Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաճումը լայնամասշտաբ ռազմական բախումների՝ կբոցավառի ամբողջ Կովկասը, ինչը չի կարելի թույլ տալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՀԱՊԿի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք մեծ տագնապով ենք հետեւում, թե այսօր ինչ է տեղի ունենում Կովկասում, հատկապես ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, շփման գծում, որտեղ արդեն կիրառվում են ծանր սպառազինություններ, տանկեր, կան մարդկային կորուստներ»,-ասել էԲորդյուժան:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿի պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործվի, որպեսզի թույլ չտրվի իրադրության ապակայունացում, որպեսզի բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ ռազմական բախումների:
«Այսօր դա շատ սարսափելի հեռանկար է, որովհետեւ կբոցավառվի ամբողջ Կովկասը», ասել է Բորդյուժան:
Նա նշել է, թե հարկավոր է նախ եւ առաջ քաղաքական մեթոդներով, այդ թվում՝ օգտագործելով պետությունների ղեկավարների հեղինակությունը, թույլ
չտալ իրադրության հետագա բարդացում: «Ընդհակառակը, հարկավոր է հանդարտեցնել իրադրությունը, դադարեցնել գնդակոծումները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ծանր զենքի կիրառմամբ»,-ասել է ՀԱՊԿի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ նշել է, որ 2016 թվականին Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿի երկրների հատուկ նշանակության ուժերի լայնամասշտաբ վարժանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: