ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածվում:

Ստեփան Սարգսյան (48 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր, պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկել գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն տրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնել իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկել գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց 2 ամիս հետո գրավառուն իրավունք ունի գրավատուի անունից իրացնել գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` գրավ ասվածը կռվախնձոր է, եւ երբ դրա տնօրինման իրավունքն իրական տիրոջից անցնում է մեկ ուրիշի, կոնֆլիկտն անխուսափելի է դառնում:




Լրահոս