Մայքրոսոֆթը կմասնակցի ՏՏ ոլորտի կրթական ծրագրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը: Շեշտելով, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն՝ նախարարը կարևորել է կրթության և գիտության նախարարության համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ:

Մասնավորապես, որոշ ավագ դպրոցներում ՀՀ ԿԳՆ-ի, «Վիվասել ՄՏՍ», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունների համագործակցությամբ մեկնարկել է միկրոէլեկտրոնիկայի զարգացման միջազգային ծրագիր, որի շրջանակում դպրոցներում փորձնական ներդրվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ուսուցումը: Գալիք տարում նախատեսվում է ծրագրի ընդլայնում, բացի այդ, ՀՀ ԿԳ նախարարը ծրագիրը կներկայացնի հունվարին Լոնդոնում կայանալիք Գլոբալ կրթական ֆորումին:

Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց առաջարկությունն են ներկայացրել՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու պետական ծրագրում մասնակցություն ունենալու վերաբերյալ: Նախարարը տեղեկացրել է, որ պետության կողմից «Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ» ծրագիրը Վայոց Ձորի մարզում արդեն մեկնարկել է. «Կրթության և գիտության նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի լինեն մի քանի առաջարկներ, և մենք հնարավորություն ունենանք մրցակցության արդյունքում կատարել ավելի լավ ընտրություն»,- նշել է Ա. Աշոտյանը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում Մայքրոսոֆթ ընկերության կողմից ամբողջական առաջարկություն ներկայացնելու, ինչպես նաև փորձնական ծրագրում ընդգրկվող դպրոցների ցանկը ճշգրտելու վերաբերյալ: Այս ընթացքում ընկերությունը, համագործակցելով ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ,՝ աշխատանքներ կտանի համակարգիչների տեխնիկական պարամետրերի և կրթական բովանդակության համապատասխանեցման, ինչպես նաև հայաֆիկացման ուղղությամբ:




Լրահոս