Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հյուրընկալել է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական ոլորտների ու երիտասարդության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետը նկատել է, որ հանդիպումն այս, միմյանց շնորհավորելու ու բարեմաղթելու հնարավորությունից բացի, առիթ է նաև միասին հետադարձ հայացքով վերլուծելու տարվա ընթացքում արվածն ու գնահատելու ձեռքբերումները:

«2015 թվականը Երևանի համար եղավ բազում հաջողությունների և ձեռքբերումների տարի: Շնորհիվ միասնական ու սրտացավ աշխատանքի, անցնող տարին թե՛ կրթության և մշակույթի, թե՛ առողջապահության ու սոցիալական ոլորտների, և թե՛ սպորտի զարգացման համար իսկապես հաջողված տարի էր: Արդյունավետ էին նաև երիտասարդության ու հասարակական կազմակերպությունների հետ իրականացված ծրագրերը: Ձեզ հետ միասին մենք առաջընթաց արձանագրեցինք բոլոր ոլորտներում ու լուծեցինք տարիներ անլուծելի թվացող մի շարք խնդիրներ: Ուստի, տոնական այս առիթով ուզում եմ ոչ միայն շնորհավորել գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, այլ նաև շնորհակալություն հայտնել ձեր նվիրված ու բարեխիղճ աշխատանքի և ձեր մասնագիտական հմտություների ներդրման համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ առանձնակի կարևորելով յուրաքանչյուրի ներդրումը տարբեր ոլորտներում 2015 թվականի ընթացքում կատարած մեծածավալ, արդյունավետ աշխատանքի ու գրանցած ձեռքբերումների համար:

«Ձեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունն է ունեցել մեր ջերմ ու բարի քաղաքն ավելի լավը, ավելի գրավիչ ու հարմարավետ դարձնելու գործում և, վստա՛հ եմ, նույն եռանդով ու սրտացավությամբ միասին պիտի շարունակեք աշխատել նաև հաջորդ ու հաջորդող տարիներին: Կրկին շնորհավորելով առաջիկա տոների առթիվ՝ մաղթում եմ, որ 2016 թվականը երջանկության, սիրո, համերաշխության ու բարեկեցության տարի լինի բոլորիս համար: Թող նոր տարին խաղաղություն բերի մեր երկրին, մայրաքաղաքին և բարօրություն՝ բոլորիս ընտանիքներին»,-նշել է քաղաքապետը:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար «Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Մելքոնյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար հ. 141 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Լուսինե Մատինյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով: Մանկավարժության ոլորտում ունեցած հաջողությունների և ներդրած ավանդի համար «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով է պարգևատրվել նաև Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Եպրաքսյա Կարապետյանը:

Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ տարվող աշխատանքներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Գառնիկ Սարոյանը: Ծննդյան 60-ամյակի առթիվ, ինչպես նաև սպորտի բնագավառում ունեցած հաջողությունների համար Սամվել Ղասաբօղլյանը ևս պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ծննդյան 85-ամյակի առթիվ, երեխաների գեղարվեստական մտքի և ճաշակի զարգացման գործում ունեցած ներդրման համար բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը նույնպես արժանացել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ակադեմիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Կարեն Ռաշիդյանը և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ևս պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, համապատասխանաբար, հայրենական ճարտարապետության զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության և թանգարանային արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար:

Տարբեր ոլորտների մի խումբ աշախատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյան, առիթն օգտագործելով, գրադարանի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Ավետիք Իսահակյան» նորաստեղծ հուշամեդալով պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետն առաջինն է, ով արժանանում է այս պարգևին, ինչը նաև մայրաքաղաքի գրադարանների աշխատակիցների յուրովի երախտիքն է Տարոն Մարգարյանին՝ վերջին տարիներին գրադարանների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի և ուշադրության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս