ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Երեւանի կենտրոնում հաճախ են հանդիպում նման դատարկ խցիկներ, որոնք իրականում այլ գործառույթ պետք է իրականացնեն: Այս խցիկում պետք է տեղադրված լիներ քաղաքային հեռախոս, սակայն ինչպես երեւում է՝ այն դատարկ է:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե կենսաթոշակառուն մահացել է եւ չի հասցրել ստանալ իրեն հասանելիք կենսաթոշակի գումարը, ապա ո՞ւմ եւ ի՞նչ կարգով է վճարվում այն: Եվ խնդրում եմ ասեք՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում ի՞նչ հիմքով եւ ի՞նչ չափով է վճարվում թաղման նպաստը:
Մարինե Ֆեռոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխայի՝ անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին, եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:
Թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանվել է 200.000 դրամ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ կենսաթոշակը կարող է վճարվել կենսաթոշակառուի տված եւ նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը եւ լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ապաստան հայցողներին ի՞նչ է տրամադրվում: Որտե՞ղ են նրանք բնակվում մինչ կարգավիճակ ստանալը:
Երանուհի Հայրապետյան (67 տարեկան, նախկին մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայության ենթակայությամբ գործում է հատուկ կացարան, որը նախատեսված է Հայաստանում ապաստան հայցող անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տեղավորելու համար: Հատուկ կացարանում բնակվող անձանց տեղաշարժի ազատությունը չի սահմանափակվում: Նրանք կարող են բնակվել կացարանում մինչեւ ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը ներառյալ՝ մերժման որոշման դատական կարգով բողոքարկման ավարտը: Հատուկ կացարանում բնակության ողջ ընթացքում տրամադրվում է սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում՝ հագուստ եւ կոշիկ:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող անձանց թիվը կազմել է 76, որոնցից 10-ը մերժում են ստացել: Ի դեպ, ստացված դիմումներից 22-ն էլ կասեցվել կամ կարճվել են: