագներին, իր հայրապետական պատգամը փոխանցեց նրանց:

Անդրադառնալով Ս. Ստեփանոսի առաքինի ու աստվածընկալ կերպարին` Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորաբար ասաց. «Հայ Եկեղեցում այսօր ուրախության և ցնծության օր է, և հոգու բերկրանքը տարածվում է յուրաքանչյուրիս սրտից ներս: Մենք միասնաբար տոնախմբում ենք Ս. Ստեփանոսի տոնը: Նա պատկառելի անձ էր, ով եղավ առաջին մարտիրոսն ի սեր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի` հաղթության ուղին հարթելով Սուրբ Եկեղեցու համար: Առանձնակի կարևորությամբ ենք նշում այս տոնը, որպեսզի Ս. Ստեփանոսի նահատակության աստվածահաճո խորհուրդը խորությամբ ընկալվի բոլորի կողմից: Ս. Ստեփանոսի բարի օրինակով Հայ Եկեղեցում սպասավորող սարկավագներն իրենց առաքելատիպ վարքով պետք է ապահովեն Տիրոջ Ս. Եկեղեցու առաքելության շարունակականությունը»:

Նորին Սրբությունը մաղթել է, որ սարկավագաց դասը ներշնչվի ու ոգևորվի քաջ Նախասարկավագի` նվիրումի, մարտիրոսանալու լուսազարդ կերպարով, որպեսզի Ս. Ստեփանոսի անկոտրում ոգին առաջնորդող լինի իրենց ստանձնած առաքելության և եկեղեցագործության ողջ շրջանին:

Վեհափառը վստահություն հայտնել է, որ նորաձեռնադրյալները, լրացնելով սարկավագների շարքերը, պետք է իրենց անսակարկ ծառայանվիրումով շենացնեն Հայ Եկեղեցին` աստվածօրհնյալ առաքելություն իրականացնելով հայ ժողովրդի համար:

Իր գնահատանքն ու բարեմաղթանքները փոխանցելով սարկավագներին` Նորին Սրբությունն առ Աստված աղոթք բարձրացրեց, որ Տերն Իր աստվածային իմաստությունը բաշխի վերջիններիս, որպեսզի սարկավագաց դասը ներկայացնող ամեն մի սարկավագ աղոթական կյանքով, արթուն մտքով իր վրա հանապազ աշխատանք տանի` սեփական անձն ավելի զորավոր դարձնելու համար և անմնացորդ սիրով ու սպասավորության երախտարժան ոգով շարունակի ծառայություն մատուցել Հայ Եկեղեցուն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 166 միաբան սարկավագ, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսում են առնում 38 սարկավագներ:




Լրահոս