ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴ ԿԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովում Հայաստանի ժողովրդագրական վիճակին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ Մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն` Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ: Պատգամավորը, արտահայտելով իր մտահոգությունները, առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվել  է` արդյոք կա Հայաստանում սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն: Անտեղյակ պաշտոնակատարը զարմացել է:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` ինչո՞ւ է արտերկրից սերմնահեղուկ ներկրելու անհրաժեշտություն առաջացել: Հայաստանում տղամարդ չկա՞, թե՞ առողջապահության նախարարն է ապազգային գործունեություն ծավալում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չգիտեմ` նման բան կա, թե չկա, պետք է նախ հասկանանք, ստուգենք: Եթե նման բան կա, նոր համապատասխան վերլուծություն անենք կամ գնահատական տանք, թե չէ այսպես եթե-ներով չի կարելի առանց փաստը ստուգելու տրամաբանել: Կրկնում եմ` ես կստուգեմ այդ տեղեկությունը, նոր կկարողանամ հստակ գնահատական տալ:
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ 
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական 
հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՊԱՏԱՍԽԱՆ.  Ես վստահ եմ` Հայաստանում ավելի քան տղամարդ կա, եւ չեմ կարծում, որ այդ ամենի անհրաժեշտությունը կա: Չեմ բացառում, որ սերմնահեղուկ ներմուծելն ինչ-որ մեկի` բիզնեսով զբաղվելու ցանկությունն է, եւ չեմ էլ բացառում, որ սա նաեւ առողջապահության նախարարության համակարգի հետ է կապված ու վերջին հաշվով ազգային անվտանգության խնդիր է առաջացնում: Սա մեր պետության, մեր սերնդի եւ մեր ապագայի համար լուրջ վտանգ պարունակող հարց է: Կարծում եմ, որ այս տիպի բիզնես ծրագրերն օրորոցում պետք է սպանել: Այն խնդիրը, որը վեր է հանել Արծվիկ Մինասյանը, իսկապես լուրջ է, եւ դրանով պետք է զբաղվի ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարությունը, այլեւ ՀՀ ազգային անվտանգությունը: Մենք տարիներ հետո լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ: Մարդը գնում է հղիանալու՝ չիմանալով, թե ինչ սերմնաբջիջ է իր մեջ դրվում, եւ ինչ ազգի երեխա է ունենալու: Սա նաեւ մարդու իրավունքների խախտում է:
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական 
հանձնաժողովի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 536 համար




Լրահոս